Փոքր աղջկա մեծ սուտն ու մեծ անվստահությունը

Փոքր աղջկա մեծ սուտն ու մեծ անվստահությունը

Քաղաքացիական ավիացիայի 1993-1996թթ․ նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Էս կառավարության պատասխանատուները չե՞ն հասկանում, որ փոքրիկ սուտը ծնում է մեծ անվստահություն»։ Ներքեւում Շահեն Պետրոսյանը տեղադրել է ավիատոմսեր հենց այն ժամանակահատվածի համար՝ 2020 թ․ հունվարի 14-15 ամսաթվերով, որից սկսած՝ Հայաստանի հպարտ քաղաքացիները պետք է Եվրոպա թռչեին 35 եվրոյով՝ Տաթեւիկ Ռեւազյանի Հայաստան բերած իռլանդական  լոուքոստեր Ryanair ավիաընկերությամբ։

Եվ այսպես․ Երեւան-Հռոմ՝ 126 եվրո, Երեւան-Հռոմ՝ 167․35 եվրո, Երեւան-Հռոմ՝ 185․21։ Ըստ որում՝ սա մեկ ուղղությունն է, իսկ հետադարձով ստացվում է ոչ բյուջետային տոմս՝ առանց ուղեբեռի ու ճաշի։  Քաղավիացիայի նախկին պետն այս առնչությամբ նույնիսկ նկատեց․ «Ես անցյալ տարի սրանից շատ ավելի պակաս արժեքով Վարշավա եմ թռել Lott-ով, որը բյուջետային ավիաընկերություն չէ»։

Համեմատության համար նշենք, որ Թբիլիսի-Քյոլն ուղղությունը, օրինակ, նույն ժամանակահատվածի համեմատ շատ ավելի ցածր արժեք ունի՝ 64․106․126 եվրո, բայց էլի 35 եվրոյի հովվերգության մեջ չէ։ 

Շահեն Պետրոսյանի հետ չհամաձայնենք այն մասով, որ Տաթեւիկ Ռեւազյանի հայտարարությունն այնքան էլ փոքր սուտ չէր՝ հաշվի առնելով, որ սա Հայաստանի իշխանությունների ձեռքին նախկինների դեմ  հաղթաթուղթ է, որ այդքան տարի խոսվում էր բյուջետային ավիաընկերություններ Հայաստան բերելու մասին, բայց «սիրուն աղջիկը» բերեց եւ հնարավորություն ընձեռեց, որ հայաստանցիները կոպեկներով Եվրոպա թռչեն։ Իհարկե, Տաթեւիկ Ռեւազյանն էլ համատարած էյֆորիայից հետո ձեռքի հետ ասաց, որ բոլոր տոմսերը չեն, որ 35 եվրո կարժենան։ Սա մի փոքր նման է Գյումրիից «Պոբեդայով» 10 հազար դրամով Մոսկվա թռչելու միֆին, երբ մի քանի հոգի առաջին օրերին օգտվեցին այդ հնարավորությունից, եւ այդքանով PR մասն ավարտվեց, ու սկսվեց հայկական իրականությունը։ Շահեն Պետրոսյանն էլ ասում է, որ 35 եվրոյանոց տոմսի արժեքը գործելու է զուտ վիճակատոմսի սկզբունքով։ Այսինքն՝ մի տասը հոգու այդ գնով տոմս կվաճառեն, մնացածը՝ էլի սովորական գներով։

Հարցին, թե ովքեր կարող են գնել 35 եվրոյանոց ավիատոմս, Պետրոսյանն ասաց՝ ով առաջինը կհասցնի։

Ի դեպ, Քաղավիացիայի նախկին պետը նոր իշխանությունների հնարած այդ միֆի պայթելն օրինաչափ է համարում, քանի որ անձամբ միշտ համոզված է եղել ու կա, որ Հայաստան բյուջետային ավիաընկերություններ չեն գալու։ «Գալու համար պետք է նախնական պայմաններ ապահովված լինեն»,- ասում է Շահեն Պետրոսյանն ու ավելացնում․ «Ինչո՞ւ են Եվրոպայում աշխատում, որովհետեւ այնտեղ կան կարճ՝ short range թռիչքներ, 1-1․5 ժամ, կամ «Պոբեդան» 2․5 ժամ էր, բայց ոչ 4․5 ժամ»։