ՔԿ-ն այնպես էր գովում «Լիդիանին», որ միայն թառն ու քամանչան էին պակասում

ՔԿ-ն այնպես էր գովում «Լիդիանին», որ միայն թառն ու քամանչան էին պակասում

Երեկ ներկայացրել էինք ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի hարցազրույցը «Ամուլսար»-ի հետ կապված քրեական գործի հարուցման համար հիմք դարձած նամակը գրելու շարժառիթի ու նախապատմության մասին։ Այսօր ներկայացնում ենք Գագիկ Համբարձումյանի դիտարկումներն այն առնչությամբ, թե քրեական գործն ինչ ուղղությամբ պետք է գնար՝ ճիշտ արդյունքի հասնելու համար, եւ ոչ թե նոր հարցականներ ավելացներ ու էլ ավելի ծանր դրության մեջ դներ կառավարությանը։

- Պարոն Համբարձումյան, մի քիչ խոսենք նախաքննության ընթացքի մասին։

- Քննությանը չեմ անդրադառնա, որովհետեւ քննության տվյալները չունեմ եւ դրանց անդրադարձ կատարելու իրավունք չունեմ, բայց քանի որ իրենք հրապարակել են փորձաքննությունների արդյունքներով զեկուցումներ օգոստոսի 19-ին, հետո քննչական խմբի ղեկավարն ասուլիս տվեց։ Այսինքն՝ փորձաքննությունների մասին բավականաչափ ինֆորմացիա կա։ Եվ այս հարցազրույցով ուզում եմ ցույց տալ, որ այդ փորձաքննությունների մասով ինչ վիճակ են իրենք ստեղծել իրենց դիլետանտիզմի պատճառով։

- Այսինքն, փորձաքննություն ասելով՝ Դուք այդպիսի փորձաքննություն չէիք ակնկալում։

- Ո՛չ այդ ձեւով իրականացնելու, ո՛չ այդ մոտեցմամբ գնալ փորձաքննության, էդպես իրականացնել ու վերջում էլ այդպես գնահատել։ Ո՞րն է իմ մոտեցումը։ Ոնց որ ասում է՝ դրդեցին խոսել, ես չէի էլ ցանկանում։ Նախ․ քրեական գործ հարուցելուց հետո մեկ ամիս էլ չէր անցել, օգոստոսին նշանակում են փորձաքննություն՝  ԳԱԱ-ին կից ՊՈԱԿ-ում, որին ընդգրկում են, իրենց խոսքերով՝  ակադեմիայից, համալսարանից 22 մեծանուն գիտնականների։ Լավ եք անում։ Դրանից հետո այդ զեկուցման մեջ նախաքննական մարմինը հայտարարում է․ «Երբ փորձաքննությունն ավարտվեց, կրքերն Ամուլսարի շուրջ թեժ էին, եւ հաշվի առնելով, որ «Լիդիանը» միջազգային կազմակերպություն է, որոշեցինք նշանակել միջազգային փորձաքննություն»։ Հիմա այստեղից շատ օբյեկտիվ եւ շատ հասարակ հարց է առաջանում․ եղբա՛յր, օգոստոսին նշանակել եք փորձաքննություն, դեկտեմբերին այն ավարտվել է, 5 ամի՞ս էր ձեզ պետք, որ գլխի ընկնեիք, որ քննարկումները թեժ են, եւ «Լիդիանն» էլ միջազգայի՞ն կազմակերպություն է։ Սկզբից գլխի չէի՞ք։ Ինչո՞ւ նշանակեցիք տեղական փորձաքննություն եւ 5 ամիս վատնեցիք պետական ռեսուրսները, ֆինանսներն ու ժամանակը։

- Այսինքն՝ ակնարկում եք, որ անգործությա՞ն են մատնված եղել։

- Չէ, ոչ պրոֆեսիոնալիզմ։ Եթե մի բան էս գլխից իմանում եք, դրան համարժեք որոշում կայացրեք։ Միանգամից հենց սկզբից նշանակեիք միջազգային փորձաքննություն։ Ի դեպ, այդպես էլ չհրապարակվեց մեր տեղական փորձաքննության եզրակացությունը, համենայնդեպս, ես տեղյակ չեմ նման հրապարակումից, որպեսզի իմանայինք՝ մեր տեղական փորձագետներն ի՞ն չ եզրակացության են եկել վնասների, վտանգների ու ռիսկերի մասին։ Այդպիսիք կայի՞ն, թե՞ ոչ, կամ՝ փորձաքննությանը մասնակցող 22 գիտնականներից մեկը առանձին կարծիք նշել՞ է, թե՞ ոչ։ Հրապարակման դեպքում հնարավորություն կունենայինք համադրել 2 փորձաքննությունների եզրակացություններն ու արդյունքները։
Հաջորդը․ երբ նոր գլխի են ընկնում, որ պետք է նշանակել նոր փորձաքննություն, այստեղ սկսվում են արդեն շատ հետաքրքիր քայլեր ու վիճակներ։ Որոշում են, որ պետք է փորձաքննություն իրականացնողի տենդեր հայտարարեն, ճիշտ է՝ ինձ համար նորություն է մրցույթով փորձագիտական մարմին ընտրելը, սակայն անցնենք տենդերին։ Փոխվարչապետ Ավինյանն ասաց, որ տենդեր հայտարարելու համար իրենք հարցումներ են արել  հանքարդյունաբերության հետ կապված միջազգային կազմակերպությանը, թե ինչ հայտնի փորձագիտական կազմակերպություններ կան՝ փորձագիտական աշխատանքներում ընդգրկելու համար, եւ նրանք էլ տվել են «ԷԼԱՐԴ»-ի անունը։ Դրա դեմ բան չունեմ, բայց տարօրինակությունները սկսվում են դրանից հետո։ Նախ՝ ոչինչ չասվեց այլ կազմակերպությունների մասին, ինչո՞ւ չնշվեցին մի քանի այլ փորձագիտական մարմինների տեղեր, ինչո՞ւ ոչ մի ուրիշ կազմակերպության անուն չտրվեց։ Գուցե ասել են, բայց այդ՝ փոխվարչապետին զեկույցներում չնշվեց, որ տրվել են։ Երբ որոշվում է «ԷԼԱՐԴ»-ը, նրա ներկայացուցիչները գալիս են Հայաստան, եւ վարչապետի մոտ դա տրամաբանական հարցեր է առաջացնում, եւ սրանք մեկնաբանում են որպես՝ «նա ծանոթանա փորձաքննության ծավալին ու բնույթին», եւ բացի այդ, սա է կարեւորը, օգնի մերոնց ձեւակերպել տեխնիկական առաջադրանքը։ Վարչապետն այս պատասխանը լսելով՝ իրավաչափ հարց տվեց՝ «բա ըտենց ո՞նց կլինի, եթե տենդեր էիք հայտարարելու, դրա մասնակիցներից մեկի կողմից առաջադրանքի ձեւակերպումը նման կլինի, որ առեւտրային տենդերի դեպքում մասնակիցներից մեկը գա ու ձեւակերպի պայմաններ, որոնք միայն իր հագով լինեն»։ Սրան, ըստ էության, ոչինչ չասող, ցրողական պատասխան են տալիս, թե՝ չէ, այսպես չէ, այնպես չէ։ Եվ անգամ զարմացա, որ վաչապետն այդ պատասխանն ընդունեց։ Հիմա նրանք գալիս են այստեղ ձեւակերպելու տեխնիկական առաջադրանքը, եւ այստեղ արդեն ինձ մոտ է հարց առաջանում։ Հարգելինե՛րս, դուք գնահատեցիք, որ Հայաստանում՝ ՊՈԱԿ-ում, ԳԱԱ-ում կան բարձրորակ մասնագետներ եւ 22 գիտնականներ, որ փորձաքննություն կատարեն։ Հիմա միջազգային փորձաքննության համար, որ նույն շրջանակներն է ընդգրկելու, դուք գնահատում եք, որ էդքան նշանավոր գիտնականները, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք եւ մնացած մասնագետները չունե՞ն էդ պոտենցիալը, կարողությունը, որ ընդամենը տեխնիկական առաջադրանք ձեւակերպեն։ Ասեմ, որ տեխնիկական առաջադրանք ձեւակերպելը մի քիչ վերամբարձ է հնչում, բայց ընդամենը փորձաքննությամբ պարզաբանման ենթակա հարցերի ձեւակերպումն է։ Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, երբ «ԷԼԱՐԴ»-ն ինքն իրեն հարմար հարցեր է ձեւակերպում՝ որպես տեխնիկական առաջադրանք։ Այստեղ մի նրբություն էլ կա․ Քրեական դատավարության օրենսդրությունը թույլ է տալիս, որ եթե փորձաքննության իրականացման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ նոր լրացուցիչ հարցեր պետք է տրվեն, կարող են լրացնել նոր հարցերով։ Դրանից բացի, եթե փորձաքննության ընթացքում պարզվում է մի հանգամանք, որի պարզաբանման համար հարցադրում չի արվել, ինքը պարտավոր է այդ հարցադրումը դնի եւ տա պատասխանը։ Այսինքն՝ որեւէ խնդիր չէր կարող առաջանալ, որ հենց փորձաքննություն կատարող «ԷԼԱՐԴ»-ը գար եւ այդ հարցերը ձեւակերպեր։ Սա նույնպես խաթարում է նախաքննության եւ փորձաքննության նկատմամբ  վստահությունը։

