Պետք է ազատ արձակվեն այն բոլոր գեներալները, ովքեր կալանքի տակ են և վերադառնան բանակ

Պետք է ազատ արձակվեն այն բոլոր գեներալները, ովքեր կալանքի տակ են և վերադառնան բանակ

Արցախի պետականության անկման, ընդդիմության պայքարի շուրջ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյան հետ։

- Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից եւ Արցախի հայաթափմանը զուգահեռ Երեւանում ակցիաներ սկսվեցին, մարդիկ դուրս եկան փողոց, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայտարարվեց` Ազգային կոմիտե ստեղծելու մասին, որը սկսեց կազմակերպել այդ ակցիաները: Բայց մի քանի օրից այդ պայքարի ուժգնությունը նվազեց եւ վերջին հանրահավաքին մասնակցողների թիվը շատ ավելի քիչ էր, քան նախորդներինը։ Ձախողվե՞ց պայքարը, ի՞նչն է պատճառը։

- Առաջին հերթին պասիվությունը պայմանավորված է քաղաքացիների հիասթափությամբ, բայց հաշվի առնելով այս օրերին մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակը` արցախցիների բռնի տեղահանման հետ կապված աշխատանքները, որում մասնակցություն են ունենում այն մարդիկ, ովքեր այդ օրերին հրապարակում էին, և շաբաթ օրն էլ հրապարակում այդքան մարդ կար, նշանակում է, որ հասարակությունը հավաքական առումով անտարբեր չէ, հատկապես Արցախի շուրջ` Արցախի նախագահի արձակված վերջին հրամանից հետո, որով փաստացի հայտարարվեց հանրապետության լուծարման մասին։ Մի հրաման, որը խնդրահարույց է նաև իրավական տեսանկյունից, մասնավորապես նախագահը լիազորություն չունի նման հրաման արձակելու, հանրապետություն լուծարելու համար։ 

«Ազգային կոմիտեից» հանրային հավաքական դժգոհությունը, եթե մեկ բառով փորձենք բացատրել, ապա պլանի բացակայություն է։ Մարդիկ, ովքեր գալիս են Արցախի փրկության հույսով, ինչ-որ գործողություն ակնկալելով, հուսախաբվում են։ Քաղաքացիները շատ լավ գիտեն, թե ով է այս իրավիճակի թիվ մեկ մեղավորը, նա ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և իր վարչակազմը։ Մարդ, որ 2018-ից Հայաստանը և Արցախը կանգնեցրել են գոյաբանական խնդիր առջև, և այսօր մեծ ցավով պետք է փաստենք, որ այս վարչակազմի պատճառով կորցրեցին Արցախը։ Հիմա այս մարդիկ, որ հավաքվում են և ուզում են իրենց պահանջը ներկայացնի կոմիտեն` հստակ գործողություններով, բայց գործողություններ չի առաջարկվում, մարդկանց մոտ առաջացնում է դժգոհություն։ Եվ այսպես շարունակելու դեպքում մարդկանց բողոքը մարելու է այնքան, որ մնալու է մեկ մարդ և այդ մեկ մարդը կլինի «Ազգային կոմիտեից», որը մենակ կանգնած կլինի հարթակում։ Իսկ երբ ձախողվի այն, դա լինելու է տապանաքարն այն պայքարի, որը սկսվել էր ժողովրդի կողմից` հստակ պահանջով։ Բայց սա չի նշանակում, որ կոմիտեի ձախողմամբ չեն կարող լինել նոր շարժումներ։ Հստակ պլան, ռազմավարություն ունենալու դեպքում ցանկացած ընդդիմադիր ուժ ունենալու է հաջողություն։ Հստակ պահանջը մեկն է. Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի հեռացումը, որպեսզի կարողանանք փրկել այն ամենը ինչը դեռ կա։ 

