«Հրապարակ». Նորմալ երկրում նրա նման մեկին վաղուց հեռացրել էին աշխատանքից

«Հրապարակ». Նորմալ երկրում նրա նման մեկին վաղուց հեռացրել էին աշխատանքից

Հարցազրույց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ։

- Զարեհ Սինանյանի կազմակերպած Համաշխարհային համահայկական գագաթնաժողովից ակնկալիքներ ունե՞ք։

- Ոչ միայն դրական ակնկալիք չունեմ՝ ճիշտ հակառակը․ վախենում եմ, որ, այսպես կոչված, «համաշխարհային հայկական գագաթնաժողովը» հայերի միասնականությունն ավելի խարխլի` ավելի պառակտի սփյուռքը։

- Սպասելի՞ էր Գարեգին Առաջինի եւ Արամ Առաջինի՝ գագաթնաժողովին չմասնակցելու փաստը, եւ ինչպե՞ս եք գնահատում նրանց կողմից իրենց չմասնակցելու վերաբերյալ պատճառաբանություններին։

- Գնահատելի է երկու վեհափառների խիզախ կեցվածքը։ Իշխանության հակաեկեղեցական դիրքորոշումն Էջմիածնի հանդեպ վաղուց լարված մթնոլորտ էր ստեղծել։ Գարեգին վեհափառը չի փափագել, որ եկեղեցին շահագործվի ռեժիմի հատվածական փիառին մասնակցելով, իսկ Արամ վեհափառը դժգոհել է ժողովի ժամանակի անպատեհությունից եւ խորհրդակցության պակասից։

- Այս գագաթնաժողովի իրական նպատակը, ըստ Ձեզ, իսկապե՞ս սփյուռքի եւ մայր Հայաստանի միջեւ կապերի ամրապնդումն է, թե՞ ավելի շատ աշխատանքի իմիտացիա է հիշեցնում:

- Սա համահայկական գագաթնաժողով չէ, այլ՝ հատվածական, ռեժիմին ի նպաստ արվող փիառ ակցիա։ Այս ռեժիմը ժողովրդին նաեւ ստում է, երբ ասում է, որ ինչ-որ հարցեր են լուծում, բայց իրականության մեջ հրավիրելով իրենց կողմնակիցներին միայն՝ այդպիսով ուզում են ցույց տալ, թե իբր սփյուռքն իրենց կողքին է։

- Մասնակիցների ցանկին ծանո՞թ եք, եւ արդյոք նրանք սփյուռքի կյանքում որոշիչ դեր խաղո՞ւմ են։

- Չեմ ուզում մեղադրել մասնակիցներին, որ ավելի չպառակտեմ առանց այդ էլ պառակտված ազգը։ Մարդիկ մասնակցում են՝ կարծելով, թե օգտակար են լինելու հայրենիքին՝ չիմանալով թաքնված նպատակը։

- Այդպիսով փորձում են ստեղծել մի կառույց, որի միջոցով ցույց կտան, թե սփյուռքն իրենց աջակցո՞ւմ է։

- Այո, պառակտում են սփյուռքը, ինչպես արեցին Հայաստանի ժողովրդի պարագայում։ Ցավալիորեն, չորս օրվա ընթացքում միայն մեկ ժամ են հատկացրել Արցախի իրավիճակի քննարկմանը։ Ստուգեցի ժողովի օրակարգի վերջին տարբերակը, տեսա, որ այդ ժամն էլ են հանել՝ հավանաբար այն բանից հետո, երբ Արցախի իշխանությունները բողոքել են օրակարգի անբավարարության մասին։

- Ինչպե՞ս եք գնահատում Սինանյանի գործունեությունը եւ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում նրա արձանագրած արդյունքները։

- Ես Սինանյանին կտամ զրո վարկանիշ։ Ոչ մի դրական աշխատանք չի կատարել, հակառակը` վատնել է ժողովրդի վճարած հարկերը, ճամփորդելով տասնյակ երկրներ։ Նորմալ երկրում նրա նման մեկին վաղուց հեռացրել էին աշխատանքից, բայց ո՛չ Հայաստանում, որտեղ անկարողությունն ու անփորձությունը նախապայման են պաշտոն ստանձնելու համար։ Բավական է այն, որ այս անձը Փաշինյանի հլու-հնազանդ կամակատարն է։

- Սփյուռքը ինչպե՞ս է տեսնում Հայաստանի հետ փոխհարաբերությունները, արդյոք առաջացած անջրպետը հնարավո՞ր է հարթել, կրճատել։

- Արդեն իսկ մեծ հարված է հասցրել ռեժիմը` սփյուռքն ու Հայաստանը պառակտելով, միակ բանը, որ կարող է փրկել իրավիճակը, իշխանափոխությունն է։