Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ գտնվող հայերին Քննչականը կանչել է հարցաքննության

Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ գտնվող հայերին Քննչականը կանչել է հարցաքննության

Անցած շաբաթ մեր ձեռքում էր հայտնվել Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու մասին գրությունը` ուղղված Ինտերպոլին եւ տարբեր պետությունների իրավապահներին, որով հայազգի տարբեր գործիչներին ադրբեջանական իշխանությունները համարում են ահաբեկիչներ եւ առաջարկում` հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկել եւ հանձնել իրենց։ Ադրբեջանի գլխավոր դատախազը մեր հայրենակիցներին մեղադրել է պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության համար: Գրություներ են ուղարկվել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշության հատուկ ծառայությանը։

Հետախուզվողների ցանկում 24 անուն կա, հիմնականում` Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիներ, նաև Բելգիայի, Վրաստանի, Հորդանանի, Պաղեստինի, Սիրիայի, Բելառուսի և Ամերիկայի քաղաքացիություն ունեցող հայեր կան ցանկում։

Նրանցից մի քանիսը հանրությանը հայտնի դեմքեր են․ օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ և Ղրիմի կամավորականների միության ղեկավար, ռազմական գործիչ Արմեն Մարդոյանը, հայտնի հետախույզ Վովա Վարդանովը, որը ևս որպես ՌԴ քաղաքացի է ներկայացվել, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին եւ այլք։

Վովա Վարդանովը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն՝ ասաց, որ պետությունը պետք է իրեն պաշտպանի․ «Ես վերջիվերջո այս պետության քաղաքացին  եմ, դա իրենց ֆունկցիաներն է՝ ուրիշ երկրի նկատմամբ հարցեր բարձրացնել, ասել՝ այ ախմախ, այդ ինչի՞ հիման վրա ես հետախուզում հայտարարել, ի՞նչ է արել։ Ես ռազմական հանցանք չէի էլ կարող գործել, որովհետեւ ես քաղաքացիական թուրք չեմ էլ տեսել, որովհետեւ մենք կռվել ենք հայկական տարածքներում, ես եղել եմ իքս զորամասի հրամանատար, որպես ի՞նչ  է հետախուզում տվել։

- Որպես ահաբեկիչ են ձեզ ներկայացրել։

- Ես չեմ կարող ահաբեկիչ լինել, որովհետեւ ես պետության կառույցի ղեկավար եմ եղել, իմ ցանկացած գործողության համար պատասխան է տալիս երկիրը, որը ինձ որպես հրամանատար պահել է։

- Ասացիք՝ պետությունը պետք է պաշտպանի Ձեզ, ինչ-որ բան արե՞լ են պատկան մարմինները։

- Եղել է արձագանք, քննչական վարչությունն ինձ 2 օր հարցաքննել է, ուղղակի ես դրա մասին չեմ աղաղակել, դա եղել է մի քանի ամիս առաջ։ Ինձ հետ շատ բարեհամբույր են եղել։

- Ի՞նչ բովանդակության հարցեր էին տալիս։

- Ես տեռորի՞ստ եմ, թե՞ չէ։ Թուրքերը դիմել էին միջազգային կառույց, այնտեղից էլ ուղարկել էին այստեղ, իրենք էլ ավտոմատ չէին պատասխանել, որ այս մարդը զորամասի հրամանատար է եղել, հակառակը՝ ցուցմունքների մեջ այնպես փոխեցին, որ չնշեցին իմ պաշտպանության նախարարության տվյալ զորամասի հրամանատար լինելը։ Ի՞նչ հանցանք եմ գործել, որ կրակե՞լ եմ զենքով` իմ վրա եկող թուրքական ստորաբաժանումների վրա, բա ի՞նչ պիտի անեի կրակելուց բացի։

- Դրանից հետո Ձեզ չե՞ն զանգահարել։

- Ոչ, դրանից հետո ինձ հետ կապվեցին կառավարությանն առընթեր ինչ-որ կառույցից, որը այդ գործով զբաղվելու է, վերջապես մեկ տարի հետ։

- Կառավարության ներկայացուցիչները ի՞նչ էին ձեզանից ճշտում։

- Ոնց եմ եղել, ինչ եմ եղել, ինչ կառույց եմ ղեկավարել, բայց խնդիրը նրա մեջ է, որ ինձ որպես զորամասի հրամանատար են մեղադրում։

ՀԳ. Դատախազությունից այս հետախուզումների վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ Ադրբեջանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, դրանց հիման վրա հայտարարված հետախուզումներն ապօրինի են, անհիմն և ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ու շարժառիթներ, և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ազգային ատելության շարժառիթներով իրականացվող պատերազմական գործողությունների տրամաբանական շարունակությունը:

«Նույն բնույթն ու նպատակներն ունեն նաև ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ նմանատիպ քրեական հետապնդումները: ՀՀ գլխավոր դատախազությունը այդ հետապնդումների մասին տվյալներ ստանալու դեպքում դիմում է ապօրինի հետախուզման դեմ ուղղված  կանխարգելիչ քայլերի կամ համարժեք քայլերի: Նախ՝ ներկա պահին պատերազմական հանցագործությունների կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաև՝ ԱՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, ի տարբերություն ադրբեջանական կողմի շինծու, հապճեպ, առանց հիմնավոր ապացույցների իրականացվող գործընթացի, հիմնված են մանրամասն իրականացվող քննությունների ընթացքում ձեռք բերվող անհերքելի ապացույցների  վրա:

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարությանը՝ ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու նպատակով: Ի դեպ, նման՝ գործնական արդյունքներ ապահոված մոտեցումը որդեգրվել և շարունակվում է դեռևս 2017 թվականից: Միջոցներ են ձեռնարկվում նաև նույն հիմնավորմամբ այլ հետախուզական ուղիներն օգտագործելու Ադրբեջանի փորձերը ևս կասեցնելու ուղղությամբ»։