- Սրանից կոռուպցիայի հոտ գալի՞ս է։

- Ձեռնպահ կմնամ կոռուպցիոն հոտերի մասին խոսելուց, առայժմ սահմանափակվում եմ՝ ասելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ պրոֆեսիոնալիզմն ու դիլետանտիզմը եւ արդեն իսկ դրական հակվածությունը «Լիդիանի» նկատմամբ անչափ ակնառու են։ Բայց նորից անդրադառնանք տենդերին․ մասնակցում են 2 կազմակերպություն՝ «ԷԼԱՐԴ»-ը եւ մեկ բրիտանական կազմակերպություն։ Նախ, այդտեղ էլ խառնաշփոթ կա, երբ վարչապետը հարցնում է՝ բա ո՞նց է, որ տենդերը չշահեց բրիտանական կազմակերպությունը, «ԷԼԱՐԴ»-ը շահեց։ Այստեղ մի հետաքրքիր բան են ասում․ «Քանի որ այդ բրիտանական կազմակերպությունը մինչ այդ մասնակցել էր «Թեղուտի» պոչամբարի, թե այլ հանքի փորձաքննությանը եւ անորակ աշխատանքով իրեն հեղինակազրկել էր, դրա համար տենդերային հանձնաժողովը որոշեց նրան չտալ առաջնություն»։ Այստեղ նորից հարց, որն առաջանում է ինձ մոտ․ հարգելինե՛րս, երբ մրցույթը հայտարարեցիք, եւ այդ հեղինակազուրկ բրիտանական կազմակերպությունը ներկայացրեց փաստաթղթեր, էդ ժամանակ չգիտեի՞ք, որ հեղինակազրկված է։ Ինչո՞ւ, ուրեմն, վերցրիք փաստաթղթերը եւ թույլ տվեցիք տենդերին մասնակցել։ Իմ կարծիքով՝ օբյեկտիվության, անաչառության եւ մրցակցային պատրանք՝ քող ստեղծելու նպատակով, որովհետեւ «ԷԼԱՐԴ»-ը կմնար մենակ, եւ դա տենդեր չէր դառնա։ Եվ այդ պատրանքը ստեղծելու համար, նախապես իմանալով, որ բրիտանական կազմակերպությունը մասնակցի իբրեւ թե «տենդերին»։ Հիմա սա ավելացնո՞ւմ է վստահությունը նախաքննության մարմնի նկատմամբ։
Մեկ այլ հանգամանք․ այդ փորձաքննությանը մասնակից են դարձնում նաեւ «Լիդիանի» փորձագետներին՝ որպես փորձաքննության կողմ։ Նախ պարզենք, թե նախաքննության ընթացքում կողմերն ովքեր են․ տուժողներն են եւ մեղադրվող կողմն է։ Տուժողը եւ մեղադրվող կողմերը նախաքննությանը հընթացս որոշվում են քննիչի հատուկ որոշումներով։ Այդ փուլում մեղադրվող  կողմ չկար, բայց ենթադրվում էր։ Եվ հարց՝ եթե դուք մասնակից էիք դարձնում «Լիդիանին»՝ մի կողմին, ապա մյուս կողմը՝ տուժողը, ո՞վ էր լինելու՝ երկի՞րը, ժողովո՞ւրդը, բնապահպաննե՞րը։ Նրանց ներկայացուցիչներն ինչո՞ւ չեն մասնակցում։ Հիմա․ որպեսզի օբյեկտիվությունը պահպանվի, քրեական դատավարությունը նախատեսել եւ կարգավորել է որոշակի վիճակներ․ քննիչը կայացնում է որոշում, հարցադրումները մշակվում են ինքնուրույն կամ մասնագետների հետ խորհրդատվություններով։ Դրանից հետո կայացված որոշումը՝ հարցադրումներով, ծանոթացվում է կողմին կամ հնարավոր կողմին։ Եվ Դատավարական օրենսգիրքը թույլ է տալիս ծանոթացողին՝ հնարավոր կողմին, իր կողմից լրացուցիչ հարցադրումներ անել։ Որ ա՛յս, ա՛յս հարցերը պարզեք, եւ քննիչը պարտավոր է դա մտցնել փորձաքննության առաջադրած հարցերի ցանկում։ Այսինքն՝ օբյեկտիվությունը համապարփակ դարձնելու համար դատավարական մեխանիզմները սրանք են։ Նախատեսված այլ բան չկա։ Էնտեղ էլի զավեշտներ կան՝ փորձաքննության հետ կապված։ Նախ, երբ էլի