Վախեցան ապօրինությունները բացահայտվեն․ դատարանն արգելել է լուսաբանել դատավարությունը 

Վախեցան ապօրինությունները բացահայտվեն․ դատարանն արգելել է լուսաբանել դատավարությունը 

Երեւանի Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի՝ ընդդեմ Ալավերդիի ավագանու հայցի քննության առաջին դատական նիստը։ Հայցվոր Արկադի Թամազյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու եւ համայնքի նոր ղեկավար ընտրելու մասին որոշումը։ Իշխանափոխությամբ համայնքապետ դարձած ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի փաստաբանը նիստի մեկնարկից առաջ առարկել է լուսաբանման դեմ եւ դատավոր Ելենա Առաքելյանը բավարարել է միջնորդությունը` հայտարարելով, որ նիստը լուսաբանման ենթակա չէ։ Չնայած օրենքը նման բան թույլ չի տալիս եւ սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Կողմը կարող է միջնորդել` առավելագույնը, որ իրեն չլուսանկարեն, իսկ գործի լուսաբանումը` եթե նիստը դռնփակ չէ, անօրինական է:

Արկադի Թամազյանն առաջին իսկ դատական նիստից հետո, կասկածի տակ է դնում դատավոր Ելենա Առաքելյանի անաչառությունը, նույն կասկածներն ունի նաեւ հայցվորի փաստաբան Լեւոն Օհանյանը։

«Ինձ համար անակնկալ չէր, որ Ղումաշյանի փաստաբանը առարկելու էր լուսաբանման մասով։ Չեն ուզում, որ իրենց անօրինությունները նաեւ դատարանում լուսաբանվի։ Դատավորը կողմնակալ վերաբերմունք էր ցուցաբերում, ինչը մեզ համար անընդունելի է։ Հաշվի առնելով դատավորի կողմնակալ վերաբերմունքը՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք»,-«Հրապարակ»-ին ասաց Թամազյանը։

Հայցվորի փաստաբան Լեւոն Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս նիստով պետք է անդրադարձ կատարվեր հայցի բուն էությանը, սակայն հերթը դրան չի հասել, քանի որ պատասխանող կողմի լիազորությունների պատշաճության հարց է առաջացել` լիազորագիրը ներկայացվել է ոչ թե համայնքապետի, այլ նրա տեղակալի անունից։

«Լիազորագիրը ստորագրվել է ավագանու անունից, տրվել է համայնքապետի առաջին տեղակալի կողմից։ ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ տեղակալը կարող է ստանձնել համայնքի ղեկավարի իրավասությունները վերջինիս բացակայության դեպքում։ Պետք է պարզեինք, թե ինչ պատճառով է բացակայել, որ լիազորագիրը փաստաբանական խմբին տրվել է առաջին տեղակալով։ Ես նաեւ ժամանակ ուզեցի՝ դատավորին բացարկ հայտնելու համար, քանի որ նրա օբյեկտիվության եւ անաչառության հետ կապված խնդիր կա»,-ասաց Օհանյանը։ 

Հաջորդ դատական նիստի օր է ընտրվել փետրվարի 19-ը։

Մենք գրել էինք, որ Ալավերդու ավագանու շահերը, այսինքն՝ ՔՊ-ի շահերը դատարանում պաշտպանելու է «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերությունը, որը կապ ունի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հետ։ Գրիգոր Մինասյանը եղել է այս ընկերության կառավարիչ-բաժնետերը, իսկ Անդրեասյանի կինը, ըստ մամուլի, տնօրինում է իրավաբանական ընկերությունը։

Փորձել ենք նաեւ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանից ճշտել, թե ի՞նչ չափանիշներով է Ալավերդու համայնքապետարանն ընտրել իշխանության ներկայացուցիրների հետ փոխկապակցված այս ընկերությունը` մրցույթ արվե՞լ է, թե՞ ոչ, ընկերության ընտրության վրա ազդե՞լ է այն փաստը, որ այն կապ ունի ԲԴԽ նախագահի եւ Արդարադատության նախարարի հետ։ Ալավերդու համայնքապետը չի պատասխանել մեր զանգերին։

Արկադի Թամազյանն ասում է՝  Ալավերդու համայնքապետարանն ունի հաստիքով աշխատող իրավաբան, սակայն այդ դատական գործընթացը տանելու համար ուղիղ պայմանագիր է կնքվել իշխանական պաշտոնյաներին պատկանող ընկերության հետ։ «Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ հիմքով, ինչու հենց այդ ընկերությունը»,-ասաց Թամազյանը։

Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ի կողմից Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնն ապօրինի կերպով բռնազավթելու մասին նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հայցադիմումն վարչական դատարանը վարույթ է ընդունել, սակայն ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանը չի լքում համայնքապետի աթոռը, հայտարարում է՝ չկա այնպիսի օրենք, որով իր լիազորությունները կարող են դադարեցվել։ Մինչդեռ Վարչական դատավարության օրենսգիրքն ասում է, որ վարույթ ընդունելու պահից` առանց հատուկ որոշման, վեճի առարկա գործընթացի վրա արգելանք է դրվում, այս պարագայում ՔՊ-ական համայնքապետը պետք է դադարեցնի պաշտոնավարումը, մինչեւ դատարանի կողմից որոշում արձակելը:

Հիշեցնենք, որ ավագանու 27 անդամներից 14-ի մասնակցությամբ, Ալավերդու ՔՊ խմբակցության ավագանին դեկտեմբերի 5-ին անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող, գործող համայնքապետ Արկադի Թամազյանին եւ համայնքապետ ընտրեց նախկին ՀՀԿ-ական, Շնողի սկանդալային նախկին համայնքապետ, ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։