Սա խունտա ա, որ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո եկավ-նվաճեց

Սա խունտա ա, որ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո եկավ-նվաճեց

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը` Աննա Իսրայելյանի հաղորդմանը տված հարցազրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախօրեին ասել էր․ «Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»։ Եվ շեշտեց, որ եթե չապացուցվի Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ: «Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին, Իտալիայի խաղից առաջ, գումարներ է հատկացրել, եւ ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, եւ բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբեւէ որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից, որեւէ մեկին գումար չի հատկացնում»,-ասել է Հայրապետյանը։

Մեզ հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանն այս առնչությամբ ասաց․ «Կրկնում եմ՝ ես ամսաթիվը չեմ հիշում, բայց 2012-ին իրենք ներդրում են արել՝ փետրվար ամսին։ Այսինքն՝ մենք փողի հետ կապ չունենք, իրենք մեզ փող չեն տվել։ Ռուբեն Հայրապետյանը ոնց որ խուճապի մեջ է, մոռացել է թվերը։ Ասում ա՝ 2012-ին ներդրում չենք արել․․․ ո՞նց չեք արել։ 280 միլիոն դրամի ներդրում են արել, տաբլոները եւ լուսատախտակի լույսերն ի պահ են տվել մեզ, մենք նրանց հետ 20 տարվա պայմանագիր ենք կնքել, որ Հայաստանի հավաքականը խաղերը պիտի անցկացնի «Հրազդան» ստադիոնում։ Էդ ամենը ինչը փաստերով, ակտերով, ամեն ինչով գրանցված է։ Հիմա ինքն ինչ է արել, ինչ չի արել, ես ի՞նչ կապ ունեմ»։

Ինչ վերաբերում է սուտ մատնությանը, ապա Աղաբաբյանն ասում է․ «Ուրեմն՝ սուտ մատնությունն ինքն է, գործ տվողն էլ է ինքը։ Ես՝ Աղաբաբյան Աշոտս, կյանքում գործ տված չկամ, ու իմ անունը՝ պարզ, մաքուր, ամբողջ հայ ժողովուրդը գիտի։ Ես գնացել, արյուն եմ թափել, որ մեկի վրա գործ տամ կամ չգիտեմ ի՞նչ անեմ․․․ ես իմ հայրենիքիս ծառայել եմ, ծառայում եմ, մինչեւ կյանքիս վերջ էլ ծառայելու եմ։ Մենք ինչ արել ենք «Հրազդան» ստադիոնի համար, արել ենք մեր հաշվին։ Մի բան արվել է ֆեդերացիայի հաշվին, ու դրա համար 20 տարով անվճար ստադիոն ենք տվել։ Եվ ինքն ինչ խոսում է, օդի մեջ է խոսում, ես ինչ խոսում եմ, դրա բոլոր փաստաթղթերն ունենք»։
Աշոտ Աղաբաբյանը հավելեց, որ մոտ 2 շաբաթ առաջ 6-րդ վարչությունը եկել եւ այդ ամենը ստուգել է: Ապա անսպասելի անցում կատարեց Ռուբեն Հայրապետյանի այլ մտքերին․ «Եկավ դառավ Սերժին ընգեր․․․ էդ ո՞նց ա՝ ես Սերժին ընգեր չե՞մ, երբ որ Սերժը հայտարարեց, որ ինքն իմ մարտական ընկերն ա»։

Իսկ Սերժին ընկեր չէ վաղուցվանից՝ տասը տարի առաջվանից։ Թվարկեց․ «Տասը տարի առաջ, երբ ես համաձայն չէի, որ ինքը կուսակցության նախագահ դառնար․․․ էդքան գրում եք, չգիտե՞ք, որ տասը տարուց ավել ա՝ ես Հանրապետական կուսակցության հետ կապ չունեմ, 15 տարուց ավել ա՝ կուսակցության խորհրդի նիստերին չեմ մասնակցում, որովհետեւ դա իմ՝ նավասարդյանական կուսակցությունը չէ։ Սա էս խունտան ա, որ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո եկավ նվաճեց»։

Ավելին՝ Աշոտ Աղաբաբյանը, արձագանքելով կոչերին, որ ՀՀԿ-ն պետք է ինքնալուծարվի, հավելեց․ «Ես կողմ եմ, որ էդ կուսակցությունից էդ մարդիկ հեռանան, իրենցը չհամարեն էդ կուսակցությունը։ Ուրեմն մի բան ասեմ՝ Նիկոլ Փաշինյանն էն արեց, որ նավասարդյանական հանրապետականները պրծան դրանցից»։