Պարոն Էրդողան, ժողովուրդն էդ ամենը ընտրություններին քեզ հետ կվերադարձնի

Պարոն Էրդողան, ժողովուրդն էդ ամենը ընտրություններին քեզ հետ կվերադարձնի

Պարզվում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արյունարբու է ոչ միայն հայերի ու հարեւան այլ երկրների, այլեւ հենց իր ղեկավարած պետության որոշ քաղաքացիների նկատմամբ: Որքան էլ թուրքական լրատվամիջոցներն ու հեռուստաալիքները վերահսկվում են իշխանության կողմից, որպեսզի երկրաշարժի ու դրա հետեւանքների մասին ոչինչ չգրվի, բայց իրականությունն արդեն ջրի երես է դուրս գալիս: Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը դարձավ բազմահազար մարդկանց ողբերգական մահվան պատճառ: Իսկ դիակների ու փլատակների ֆոնին Էրդողանը փոխանակ մտածի, թե ինչպես մարդկանց՝ ողջ կամ մահացած, դուրս բերի փլատակներից, նախընտրական քարոզարշավի մեջ է ու պոպուլիստական ելույթներ է ունենում: 

Օրերս թուրք ընդդիմադիր գործիչ, «Քենջ» երիտասարդական կուսակցության առաջնորդ Ջեմ Ուզանը Bizim TV-ին տված հարցազրույցում ներկայացրել է այն դաժան իրականությունը, որը տիրում է Թուրքիայի աղետի գոտում. «Մենք սրտացավորեն աշխատող մեր հայրենակիցների, բժիշկների, փրկարարների կողքին ենք, մեր պետության կողքին ենք, սակայն ասելով «պետություն»՝ ամենեւին նկատի չունեմ Էրդողանին։ Ես Ֆրանսիայում եմ, բայց մենք աշխատում ենք աղետի գոտիներում՝ բոլոր տեղերում։ Մեր ձեռքից եկածն անում ենք։ Էրդողան, ինչո՞ւ բանակը չես հանել դեպքի վայր, զորքերը պահեցիր ու հազարավոր մարդկանց թողեցիր, որ մեռնեն: Այդքան դաժան ես դու, քո մարդկայնությունը մեռե՞լ է։ Դա միայն ես չեմ ասում, դրա մասին անգամ պաշտոնաթող սպաներն են ասում։ Հազարավոր մարդիկ են մնացել փլատակների տակ, ու 72 ժամ ոչ մի օգնություն չի գնացել, չեն ուղարկել։ Էրդողանի մեջ մարդկություն չկա։ Անկարայից օգնություն են ուղարկում աղետի գոտու պահեստ, ոստիկանությունը չի թողնում մտնի, ասում է՝ մենք ամեն ինչ անում ենք, բայց էդ ամենն ընդամենը պրոպագանդա է։ Եթե ես բարկացած եմ, ապա ողջ Թուրքիան կատաղած է ու պայթելու է։ Յոթ ժամ ինչո՞ւ փակվեց Թվիթերը, որովհետեւ հրահանգ կար: Այդ հրամանն ինչ նպատակով են տվել՝ չգիտեմ։ Ուղղակի մարդիկ իրար նկարում ու ուղարկում էին իրականությունը կամ իրար գրում էին, որ այսինչ շենքի տակ եմ։ Հետո, մի բան էլ՝ շատ տեղերում ո՛չ հեռախոս է աշխատում, ո՛չ էլ ինտերնետ։ Դու ո՞ւմ նախագահն ես, Էրդողան, դու ո՞ւմ ես ծառայում, պարոն։ Մենք անգամ չգիտենք՝ մինչեւ հիմա դեռ ինչքան մարդ կա փլատակների տակ։ Արդյոք քարտեզներ չկա՞ն, ինչո՞ւ չեն ուզում տալ այն տվյալները, թե որ շենքում ինչքան մարդ է ապրել, որ տանն ինչքան մարդ է ապրել։ Ժողովուրդը փլատակների տակ, 48 ժամ այդ իշխանությունն ինչո՞ւ գործի չանցավ, այդ իշխանությունը ստացել եք քնելո՞ւ, թեյ խմելո՞ւ, թե՞ դատարկաբանելու համար։

Մարդիկ մեռնում են, իրենք պրոպագանդայի ու իրենց գովազդելու դարդով են։ Մարդկանց դիերի ու արյան վրա պրոպագանդա են անում։ Պարոն Էրդողան, ժողովուրդն էդ ամենը ընտրություններին քեզ հետ կվերադարձնի։ Դիակները շպրտում են իրար վրա անտեր, անտիրական: Շատ տեղերում ոչ մի օգնություն չի հասել»: Նշենք, որ Ուզանն Էրդողանի ամենաարմատական ընդդիմադիրներից է, հանրահավաքի ժամանակ նրա վրա հարձակվելու ու դավաճան անվանելու համար 2004-ին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, իսկ 2009-ին նա փախել էր Թուրքիայից: Նրա վրա տարբեր մեղադրանքներ էին դրվել՝ խարդախության, յուրացման, կեղծիքի համար, իսկ թուրքական դատարանը հեռակա կարգով նրան դատապարտել էր 23 տարվա ազատազրկման: 

Թուրքիայում Էրդողանից ու նրա իշխանությունից դժգոհությունները մինչ երկրաշարժն էլ կային: 2018-ին, երբ Էրդողանի փեսան՝ 42-ամյա Բերաթ Ալբայրաքը նշանակվեց ֆինանսների նախարար, Թուրքիայի ֆինանսական ոլորտը կտրուկ անկում արձանագրեց՝ հանգեցնելով երկնիշ ինֆլյացիայի եւ գործազրկության բարձր մակարդակի: Նրա՝ ֆինանսների նախարար նշանակվելու պահից մինչ օրս թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 45 տոկոսով: Թուրքիայում թանկացումներն աննախադեպ բարձր ցուցանիշների են հասել: Հասարակությունը հազիվ է դիմակայում սոցիալական բեռի տակ: Իսկ այս ամենն արդարացնելու համար Էրդողանը լվանում է մարդկանց ուղեղները՝ կրոնական եւ ազգայնամոլական, ռասիստական քարոզչությամբ, պատերազմողի ու հաղթողի հռետորաբանությամբ՝ հագուրդ տալով նաեւ ծավալապաշտական կրքերին: Նա դրոշակի նման թափահարում է փեսայի՝ Սերջուկ Բայրաքթարի BAYKAR ընկերության արտադրանքի ռազմական հաջողությունները: Էրդողանը հպարտանում է, որ բայրաքթարներով կարողացավ հաղթել Արցախում՝ մեզ դարձնելով հազարավոր զոհերի տեր։ Եվ հաղթում է մյուս հարեւան երկրներին, որ այդ ռազմական արտադրանքը մեծ պահանջարկ ունի տարբեր երկրներում: Իհարկե, հասարակության ազգայնամոլ հատվածն այս ռազմատենչ ինքնագովազդը դրական է ընդունում: Բայց շատերի համար արդեն հետաքրքիր չէ դա:

Ի վերջո, այդ պատերազմները հարեւանների հետ պետք են միայն Էրդողանի ընտանիքին, որպեսզի բայրաքթարները լավ սպառվեն: Դա նրանց ընտանիքին մեծ փող է բերում: Որքան շատ պատերազմ ու արյուն, այնքան ավելի կծաղկի Էրդողանի ընտանեկան հարստությունը: Իսկ իրենց ընտանեկան հարստությունները նրանք «ներդնում» են օֆշորներում: Այդ մասին շատ է գրել թուրքական ընդդիմադիր մամուլը: Իսկ Թուրքիայի շարքային բնակչին ամենեւին էլ չի գոհացնում այդ ընտանիքի հարստացումը, երբ ինքը կորացած է սոցիալական բեռի տակ: Շարքային քաղաքացին ուզում է հանգիստ, ապահով ու առանց սոցիալական խնդիրների ապրել: Նրան պետք չէ հարեւան երկրների հասարակության արյունը: 

Ըստ թուրքական աղբյուրների՝ երկրաշարժից քանդված շենքերի զգալի մասն Էրդողանի փեսայի եւ որդու ընկերություններն են կառուցել: Դրանք եղել են բավականին անորակ կառույցներ, բազմահարկ շենքերը թղթե տնակների նման քանդվեցին: Բայց իրավիճակից դուրս գալու համար իշխանությունը սկսել է իրավական գործընթացներ շինարարական տարբեր ընկերությունների, կապալառուների նկատմամբ: Երկրաշարժից տուժած 10 նահանգներում իբր արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար ստեղծվել են երկրաշարժի հանցագործությունների հետաքննության գրասենյակներ։ Այս գործընթացներն էլ իրենց հերթին են առաջացրել դժգոհության մեծ ալիք, քանի որ հնարավոր է, Էրդողանի կլանին «մաքուր» հանելու համար, անմեղ մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ: 

Ինչպես տեսնում ենք, Էրդողանի իշխանության գլխին սեւ ամպեր են կուտակվել: Կհասցնի՞ Էրդողանը մինչեւ առաջիկա ընտրությունները «ցրել» այդ ամպերը… Թե՞ ամպրոպը կպայթի մինչ ընտրությունները։