զեկուցում են, վարչապետն էլ նշեց, որ մի քանի թերթ դրական բաների մասին է խոսվում, 300 թերթ՝ բացթողումների, թերությունների ու մտահոգությունների։ Սա լուրջ հարցադրում է։ Եվ դրա ոգով ուզում եմ այդ միտքը շարունակել, որ, ըստ էության, արդեն եզրակացության մեջ նշվում է, որ փորձագետները խոսում են թերությունների մասին, որ էս ելակետային տվյալները պակաս են, մյուսները թերի են, ստորջրյա ջրերի քարտեզները չկան կամ էն չեն։ Տասնյակ նման թերություններ։ Այստեղ նույնպես իրավական տեսակետից մասնագիտական հարցեր են առաջանում։ Վարչապետն ընդհանուր քննարկման ժամանակ պարտավոր չէր այդքան նեղ մասնագիտական հարցեր իմանալու եւ առաջադրելու համար, բայց ես հարցնում եմ՝ եթե պակաս են ելակետային տվյալները, ինչո՞ւ ես ավարտում փորձաքննությունը եւ եզրակացություն տալիս։ Օրենսդրությունը դա էլ է նախատեսում․ եթե ելակետային տվյալը նշանակված փորձաքննության ժամանակ պակաս է, ըստ նախատեսվածի՝ կասեցվում է փորձաքննությունը, միջնորդություն է հարուցվոււմ, որ այդ տվյալները չկան, դրանք պետք է հավաքվեն։ Ելակետային տվյալները որո՞նք են․ այն տվյալների բազան, որը փորձագետը պետք է ուսումնասիրի եւ այդ տվյալների վերաբերյալ տա եզրակացություն։ Եթե այդ տվյալները չկան, ի՞նչ են ուսումնասիրում եւ եզրակացություն տալիս։ Հո փորձագետը եղունգ չի՞ նայելու։ Բայց էլի մի իրարամերժ բան կա, քանի որ ավելի ուշ հրավիրված ասուլիսին քննչական խմբի ղեկավարը մի գաղափար ասաց, որ  մայիսի 15-ի քննարկման ժամանակ «ԷԼԱՐԴ» կազմակերպության փորձագետն ասել է, որ տվյալներն ամբողջական են, բացակա ոչինչ չկա, եւ դրանց հիման վրա կարող են կատարել փորձաքննություն։ Հիմա որի՞ն հավատանք։ Եթե մայիսի 15-ին ասում է, որ տվյալներն ամբողջական են, բայց եզրակացության մեջ նշվում է, թե ինչքան թերություններ կան հենց ելակետային տվյալների մեջ։
Սա իմ՝ որպես երկար տարիներ ե՛ւ քննիչ, ե՛ւ քննչական ապարատի ղեկավար աշխատած մարդու ուղեղի մեջ պարզապես չի տեղավորվում, թե նման պայմաններում ի՜նչ եզրակացության մասին է խոսքը։ Ի՞նչն են եզրակացրել։ Մասսայական ոչ պրոֆեսիոնալիզմ, իսկ հետո արդեն գալիս է զավեշտը, քանի որ երբ  ներկայացվում է եզրակացությունը, քննչական ապարատի ներկայացուցիչները զեկուցում են վարչապետին,  որ փորձաքննության ընթացքում «ԷԼԱՐԴ»-ի եւ «Լիդիանի» փորձագետները «բանավիճում էին, գիտական տերմիններով տերմինոլոգիաներով եւ այլն, եւ այլն», եւ այդ բանավեճի ընթացքում, քննչական մարմինների ղեկավարի խոսքով, բանավեճի ընթացքում «Լիդիանի» փորձագետների փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներինը։ Սա արդեն իսկ «Լիդիանի» օգտին գովք անելու երեւույթ չէ՞։ Այդ ներկայացմանը միայն մի բան էր պակասում՝ քամանչան կամ թառը։ Նման նախաքննական մարմինը նման կողմնակալ վերաբերմունքով, բառապաշարով ու բառակազմով նման լուրջ քննարկմանը հանրապետության ղեկավարին նման ձեւով է ներկայացնում․ հիմա սրան ի՞նչ գնահատական տաս։  

- Ասում եք՝ քննչական մարմինները ոչ կոմպետենտ են․ այլ գործերի հետ կապված՝ ե՞ւս նման դիտարկում ունեք, նաեւ այն կոնտեքստում, որ ներկայիս Հայաստանի պայմաններում ամեն մի քննիչին բաժին է ընկնում մոտ 80 գործ։ Էլ ի՜նչ լավ նախաքննություն։ Փաստորեն, ե՛ւ քանակ, ե՛ւ որակ։

- Այս հարցազրույցով նպատակ չեմ հետապնդդում հեղինակազրկելու պետական կառույցը՝ ՔԿ-ն։ Միայն ասեմ, որ բացի Ձեր հարցադրումներն ու ծանրաբեռնվածության էլի այնքան հարցեր կան։ Ես անգամ վստահ չեմ՝ իրենք կուրսի մե՞ջ են այդ պրոբլեմներից, որ ունեն, թե՞ ոչ։ Դա երկու խոսքով ամփոփել հնարավոր չէ, դա մի ամբողջ առանձին քննարկման թեմա է։

- Որպես նախկին փոխոստիկանապետ՝ ինչ կասե՞ք․ նոր Հայաստանում ի՞նչ փոխվեց ոստիկանության պահվածքի մեջ։

- Որ շատ բան կարող եմ ասել՝ առարկայական, փաստարկված, մի վայրկյան չկասկածեք, բայց չեմ ցանկանում շատ ընդգծված քննադատական խոսքեր ասել։

- Ջերմուկ ոստիկանական ուժեր են տեղափոխվում, հնարավո՞ր է բիրտ ուժ կիրառվի։ Ի՞նչ կասեք։

- Ախր, ոստիկանությունն ուժային մարմին է, եւ բիրտ ուժ կիրառել անհրաժեշտության դեպքում՝ ոչ թե կարող է, այլ պարտավոր է։ Դա աքսիոմ է։ Բայց կարծում եմ՝ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, մի փոքր այլ որոշում կկայացվի։ Օրինակ՝ եթե ես որոշում կայացնեի կամ խորհուրդ տայի, բավականաչափ տարբերվող որոշում կկայացնեի։ Բայց իմ մոտեցումները չեմ ներկայացնի՝ ավելորդ խանդի տեսարաններ թույլ չտալու համար։
Որպես ամփոփում՝ խոսքս ավարտեմ վարչապետի ելութից այն հատվածով, որ որոշում կայացնելու համար, ենթադրենք՝ թույլտվության, պետք է ունենա 100 տոկոսանոց երաշխիք, որ օդին, ջրին, հողին որեւէ վնաս չի լինելու։ Իսկ այդ երաշխիքը ձեւավորելու ամենագործուն ու ծանրակշիռ մեխանիզմը պետք է լիներ այս քրեական գործը եւ դրա շրջանակում նշանակված փորձաքննությունը։ Ես լրիվ հասկանում եմ վարչապետի վիճակը՝ այդ երաշխիքների հետ կապված, եւ նրա մտահոգությունը։ Բայց եթե երաշխիքը պետք է ձեւավորվեր նման դիլետանտ մոտեցումներով, եւ իրեն հրամցվեին նման վիճակներ, ապա դա ոչ միայն հարցերին պատասխաններ չտվեց, այլեւ որոշում կայացնելու առումով շատ ավելի դժվարին կացության մեջ դրեց իրեն։
Այսինքն՝ նախաքննական մարմինը ոչ միայն չի կատարել իր առջեւ դրված խնդիրը, այլեւ առաջացրել է լրացուցիչ պրոբլեմներ երկրի ղեկավարի համար։ Հետեւաբար, նորից եմ ասում՝ ցանկացած լավ գաղափար՝ վատ իրականացմամբ, շատ ավելի վատ արդյունքի է հանգեցնում, քան անգործության մատնվելն ու ոչինչ չանելը։