- Նոր իշխանությունը կարողանա՞ բանակցել Արցախի շուրջ, նրա կարգավիճակի մասին: Այն մասին, որ մարդիկ կարողանան գնալ և ապրել` պահպանելով Արցախը, որը դարեր շարունակ եղել է հայկական: Մենք տեսնում ենք, որ շատ արցախցիներ պատրաստ են վերադառնալ։ 

- Միանշանակ հնարավոր կլինի։ Մեր հասարակության անտարբերության պատճառներից մեկ էլ այն է, որ վերջին 5 տարին իշխող վարչակազմի կողմից տարվել է քարոզ, որ մենք զենք չունեն` ինքներս մեզ պաշտպանելու համար և չենք կարող լուծել մեր անվտանգային խնդիրները։ Բայց, հաշվի առնելով, որ մենք ունենք կանոնավոր բանակ, որի ներուժը այս իշխանությունները չեն օգտագործել, և իշխանափոխության պարագայում առաջին քայլը, որ պետք է արվի դա ռազմաքաղաքական ձևավորումներից բաղկացած միավորներ ստեղծելն է։ Պետք է ազատ արձակվեն այն բոլոր գեներալները, ովքեր այս օրերին կալանքի տակ են, և պետք է վերադառնան բանակ։ Իմ կարծիքով, Հայաստանը իր այսօրվա մարտահրավերները կարող է կանգնեցնել իշխանափոխության պարագայում, երբ ձևավորի ռազմաքաղաքական իշխանություն։ Ավելի պատկերավոր ասած, իշխանության գան մարդիկ, ովքեր քաղաքական դեմքեր չեն, այլ մարդիկ, ովքեր անցել են բանակային կյանքի բովով։ Նման իշխանության ձևավորման պարագայում, մենք կարող ենք կանխել նաև տարածաշրջանում ռազմական գործողությունների թատերաբեմ դառնալու անցանկալի սցենարը։

- Իսկ իշխանափոխության դեպքում Հայաստանի և Արցախի դաշնակիցներ կգտնվե՞ն, ովքեր կլինեն Հայաստանի կողքին և Արցախը կրկին հայկական բնակչությունով ապահովելու անվտանգության երաշխիքներ կտան ու կաջակցեն։ 

- Եթե դաշնակիցներ ասելով նկատի ունեք այն երկրները, ում հետ դաշնակցային հարաբերություններ կարելի է կազմել անվտանգային առումով, իհարկե, կարող են գտնվել։ Պարզապես ՀՀ-ն ներկայացնող ադեկվատ բանակցող է անհրաժեշտ, ով հնարավորություն կունենա առաջին հերթին ներուժ, կամք, ցանկություն, գիտելիք, փորձ ունենալ դրսում մեր երկիրը ներկայացնելու համար` հայկական շահը առաջ տանող, ոչ թե պարտվողական օրակարգ առաջ տանելով` ներկայացնի Հայաստանը: Չենթարկվելով թուրք-ադրբեջանական օրակարգին, ինչով զբաղված է այսօրվա իշխանությունը, իր իշխանությունը ապահովելու համար։ Այս հանգամանքը պետք է հստակ հասկանա նաև մեր հասարակությունը։ Նաև պետք է ասեմ, որ այս ամենը չպետք է լինի մեկ մարդու պատասխանատվության վրա, նոր կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից, ովքեր բավարար ներուժ ունեն, ձևակերպի մեր ազգային շահերը նաև արտաքին աշխարհի համար և կոլեգիալ կառավարման միջոցով հնարավորություն կունենանք գրանցել հաջողություններ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի համար։ Այսպիսի կառավարման համակարգ ունենալու դեպքում մենք կարող ենք հստակ խոսել և՛ Արևմուտքի հետ, և՛ Ռուսաստանի, և՛ մեր հարևանների հետ։ Մեր հարևաններից Իրանի հետ ճիշտ բանակցելու դեպքում կարող ենք նաև ռազմական աջակցություն ստանալ, նույնիսկ այն պարագայում, որ Իրանը խոր խնդիրներ ունի հավաքական Արևմուտքի հետ։ 

Կարեն Քերիմյան