Ֆեյսբուքյան «գլավլիտ»

Ֆեյսբուքյան «գլավլիտ»

Արդեն երրորդ թե չորրորդ անգամ Ֆեյսբուքը փորձում է սխալ հանել ինձ: «Կեղծ տեղեկություններ, խարդախության եւ անվտանգության ռիսկեր պարունակող գովազդները կանխելու» նպատակով փակում է առանձին գրառումներս ու մեկնաբանություններս: Եվ դա ասվում է ինձ, որը շուրջ երկու տասնամյակ զբաղվել է կոռուպցիայի հարցով մամուլի մոնիտորինգով եւ ձեռք է բերել յուրաքանչյուր տեղեկատվություն ստուգելու սովորություն: Եվ այդ սովորությունը պահպանվել եւ օգտագործում է թե՛ Ֆեյսբուքում եւ թե՛ «Հրապարակում»:

Եթե թերթի ընթերցողներից ոմանք բախվել են այդ երեւույթին, ապա տեղյակ են, որ օգտատիրոջը Ֆեյսբուքը թույլատրում է համաձայն չլինել իր մասնագետների որոշմանը: Եվ վերջ: Դու չես կարող հաղորդագրություն թողնել՝ բացատրելու, թե ինչն ինչոց է, եւ բացահայտելու այդ վայ մասնագետների սխալները: Կամ էլ նրանց գիտակցված կանխակալ վերաբերմունքի դրսեւորումները: Բնական է, որ օգտվել եմ իմ այդ կիսատ-պռատ իրավունքից եւ անհամաձայնություն եմ հայտնել որոշման առումով:

Իսկ հիմա՝ ավելի կոնկրետ հերթական զգուշացման մասին: «Հրապարակի» գլխավոր խմբագրի խմբագրականներից մեկի («Ահա բուն նպատակը») ներքո թողել էի մեկնաբանություն. «Որպեսզի պատերազմում պարտության մեղքը չբարդեն շարքային զինծառայողների վրա եւ «գերագույն գլխավոր հրամանատարին» էլ ջրից չոր դուրս չբերեն, անհրաժեշտ է մասնակցել 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքին: Չմասնակցելով՝ դյուրին ենք դարձնում նրանց գործը»: Պատկերացնո՜ւմ եք, հենց այս գրառումն է գնահատվել որպես կեղծ տեղեկություն եւ կամ խարդախության եւ անվտանգության ռիսկեր պարունակող գովազդ: Եվ հանվել է թե՛ թերթի ֆեյսբուքյան էջից եւ թե՛ դրանից կախված՝ թերթի կայքից:

Փաստորեն, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերյալ այդ մեկնաբանությունը խախտել է ֆեյսբուքյան ընկերակցության կանոնները: Փաստորեն, այդ անձը, որ պաշտպանված է իրավապահ մարմիններով, ուժային կառույցներով, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, պաշտպանված է նաեւ Ֆեյսբուքի սեփականատիրոջ կողմից: Ինչ է սա, եթե ոչ ֆեյսբուքյան գրաքննություն, իսկ Ֆեյսբուքն էլ՝ ամերիկյան «գլավլիտ»:

Քանի որ այդ անձի վարչապետությամբ Հայաստանը վերածվել է «տարածաշրջանային փայլուն աստղի», ապա նույն ճակատագիրը մաղթում եմ նաեւ այդ բնութագրման հեղինակ եվրոպացի տիկնոջ եւ Ֆեյսբուքի սեփականատիրոջ հայրենիքներին:

Սակայն Ֆեյսբուքը չի ցանկանում նկատել ռասայական դիրքորոշումների դրսեւորումները նիկոլական ուսապարկային եւ արտաուսապարկային շրջանակներից: Իհարկե, եթե դա տեղի ունենար հենց Ցուկիի (այդպես են, չէ՞, մտերմաբար անվանում Մարկ Էլիոթ Ցուկերբերգին) հայրենիքում, ապա անպայման դրա դեմը կառնվեր: Դեմը կառնվեր, եթե նույնիսկ նման դրսեւորումների աղբյուրը լիներ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Ջոն Թրամփի նստավայրը: Սակայն քանի որ այն տեղի է ունենում թուրքից պարտված «ժողովրդավարական» երկրում, ապա Ցուկիին մնում է սոսկ ողջունել հայաստանյան հասարակության հետագա բաժանումները թուրքի դաշնակից գործող իշխանության եւ նրա ներկայացուցիչների կողմից:  

ՀԳ. Հոդված գրելու նախորդ օրը ֆեյսբուքյան իմ էջում տեղադրել եմ Դոնեցկում ուկրաինական ահաբեկչական խմբի ոչնչացման վերաբերյալ տեսանյութը: Հոդված գրելու պահին դրա եւ ֆեյսբուքյան գրաքննության միջեւ որեւէ կապ չեմ տեսել: Մի փոքր ավելի ուշ հիշեցի, որ մեկ թե երկու տարի առաջվա գրաքննությանը եւս նախորդել էր ռուսամետ ինչ-որ նյութի տեղադրում: Դրա լույսի ներքո հասկացվեց նաեւ, թե ինչու երեկվա իմ ստացած հաղորդագրության մեջ խոսվում էր երկու երեւույթի մասին, սակայն իրականում մեկն էր՝ երկրորդը նույնի կրկնությունն էր: Փաստորեն, գրաքննության եմ ենթարկվել այդ տեսանյութի տեղադրումից հետո: Եվ գտել են համապատասխան նյութ դրա համար՝ առանց երկար-բարակ ուսումնասիրելու այն. կարեւորը ենթադրաբար «գերագույն գլխավոր հրամանատար» ներքին հեշթեգն է եղել: Այսինքն՝ ստացվել է երկուսը մեկում՝ արգելվում են թե՛ ռուսամետ եւ թե՛ ընդդեմ Նիկոլի գրառումները: Իսկապես որ՝ ֆեյսբուքյան «գլավլիտ»: