Սովի վտանգը շոշափելի է

Սովի վտանգը շոշափելի է

Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում. առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղամիջոցների պակասը գնալով ավելի օրհասական է դառնում։ Սովի վտանգը շոշափելի է։ Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում իր ելույթում այս մասին ասել է Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հավելելով, որ Համբարձումյանն այսօր մասնակցել է խորհրդարանական լսումների։
Նա հայտնել է, որ իրավիճակն էլ ավելի է սրվում Ադրբեջանի կողմից գազի (ձմռան կեսին), էլեկտրականության և ինտերնետ կապի անջատումներով։ Փակ են մանկապարտեզներն ու դպրոցները, հիվանդանոցները դադարեցրել են վիրահատությունները, մանկահասակ երեխաների համար այլևս կաթի փոշի չկա։

«ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և տասնյակ երկրներ արդեն դիմել են Ադրբեջանին՝ ապաշրջափակել ԼՂ տանող ճանապարհը։ Օրերս նաև Եվրախորհրդարանը լայն մեծամասնությամբ քվեարկեց դրա վերաբերյալ բանաձևի օգտին: Ի պատասխան միջազգային այս կոչերի՝ Ադրբեջանի նախագահը չվարանեց հաստատել, որ կապն արգելափակած «ակտիվիստները» դա արել են իր հանձնարարությամբ՝ հեգնանքով հավելելով, որ նրանք, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, կարող են ապահով հեռանալ, և շրջափակումը նրանց համար կբացվի»,–ասել է Համբարձումյանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի համար պայքարը երբեք տարածքի համար չի եղել, հակամարտությունը կրոնական կամ մշակութային բնույթ չունի։ Խոսքը վերաբերում է մի ժողովրդի կյանքի իրավունքին, որը եղել և գտնվում է գոյաբանական սպառնալիքի ներքո։ Համբարձումյանը շեշտել է` ինչպե՞ս կարելի է ժողովրդին ստիպել ապրել մի պետությունում, որն իրեն էթնիկապես ատում է, բռնատիրական մի համակարգում, որը ղեկավարում է նույն ընտանիքն ավելի քան երեսուն տարի: