Հայաստանը կառափնարան են տանում․․․

Հայաստանը կառափնարան են տանում․․․

Ատելությունը վերաբերմունք է։ Ատելությունից  էլ ավելի սարսափելի բան կա՝ անտարբերությունն է։ Դա այն է, երբ մարդու մեջ մեռնում է անգամ ատելու, արհամարհելու զգացումը և մարդը դառնում է անտարբեր։ Մտահոգությունն այն չպիտի լինի, որ մարդիկ միմյանց ատում են, հայհոյում, մտահոգությունն այն պիտի լինի, որ մարդիկ դառնում են անտարբեր։ Դա գիտե՞ք ինչից է գալիս։ Երբ իրենք փրկիչ են ընտրում՝ խաբվելով նրա սուտ խոստումներից ու հանկարծ համոզվում են , որ ,,փրկիչը եկել է կործանելու իրենց,,։ Սկզբում ատում, շատ են ատում այդ ,, փրկչին,, , հետո անցնում են արհամարհանքի փուլը, իսկ վերջում, երբ էլ որևէ վերաբերմունքի, որևէ հույսի ակնկալիք չեն ունենում, անտարբեր են դառնում։ Նա կա՞, թե՝ չկա՞։ Նա խոսու՞մ է, թե՝ լռում։ Միևնույն է։ 

Այսօր Հայաստանն այդ վիճակում է։ Անտարբեր է։  

Անտարբեր է, որովհետև խաբվել է։ Անտարբեր է, որովհետև սպասում չունի։ Անտարբեր է, որովհետև իրենից ոչինչ կախված չի։ Անտարբեր է, որովհետև իրեն ցավ պատճառողը, երկիրը մաս- մաս հանձնողը ինչ- ինչ օտար ուժերի հովանավորչությամբ չի ուզում հեռանալ։ 

Մի նկար էի տեսել, որտեղ մարդը կանգնած է մարդակեր հրեշի  առաջ և չի փախչում։ Կարող է փախչել, բայց չի փախչում։ Իրեն այնքան  անզոր է զգում, որ  չի փախչում։ Սպասում է։  
Հիմա մենք այդ վիճակում ենք։ Սպասում ենք։ Ո՞վ է մեր առաջ կանգնած։ Չգիտենք, չենք ճանաչում։ Ի վերջո ո՞վ է Նիկոլ Փաշինյանը։ Մեկը կարո՞ղ է ասել։ Ի՞նչ է ուզում մեզնից, մեր երկրից, մեր հող ու ջրից, մեր եկեղեցուց ու տնից, մեր զավակներից, մեր անցյալից ու սրբություններից․․․ Մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու՞ է մեր երկրի հիմքն անընդհատ թուլացնում։ Ինչու՞ է Հայաստանի կառավարումը դնում վտիտ ուսերի վրա։ Թաղման արարողությու՞ն է դա․․․ որ երկիրը հասցնեն շիրմափոսին․․․ թե՞ Հայաստանը կառափնարան են տանում․․․

Համատարած անտարբերություն։ Նման վիճակում լինում են այն  մարդիկ, երբ հարազատ մարդուն ճանապարհում են գերեզմանատուն։