Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի վրա․ Բադասյան

Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի վրա․ Բադասյան

ՍԴ  նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ՀՔԾ-ում հարցաքննությունից հետո հայտարարել է, որ ՍԴ անդամներից որևէ մեկը չի պատրաստվում գնալ վաղ կենսաթոշակի։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Թովմասյանի այս հայտարարությանն ի պատասխան՝ հայտարարեց․ «Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի վրա»։

Ըստ Բադասյանի՝ մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որն անկախ է, անկախ է ոչ միայն գործադիր իշխանությունից, անկախ է ոչ միայն օրենսդիր իշխանությունից, անկախ է որևէ շրջանակների ազդեցությունից։ 

«Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ սահմանադրական դատարան է։ Եվ այո, պետք է կայացնի ցավոտ որոշումներ մեր պատկերացրած Սահմանադրական դատարանը, որը օրվա քաղաքական իշխանության համար ցավոտ կլինի, բայց ՍԴ-ն երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն»,-ասաց նա։

Փաստորեն, սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում։ Բոլորը խոսում են այն մասին, որ իշխանությունն է, ի դեմս արդարադատության նախարարության հնարած օրենքների, ճնշում գործադրում ՍԴ անդամների վրա՝ նրանց «կամավոր» վաղ կենսաթոշակի ուղարկելով, իսկ արդարադատության նախարարն էլ ասում է՝ ՍԴ նախագահն է ճնշում գործադրում ՍԴ անդամների վրա։ Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք։