Ում բռնի մահվան մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը

Ում բռնի մահվան մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը

Այսօր Մասիսում Նիկոլ Փաշինյանը հիշել է իր նախկին հայտարարություններից մեկը․ «Հիշում եք՝ ճամպրուկներով դեպի կառավարական շենքեր փող տանելու մասին հայտարարություն էի արել: Էդ ժամանակ ինձ ասում էին՝ որտեղի՞ց էդպիսի ինֆորմացիա: Էսօր քրգործեր կան, որ էդ մասին են վկայում: Նախկին օլիգարխները դրա մասին ցուցմունք են տվել, նրանցից մեկը մահացավ, հույս ունենք՝ հիվանդության պատճառով, ոչ թե այլ միջամտությունների: Բայց էդ ամեն ինչը պետք ա հետաքննվի»,- ասել է Փաշինյանը:

Մի կողմ թողնենք այն, որ 3 տարի առաջ ասվածին այս ընթացքում ոչ մի ապացույց չեն ներկայացրել, հիմա էլ հղում է անում մահացած անձի ցուցմունքներին, որը չի կարող ոչ արձագանքել, ոչ հաստատել կամ հերքել իր ասածը։ Անգամ եթե նախաքննության ընթացքում մարդն ինչ որ ցուցմունք է տվել, բոլորս գիտենք, թե այդ ցուցմունքներն ինչպես են կորզվում եւ ինչ հաճախ են այդ նույն մարդիկ դատարանում տրամագծորեն այլ ցուցմունք տալիս եւ պատմում, թե ինչ պայմաններում են իրենց պարտադրել նման ցուցմունք տալ։ Ավելին՝ որեւէ նորմալ երկրի իրավապահ համակարգը մեկ անձի ցուցմունքի վրա մեղադրանք չի կառուցում եւ դատապարտող դատավճիռ չի կայացնում։ 

Անցնենք առաջ․ նախաքննության ցուցմունքներն ինչպե՞ս են դարձել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու սեփականությունը։ Ի վերջո, կա նախաքննության գաղտնիք եւ օրենքն արգելում է նախաքննության մարմնին որեւէ անձի՝կլինի վարչապետ, թե նախագահ, ներկայացնել նախաքննական գաղտնի տվյալները, այդ թվում՝ ցուցմունքները։ Սա ուղղակի վկայություն է այն բանի, որ 3 տարի շարունակ վարչապետ Փաշինյանը միջամտել է արդարադատության կայացմանը՝ ուղիղ ցուցումներ տալով, նախաքննության գաղտնի նյութերին ծանոթանալով եւ երբեմն էլ իր իրավասությունների գերազանցումով՝ դրանք հրապարակելով, եւ մարդու անմեղության կանխավարկածը խախտելով։

Ինչ վերաբերում է նշված անձին, ով մահացել է՝ չհասցնելով դատարանում վկայություն տալ, ապա խոսքը «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության նախագահ Միկա Բաղդասարովի մասին է։ Ընկերություն, որը մոնոպոլ դիրք ուներ երկրում, իսկ սեփականատերը խոշոր օլիգարխ էր եւ սխալ տնտեսավարման հետեւանքով սնանկացման հասցրեց հսկա ավիաընկերությունը, հեղափոխությունից հետո էլ ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի դեմ, թե՝ ինքն է վնասել ընկերության գործունեությանը։ Բայց այդ ցուցմունքները դեռ պետք է ստուգվեին եւ հաստատվեին այլ իրեղեն ապացույցներով, առաերսումներ պետք է արվեին, փաստաթղթային հիմնավորումներ պետք է ստանային։ Եւ այն փաստը, որ երկար ու ձիգ 2-3 տարվա ընթացքում այդպես էլ չեն կարողացել ավարտել նախաքննությունը, նշանակում է այս գործը նույնպես պետք է արժանանար մյուս բոլոր քրեական գործերի ճակատագրին՝ կամ փակվեր նախաքննության ընթացքում, կամ՝ փլվեր դատարանում։