«Հրապարակ». Պետք է դիտարկել, թե որքանով է ՀՀ արտաքին քաղաքականությունը համաձայնեցված եղել Արցախի իշխանությունների հետ

«Հրապարակ». Պետք է դիտարկել, թե որքանով է ՀՀ արտաքին քաղաքականությունը համաձայնեցված եղել Արցախի իշխանությունների հետ

Ադրբեջանական բլոկադայի հետեւանքով սովի մատնված Արցախի քաղաքական էլիտան շարունակում է պայքարը նախագահի աթոռի համար։ Արցախի խորհրդարանի բոլոր ուժերը, բացի Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունից, սատարում են մի քանի օր առաջ պետնախարար նշանակված, նախկինների հետ ասոցացվող Սամվել Շահրամանյանին։ «Հրապարակի» հետ զրույցում Արցախի նախագահին կից, վերջերս լուծարված հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը երեկ ասաց, որ Շահրամանյանի ընտրվելու դեպքում քաղաքացիական պատերազմ կսկսվի, իսկ դրա ողջ պատասխանատվությունը կմնա Արայիկ Հարությունյանի վրա։ Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր դեմ են նախկինների վերադարձին, ավելի կոնկրետ՝ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ Փաշինյանի հետ աշխատած Արայիկ Հարությունյանին, դրա դեմ ընդվզելով՝ դուրս են գալու փողոց։  Արցախում ստեղծված իրավիճակի, հնարավոր բախումների, արցախահայության ճակատագրի եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Լաչինի միջանցքի փակվելուց հետո Երեւանում մնացած Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի հետ։

- Տիգրան Պետրոսյանը վստահեցնում է՝ Սամվել Բաբայանը, ով դեմ է Սամվել Շահրամանյանի՝ նախագահ դառնալուն, չի լռելու, բանը հասնելու է քաղաքացիական պատերազմի․ դա հնարավոր համարո՞ւմ եք, եւ ինչպե՞ս են կանխվելու հնարավոր բախումները։

- Տիգրան Պետրոսյանն Արցախում ակտիվ հասարակական գործունեություն է իրականացնում, չէի ցանկանա նրա մասին այլ բաներ խոսել։ Չգիտեմ, թե նա որտեղից է հասկացել, որ Շահրամանյանի ընտրվելու դեպքում բախումներ կլինեն, գուցե ունի հիմնավորումներ ու վերլուծություններ։ Մենք չենք ուզում նման բան եւ հուսով ենք, որ Արցախի կառավարությունն ամեն ինչ կանի՝ բախումներից խուսափելու համար։ 

- Արայիկ Հարությունյանի հրաժարականը Արցախում ոմանք պայմանավորում են արտաքին ուժերի ճնշումներով։ Ո՞վ է պահանջել Հարությունյանից՝ Արցախի համար այսքան կարեւոր փուլում հեռանալ նախագահի պաշտոնից։ 

- Արայիկ Հարությունյանն իր հեռանալու վերաբերյալ բաց հայտարարություն է արել՝ նշելով, որ դա իր որոշումն է։  Իհարկե, եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված երկրում ստեղծված բարդ իրավիճակով, որն առաջացել է ադրբեջանական շրջափակումից հետո։ Բնականաբար, չենք կարող բացառել նաեւ քաղաքական այլ հարցեր։ 

- Ինչո՞ւ արցախցիները դադարեցին վստահել Արայիկ Հարությունյանին, եւ որտեղի՞ց է այն վստահությունը, որ ընդունելի կլինի Սամվել Շահրամանյանը, ով, այսպես ասած, Հարությունյանի կադրն է։

- Պետք է տարանջատենք հասարակության լայն շերտերին` քաղաքական հետաքրքրություններ եւ ամբիցիաներ ունեցող ուժերից։ Երկրում ստեղծվեց հասարակական դժգոհությունների ալիք, որն ուղղվեց կառավարության եւ պետության դեմ։ ԱՀ պաշտոնատար անձինք աշխատել են մաքսիմալն անել, բայց մենք խնդիր ենք ունեցել նաեւ արտաքին աշխարհի խաղացողների հետ, որոնք որեւէ գործուն քայլ չձեռնարկեցին՝ ստեղծված իրավիճակը մեղմելու համար։ 

- Կոնկրետ ո՞ր երկրներին նկատի ունեք, Ռուսաստանը, օրինակ, բավարար ջանքեր գործադրե՞լ է՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար՝ լինելով նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկը։ 

- Ռուսաստանի Դաշնության գործողությունները դատում եմ ըստ այդ երկրի արած հայտարարությունների։ ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարություններ է արել՝ Ադրբեջանից պահանջելով բացել Լաչինի միջանցքը։ Առայսօր այդ հայտարարությունները որեւէ արդյունք չեն տվել։ 

- Եթե անգամ ռուսը չի կատարում իր պարտավորությունները, ապա արցախահայությունն ո՞ւմ վրա պիտի հենվի։ 

- Մենք մեզ վրա պետք է հույս դնենք, բայց հարկ է նշել նաեւ ՀՀ կառավարության, ՌԴ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած դիվանագիտական բանավեճը։ ՌԴ-ն իր ոչինչ չանելը հիմնավորում է նրանով, որ Հայաստանի ղեկավարն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ այդպիսով նրանց տալով մեծ հնարավորություններ։ 

- Իսկ Դուք այդպես համարո՞ւմ եք եւ, առհասարակ` Փաշինյանին մեղավոր համարո՞ւմ եք։

- Մենք պետք է հասկանանք մի փաստ՝ որքան էլ Հայաստանի կառավարության ղեկավարն արել է Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու մասին հայտարարություններ եւ պատրաստակամություն հայտնել խոսքն ամրագրել փաստաթղթում, Ադրբեջանը չէր գնալու այդ ճանապարհով։ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն, նա տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ 

- Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Փաշինյանն է մեղավոր Արցախում ստեղծված իրավիճակի համար։ 

- Մեղավոր է, թե ոչ՝ հարցը պետք է դիտարկենք այն տեսանկյունից, թե որքանով է ՀՀ արտաքին քաղաքականությունը համաձայնեցված եղել ԱՀ իշխանությունների հետ, հայտարարությունները որքանով են համաձայնեցված եղել մեր իշխանությունների հետ։ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու մասին հայտարարությունը Փաշինյանն արել է՝ ակնկալելով, որ խաղաղություն կլինի։ 

- Իսկ Փաշինյանի կողմից արված՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունը համաձայնեցվե՞լ էր Արցախի իշխանությունների հետ։

- Ոչ, համաձայնեցված չի եղել, այդ հայտարարությունը եղել է արցախյան եւ հայաստանյան ներքին լսարանի համար արված էմոցիոնալ հայտարարություն։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիա Սարգսյան