Անմարդկային վերաբերմունք զինծառայողների նկատմամբ… Մեր գենոֆոնդը թաղվեց Եռաբլուրում

Անմարդկային վերաբերմունք զինծառայողների նկատմամբ… Մեր գենոֆոնդը թաղվեց Եռաբլուրում

Խոսքն ադրբեջանցիների կողմից գերեվարված մեր զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին չէ: Խոսքը վերաբերում է մեր ռազմական իշխանությունների կողմից ցուցաբերված անմարդկային, անխիղճ վերաբերմունքին, որը ցուցաբերվեց եւ դեռ ցուցաբերվում է։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների անուններն ընթերցելիս շատերս ենք անասելի ցավ զգացել, որ նրանց մեծամասնությունը 2000-2002 թվականներին ծնված երիտասարդներ են: Այսինքն` 18-20 տարեկաններ` դպրոցը նոր ավարտած, դեռեւս չհայրացած, կյանք նոր մուտք գործած երեխաներ: Ինչո՞ւ այս ծանր պատերազմը մնաց այդ նորաթուխ երիտասարդների փխրուն ուսերին, ինչո՞ւ հենց նրանք պետք է մղեին այս դաժան պատերազմը: Նրանցից շատերը երկու ամսվա նորակոչիկներ էին, որոնք դեռեւս չէին էլ հարմարվել զինվորական կենցաղի դժվարություններին, գուցե դեռ զենք չէին տեսել կամ դրա գործածելու ձեւը չգիտեին:

Դա օրենքով անթույլատրելի էր, եւ զինվորական դատախազությունը շատ անելիք ունի. պետք է զոհված յուրաքանչյուր նորակոչիկի մահով զբաղվի, թե նա երբ եւ ինչու է հայտնվել ռազմաճակատի առաջնագծում: Զոհվածներից շատերի ծնողները պատմում են, որ երեխաները բանակ էին զորակոչվել ընդամենը վերջերս, ու երբ սկսվեց պատերազմը, անգամ տեղանքին ծանոթ չեն եղել, թե որ ճանապարհն ուր է տանում, իրենք երկրի որ մասում են գտնվում, որ կողմում է թշնամին, որ կողմում՝ մերոնք: Այդ պատճառով էլ պատերազմի օրերին շրջափակման մեջ ընկածները չեն կողմնորոշվել տեղանքում եւ հայտնվել են թշնամու օղակի մեջ: Նրանք անգամ նորմալ կապի միջոցներ չեն ունեցել, որ կապվեն հրամանատարության հետ եւ ցուցումներ ստանան։ 

Հայաստանի Հանրապետությունում չհայտարարվեց համապետական զորակոչ, ռազմաճակատ չուղարկվեցին փորձառու զինվորականները, ավելի հասուն տարիքի տղամարդիկ, որոնք ունեին պատերազմի փորձ կամ գոնե բանակում լիարժեք ծառայություն էին անցել: Շատ քաղաքացիներ, կամավորներ դիմել էին զինկոմիսարիատներ` ռազմաճակատ մեկնելու ցանկությամբ: Գրանցել էին, ասել էին` գնացեք, կկանչեք: Ու չեն կանչել՝ պատերազմը թողնելով նորակոչիկների ուսերին:

Մինչդեռ պետք է հակառակը լիներ. առաջնագիծ պետք է ուղարկվեին «ծերունիները», իսկ երիտասարդ նորակոչիկները պետք է պահեին թիկունքը: Դիտավորությո՞ւն էր սա, թե՞ ռազմական տգիտություն:  Արդյունքում ունեցանք գիտակցված կամ չգիտակցված ցեղասպանություն: Չէ որ այդ երիտասարդները պետք է հետ գային, ամուսնանային, սերունդ տային, շարունակեին մեր գենը, երկիր շենացնեին: Սա մեր գենոֆոնդին ուղղված դավաճանություն էր: Մեր գենոֆոնդը թաղվեց Եռաբլուրում: Դեպքեր կան, որ այդ երիտասարդները վիրավորում են ստացել, կարճատեւ բուժում անցել հոսպիտալում, այնուհետեւ, ոչ լիարժեք բուժված, նորից ուղարկվել առաջնագիծ: Կա դեպք, որ ոտքից վիրավորված երիտասարդն առանց լիարժեք ապաքինման նորից ուղարկվել է առաջնագիծ, այդ վիրավոր ոտքով ամբողջ գիշեր քայլել է, իսկ նահանջի հրամանի ժամանակ արդեն չի կարողացել քայլել, մնացել է խրամատում ու զոհվել: Այս ամենի մասին ծնողներն անպայման կբարձրաձայնեն, երբ որդիների մարմինները հանձնեն հողին եւ դուրս գան այս հոգեկան տառապանքներից: 

Այսօր էլ շարունակվում է այդ անմարդկային վերաբերմունքը մեր զինծառայողների նկատմամբ: Զինվորներն Արցախում, առանց առաջնորդի, մի գյուղից գնում են մյուսը, վրան են խփում, հետո պարզվում է, որ դա ադրբեջանցիների տարածք է, պետք է արագ դուրս գալ այդտեղից, հետո, առանց պարզելու, թե որն է հայկական տարածքը, գնում են մեկ ուրիշ տեղ. նույն պատմությունը: Նրանք չունեն գիշերելու ապահով եւ հստակ կացարաններ, գիշերում են որտեղ ասես եւ ինչպես ասես, գուցե ոմանք հենց այս օրերին են հայտնվում գերության մեջ, ոչ թե պատերազմի օրերին: Զինծառայողները չունեն նորմալ սնվելու եւ տաքանալու տարրական պայմաններ, միջոցներ: Շատերը դեռեւս վիրավոր են, հյուծված, հիվանդ, ունեն հանգստի եւ բուժման կարիք: Ու քանի որ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում, ըստ էության, չկա իշխանություն, չկան ադեկվատ ղեկավարներ եւ ռազմական գերատեսչություն, մեր երեխաները հանձնվել են բախտի քմահաճույքին: Էլ չեմ խոսում անհայտ կորածների ու ռազմագերիների ճակատագրի մասին, որոնք իշխանությունների հանցավոր անգործության պատճառով հայտնվել են անպաշտպան ու անտեր վիճակում: