Իշխանատենչություն

Իշխանատենչություն

Հայաստանում իշխանության հարցը դարձյալ ասպարեզ է նետված: Հայկական հեղափոխությունից երկուսուկես տարի անց դարձյալ երկրի ղեկավարի հրաժարականի՝ ավելի ու ավելի ուժգնացող պահանջներ են լսվում: 70 տոկոս ընտրական քվե ստացած հեղափոխության առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, բախվել է հասարակական մերժման կարծր պատին, ինչպես բախվել են նրա նախորդները: Եվ դարձյալ իշխանության պահպանման խնդիրը նրա համար դարձել է նույնքան կարեւոր, որքան նրա նախորդների համար էր: 

Պատերազմը տանուլ է տրված. Հայաստանը եռակողմ կապիտուլյացիայի է ենթարկվել՝ կառավարման մանդատը հանձնելով օտար պետության՝ արտաքին դավադրության մեջ իր ահռելի բաժինն ունեցող Ռուսաստանին, ազատագրված Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին, հայաստանյան ԶԼՄ-ներում պաշտոնական Մոսկվայի մասին լուրերը դարձել են գերիշխող, ինչպես Խորհրդային Միությունում էր: Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշմամբ ստորագրել է եռակողմ այն համաձայնության տակ, որը հայ ժողովրդին հասցրել է պատմականորեն ողբերգական կորուստների: 

Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի պատկերացնում նմանօրինակ իրավիճակում իշխանության պահպանման անհնարինությունը, կա՛մ չի գիտակցում, թե ուր է հրել ինքը Հայաստանն ու հայ ժողովրդին: 
Այս պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները որքան արտաքին, նույնքան ներքին գործոնների հետեւանք են: Եվ առանց այդ պատճառների վերհանման անհնար է հաղթահարել պատերազմի հետեւանքները եւ շտկել սխալները: 

Այս պատերազմը ցավալիորեն վկայեց, որ պետությունը՝ որպես համակարգ, որպես կառույց, որպես հայ ժողովրդի իղձերի եւ նպատակների իրագործման հնարավորություն, 2.5 տասնամյակների ընթացքում փաստացի մաշվել-սպառվել է: 

Մինչ հեղափոխությունը՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի կառավարման քսան տարիների ընթացքում, պետությունը փոխարինվել էր կոռումպացված, կլանային կառավարմամբ, որն ամրացվում էր կեղծված ընտրություններով: Պետական հաստատությունների շաղախը քաղաքական եւ տնտեսական կոռուպցիան էր, որի ժանգը քայքայում էր պետականության երկաթը, իսկ այն նետվել էր իշխանությունների ագահության, անօրինականության, անպատժելիության հրե կաթսան: 

Հետհեղափոխական երկու տարվա ընթացքում կոռուպցիոն պետական համակարգն ապամոնտաժվեց: Փաշինյանը կարողացավ քանդել պետական կառույցների կոռուպցիոն շաղախը, սակայն այն արդյունավետ, արդար կառավարման հիմնանյութով լցնելու փոխարեն ծայր առավ պետական բյուջեի տենդագին մսխումը՝ պարգեւավճարների եւ հավելավճարների տեսքով: 
Պետական կառավարման՝ Փաշինյանի անընդունակությունը լցվում էր ներքին բախումներ հրահրելով, չդադարող ինքնաեթերներով, երկարաժամյա ասուլիսներով եւ ֆեյսբուքյան պայքարով: Սոցցանցերը փաստացի դարձան պետական կառավարման մարմին: Նիկոլ Փաշինյանը պետական գործիչ չդարձավ նաեւ այն պատճառով, որ նա՝ ինքը, հակահամակարգ է, որը քանդում է ցանկացած համակարգային կառույց, մինչդեռ պետությունը՝ որպես համակարգ, պահանջում է օրակարգ, խնդիրներ, հստակ մեխանիզմներ եւ կառուցակարգեր, ողջամիտ վարքագիծ. այն ամենը, ինչից զուրկ էր եւ ինչին անհաղորդ մնաց Փաշինյանի իշխանությունը: 

Ժառանգություն ստանալով կառումպացված, դժնի քաղաքական համակարգ՝ Փաշինյանը մի կողմից՝ տրվեց միանձնյա կառավարման գայթակղությանը, մյուս կողմից՝ անկարող եղավ այդ համակարգը փոխարինել արդյունավետ, ժողովրդավարական կառավարմամբ: Եվ բնական էր, որ կոռումպացված, ապաշնորհ դատաիրավական եւ սահմանադրական արդարադատության համակարգերն ապստամբելու էին, քանի որ պարզ չէր, թե նորացված պետությունն իրենց անկախությո՞ւնն է երաշխավորում, թե՞ իրենց ամենաթողությունը: Դատաիրավական մարմինները զրկվեցին կոռուպցիոն խողովակներից, իսկ նոր խողովակաշարեր չբացվեցին, որոնցով կհոսեր արդարությունը, անկախությունը, պրոֆեսիոնալիզմը:

Նիկոլ Փաշինյանի կառավարման սխալները եւ անձնական մեղքերը Հայաստանի կապիտուլյացիայի մեջ մեծ են, սակայն դրանք բոլորը հանգում են մեկ հիմնական սխալի՝ պետության թուլացմանը, ի վերջո՝ անկախ պետականության փլուզմանը: Ապագաղափարականությունը, քաղաքական օրակարգի բացակայությունը, ղարաբաղյան խնդրի կարգավորման վտանգավոր սկզբունքները, Հայաստանը աշխարհաքաղաքական հակասությունների խառնարան հրելու անխոհեմ քայլերը դարձան ոչ միայն Փաշինյանի անձնական ձախողման, նրա իշխանության թուլացման, այլեւ Հայաստանի պարտության պատճառները: 

Անշուշտ, հայկական պետականության փլուզումը միայն Փաշինյանի մեղքով չէ, որ կայացել է: Պետականության զգացումն անվերջ դուրս է մղվել հայ ժողովրդի հավաքական մտածելակերպից եւ կենսակերպից: Պետականության գիտակցության բացակայությունն անվերջ սնուցվել է օտար պետությանը՝ Ռուսաստանին ապավինելու, սեփական անվտանգությունն իրենից դուրս փնտրելու ազգակործան խելահեղությանը: 

Գուցե տարակուսելի թվա, սակայն այս պատերազմի ժամանակ մեծաթիվ հերոսությունները, խիզախումները պետության բացակայության հետեւանք են, քանի որ երկրի պաշտպանությունը դարձել էր ոչ թե պետության, այլ շարքային զինվորների, սպաների, կամավորների անձնազոհ սխրագործությունը: Այս պատերազմում պետությունն այնքան էր բացակա, որ անգամ համընդհանուր պարտադիր զորահավաք չկարողացավ իրականացնել: Ռազմական գործողություններին զուգահեռ, Հայաստանի պետությունը չկարողացավ ռազմական եւ քաղաքական դաշնակիցներ ձեռք բերել, եւ ամեն ինչ մնաց ռազմաճակատի եւ հերոսությունների վրա: 

Հայ ժողովրդի միասնականությունը ղարաբաղյան այս պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում հայկական կողմի համար հաղթանակի գործուն երաշխիքներ էր ապահվում՝ հայկական գործոնը դարձնելով անխոցելի: Չնայած անհավասար պատերազմին՝ հայկական կողմի դիմադրությունը հաղթանակի վստահություն էր ներշնչում: Հայկական միասնականությունն այն պատվարն էր, որին բախվում էին Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իսրայելը: Սակայն այդ միասնականությունը սկսեց երերալ ոչ միայն արտաքին գործոնների, այլեւ ներքին դավադրության հետեւանքով: Մի կողմից՝ իշխանությունները չկարողացան պահպանել այդ միասնականությունը, մյուս կողմից՝ Ռուսաստանի հայ գործակալները եւ քաղաքական ընդդիմությունը քար առ քար քանդեցին համազգային միասնությունը՝ հեռացնելով հաղթանակը եւ մոտեցնելով պարտությունը: 
Փաշինյանի կառավարման ձախողումներից մեկն այն էր, որ 2.5 տարվա ընթացքում նախկինները շարունակեցին մնալ նրա հիմնական քաղաքական ընդդիմությունը, քանի որ այդպես ձեռնտու էր հենց Փաշինյանին, որը նախկինների վերադարձի սարսափով էր կառավարում՝ թույլ չտալով ձեւավորել նոր քաղաքական միջավայր եւ մտածողություն: 

Այս պատերազմի ընթացքում նախկինները, տեղավորվելով տարբեր ձեւաչափերում, քարոզչական կեղծ պացիֆիզմով, ռուսամետության սերմերն առատորեն ցանելով, լռություն պահպանելով հայկական կողմի իրական ծանր վիճակի մասին՝ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանը հրեցին մեծ պարտության փոսը: Իշխանատենչությունը դարձավ հայկական կողմի պարտության ազդու գործոնը: 
Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց իշխանության պահպանման համար դիմել են արատավոր միջոցների՝ ընտրակեղծիքների, բռնաճնշումների, սակայն նրանց իշխանության պահպանման հիմնական երաշխավորը եղել է Մոսկվան, որին նրանք տվել են գույք՝ պարտքի դիմաց, Հայաստանի ինքնիշխանության մի մասը, թեպետ Ղարաբաղը չեն հանձնել:
Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը հանրությունն է եղել: Հայաստանի կապիտուլյացիայից եւ Ղարաբաղի հանձնումից հետո Փաշինյանը զրկվել է հանրության աջակցությունից, ըստ այդմ՝ հանրային լեգիտիմությունից: Եվ այժմ, դարձյալ Մոսկվայի միջոցով, նա փորձում է պահպանել իշխանությունը: Մոսկվան Հայաստանում միշտ աջակցում է հանրության կողմից մերժված իշխանություններին, իսկ ռուսամոլ ընդդիմությանը պահպանում է որպես իշխանության հետնապահ:

Ուշագրավ է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կեցվածքը: Այդպես էլ անտեղյակ մնալով հայաստանյան իրավիճակին՝ կուսակցությունների իրական ցածր հանրային վստահությանը եւ քաղաքական ազդեցությանը, Սարգսյանն առաջարկեց ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն՝ վստահ, որ ինքն էլ դառնում է համաձայնության կենտրոնը: Մինչդեռ ազգային բազմաչարչար համաձայնությունը չի կարող կայանալ որեւէ դեր չունեցող կուսակցությունների համաձայնությամբ: 

Նիկոլ Փաշինյանն իր հերթին առաջարկում է ազգային համաձայնության ճանապարհային քարտեզ՝ նշելով, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա: Փաշինյանը չի գիտակցում, որ ոչ միայն այս թերակատար քարտեզի, այլեւ իր առաջարկած հանճարեղ ծրագրի դեպքում անգամ իր անձի շուրջ այլեւս ազգային համաձայնություն չի կայանալու: Պարտության շուրջ ոչ ոք համաձայնության չի գալիս: Նոր Հայաստանի կերտումը ձախողվել է, եւ այժմ հայկական պետականությունը հոսում է մատների արանքից, ինչպես ծովի ավազը:

Այս պատերազմում ցուցաբերելով ազգային ինքնակազմակերպվածության բարձր աստիճան՝ հայ ժողովուրդն անկարող եղավ պահպանելու այդ ինքնակազմակերպվածության բարձրագույն կառույցը՝ անկախ պետականությունը: 

Պետության չկայացվածության, խելահեղ իշխանատենչության թելերից հավաքվեց այս պատերազմում հայկական կողմի պարտության ներքին կծիկը: Պետականության շենքը կառուցված էր հայկական միջավայրի՝ նախկինների, ներկաների եւ այլոց անհագուրդ իշխանատենչության վրա:

Հայ ժողովրդի ողբերգությունները սկսվում են այստեղից: