Դատական նիստը նշանակված էր կես ժամով. Փաշինյանի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

Դատական նիստը նշանակված էր կես ժամով. Փաշինյանի դեմ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ այսօր դռնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգվեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստը նշանակված էր կես ժամով, որի վերաբերյալ դատավորն իրենց տեղեկացրել է նիստը սկսվելուց հետո, երբ արդեն անցել էր 15-ից 20 րոպե․ «Այս նիստի ընթացքում դատախազներին տրվեց խոսք, որպեսզի դատախազներն արտահայտեն իրենց տեսակետը տուժողների հարազատներին՝ որպես շահագրգիռ անձ ներգրավվելու վերաբերյալ»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ միջնորդել է դատարանին՝ այդ քննությունն անցկացնել դռնբաց ռեժիմով. «Ես միջնորդեցի, քանի որ նախորդ դատական նիստում կայացվել է անսպասելի որոշում, որի արդյունքում խաթարվել է իրական արդարադատությունը, իրական շահը, հասարակության՝ տեղեկացվության իրավունքը, հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, հրատապ կարգով քննության առարկա դարձնել նախորդ դատական նիստում կայացված որոշումը վերացնելու եւ դատական նիստը բաց անցկացնելու հնարավորությունը։ Դատարանն առանց որեւէ բառ ասելու նայեց ժամին եւ ասաց, որ դատական նիստն այսօր ավարտվում է եւ հաջորդ նիստը նշանակվում հունիսի 1-ին՝ 12։30-ին»։

Ըստ պատգամավորի՝ ակնհայտ էր, որ ինչպես դատախազները, այնպես էլ դատավորը տրամադրված չէին, որպեսզի բողոքի քննությունն անցկացվի հրապարակային։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիս ամսին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։