Երկու նորարարական պրոյեկտ անեմ, նորից ինձ նվիրեմ պետությանը

Երկու նորարարական պրոյեկտ անեմ, նորից ինձ նվիրեմ պետությանը

Հանուն Սեւանի զբոսաշրջիկների Սեւանի ջուրը խմած եւ նոյեմբերի 1-ին աշխատանքից ազատման դիմում գրած «Սեւան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը դեռ պարկի տնօրենի կարգավիճակում խոստացել էր ցնցող բացահայտումներ անել։ Երեկ զանգահարեցինք նրան՝ բացահայտումների հարցով։ Նա շատ զարմացավ մեր զանգից, քանի որ, ինչպես տեղեկացրեց, այլեւս «Սեւան ազգային պարկի» տնօրենը չէ, անցել է այլ աշխատանքի, մասնավորապես՝ 2 խոշոր բիզնես նախագիծ է իրականացնում։ Վահե Գուլանյանն ասում է, որ «Սեւան ազգային պարկի» տնօրենի պաշտոնից իրեն որեւէ մեկը հեռանալու առաջարկ կամ ակնարկ չի արել։ «Բացարձակապես նման խոսակցություն կամ ինչ-որ դրան մոտիկ բան չի եղել, ես վաղուց էի որոշել, մի քանի անգամ հայտարարել եմ, որ պետք է գնամ»։

- Պարոն Գուլանյան, ինչպե՞ս ստացվեց,  այնուամենայնիվ, որ գնացիք, անձնազոհաբար՝ անգամ Սեւանի ջուր էիք խմում։

- Սեւանն իմ հայրենիքն է։ Ինչ վերաբերում է նախագծերին, երկու լուրջ գիտաարտադրական, նորարարական պրոյեկտի վրա եմ աշխատում, որը բիզնես կոմպոնենտ է կրում։ «Սեւան ազգային պարկի» տնօրենի կարգավիճակում ես, բնականաբար, իրավունք չունեի դրանով զբաղվել եւ պետական համակարգից ընդամենը ժամանակավորապես հեռանում եմ՝ էս երկու նորարարությունը հասցնեմ մինչեւ վերջ, սրա վաճառքն օրինական հիմունքների վրա տեղի ունենա, որից հետո նորից ինձ նվիրելու եմ պետությանը։ Իմ հիմնական եկամտի աղբյուրը տեխնոլոգիաներն են։ Մինչեւ «Սեւան ազգային պարկի» տնօրեն դառնալն էլ իմ բիզնեսն էդ է եղել։ Տեխնոլոգիաներ, նորարարություններ, ֆորմուլաներ։ Դրանով եմ փող աշխատել։ Կյանքում, միշտ։ Հիմա մանրամասներ չեմ հայտնում, բայց շատ խոշոր պրոյեկտի վրա ենք աշխատում։ Դրա մասին հլը կլսեք, կքննարկվի, դա մենակ մեր երկրի համար չէ։ Երկրի անունի համար է, միջազգային ճանաչողության համար է։ Մոտավորապես կարամ ասեմ, որ ինքը կապված է ե՛ւ կենսաբանության, ե՛ւ բժշկության հետ։ Ինքը մարդկանց առողջության առաջնային պահպանման, հակաբիոտիկներին փոխարինող բան է՝ կենդանի նյութերի արտադրած արտադրանքի արգասիքների միջոցով, առանց անտիբիոտիկների՝ տարբեր հիվանդությունների բուժման հետ կապված պրոյեկտ է։

- Բայց գիտական փորձեր արվե՞լ են։

- Ոչ միայն Հայաստանում, նույնիսկ հիմնական հետազոտությունների մի մասը Լոնդոնում է իրականացվել, որովհետեւ մենք էդ լաբորատորիաները չունենք։ Հիմա, ներկա պահին զբաղված ենք, կոպիտ ասած, փոքր լաբորատորիա հիմնելով։ Ինքը գենետիկական ամենացածր մակարդակի վրա պետք է լինի՝ առաջնային փուլում էդ բակտերիաներն ու վիրուսները որոշելու ու օգտագործելու համար, հետո արդեն, երբ պրոյեկտը պատրաստ կլինի, բնականաբար, ինչպես բոլոր այդպիսի նորարարությունները, դրվելու է միջազգային վաճառքի։ Այսինքն՝ վաճառվելու է գաղափարը։

- Դուք Սեւանի աղտոտման հետ կապված՝ ժամանակին ցնցող բացահայտումներ էիք խոստանում անել։

- Հավատացեք՝ Սեւանի խնդիրներն ավելի քան տասը տարի ամբողջությամբ պարզված են։ Ամբողջությամբ։

- Աղտոտողներն ովքե՞ր են։

- Սեւանի ավազանում կա 110 հազար անշարժ աղտոտման կետ։ Սեւանա լճի վրա ազդեցությունները հիմնականում դրանք են։ Եվ, հավատացեք, մեր ու տեղական գիտնականներից, որոնք զբաղվել են այդ խնդիրներով եւ տեսակետներ են առաջ քաշել, նաեւ բնապահպանության նախարարի նախաձեռնած հետազոտությունները, գրեթե նույն բանն են ասում, ինչն ասում ենք մենք։ Հաշվի առնելով էդ ամբողջը՝ պետք է ասեմ, որ լճի խնդիրները նոր չեն, ու չեմ վախենա ասել, որ 20 տարուց ավելի մեզ համար պարզ են։ Էս պահին ես կարող եմ Հայաստանում առանձնացնել մեկ խնդիր՝ մակերեւութային ջրերի անխնա աղտոտումը միայն Սեւանի ավազանում չէ, մեր երկրում բոլոր մակերեւութային ջրերն աղտոտվում են։ Մենք այդ ջրերի համատարած աղտոտման խնդիր ունենք։ Բոլոր զարգացած երկրներն անցել են դրա միջով, եւ ես կարծում եմ, որ մենք չպետք է անցնենք այն ճանապարհով, որով  անցավ Եվրոպան, որտեղ շատ հայտնի գետեր, կլինի կես դար, չեն կարողանում մաքրել, բերել վիճակի։ Ու ես կասեմ, որ որպեսզի Սեւանը բերենք օլիգոտրոպ վիճակի, 100 տարի է պետք։ Բայց գոնե պետք է միջոցներ ձեռնարկել՝ Սեւանի ու  բոլոր էկոհամակարգերի աղտոտումը կասեցնելու համար։ Դրա համար օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները, լուծումները, ամեն ինչը բնապահպանության նախարարությունում արդեն կան։ Այստեղ խնդիրը սկսվում է ժողովրդի մենթալիտետից՝ վերջացրած պետության միջոցների մեծության հետ։ Եվ մենք պետք է հստակ մի բան հասկանանք՝ Եվրոպան հասել է մի տեղ, որն ասում է՝ ընգեր, պետք է պարտադիր դնես ջուրը էկոնոմիա անող համակարգ, վերցնես էնքան ջուր, ինչքան պետք է, որից հետո համակարգի թարմացում անես։ Ամերիկան ասում ա․ վերցրու՝ ինչքան ուզում ես, բայց հետո մաքրիր, նոր հետ լցրու։ Իսկ մեր երկրում, ընդհանրապես, պոստսովետական ոչ մի երկրում չկա գոնե մի դրույթ, որ ասի, որ մակերեսային ջրերի նկատմամբ նման վերաբերմունք լինի։ Պոստսովետի օրենսդրությունն ի՞նչ է ասում, ասում է՝ աղտոտում ես, վճարիր ու աղտոտիր։