Նախարարի խելքին աշեցեք

Նախարարի խելքին աշեցեք

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

ՆԱԽԱՐԱՐԻ  ԽԵԼՔԻՆ  ԱՇԵՑԵՔ

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի աշեցեք, 
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից.
Պատերազմ է մտել, խելքի աշեցեք։

Հենց սկզբից ասեմ, որ փոխաբերական իմաստով այդ անմիտ ճնճղուկը ես եմ, իսկ բազեն՝ Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է:

Ներքին մի ձայն ինձ հուշում է, որ Ջիվանին, եթե ապրեր մեր օրերում, ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում իրադրություն է փոխվել, անպայման պիտի փոխեր իր երգի տողերը.

Գոռոզ բազեն ճնճղուկի բերնից

Ուզում է վերջին պատառը  խլել, խելքի աշեցեք… 

Իսկ հիմա ըստ էության: Ճնճղուկը, ով կենսաթոշակառու էր,   համարձակվել էր   իր իրավունքը պաշտպանելու համար դիմել  դատարան և Հայաստանի վարչական դատարանի առաջին ատյանում /դատավոր Հրաչիկ Այվազյան/ նրա  հայցը մասնակի բավարարվել էր,  ինչը սակայն Սերժ Սարգսյանի ժամանակվա  երկրի նախկին գլխավոր գանձապահի և  Նիկոլի ժամանակվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի սրտովը չի եղել,  և նա բողոք է գրել վերաքննիչ դատարան, որ այդ հայցն ամբողջովին մերժեն: Գուցե հարց առաջանա, թե այս հզոր բազեն ինչու հանկարծ բանուգործը թողած, գնաց գլուխ դրեց այս անմիտ ճնճղուկի հետ, միթե չուներ իրավաբանական վարչություն կամ ծառայություն, ինչու նրանց մի կողմ քշեց և ինքը մտավ նախարարին ոչ այնքան ««վայել» այս փոքրիկ հարցի մեջ: Սակայն պարզվում է այս հարցն այնքան էլ փոքր հարց չէր: Եթե ճնճղուկը հաղթեր, պետբյուջեն դատարկվելու վտանգի առջև էր հայտնվելու:  Իսկ  այդ ամենը հասկանալու համար հարկ ենք համարում հիշեցնել տարիներ առաջվա մի եղելություն։ 

Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ առյուծ կտրած,  նախագահին թույլատրվող բառապաշարով «բզկտում էր» Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան ին: Տես տեսապատկերը։                                     

-Տիգրան, 4 տարի է մենք քեզ հետ խոսում ենք էս թեմայով, 4 տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են, ասում եք՝ վեց ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի, մեկը դրա համար պատասխան պիտի տա, թե՝ չէ, թե՞  անպայման պիտի մարդ ձերբակալենք, Խաչիկյանի պատմությունը մեջտեղ բերենք, տասը անգամ ասում էինք թոշակները, նպաստները  կարգավորեք, բոլորն ասում էին էստեղ կարգին է, էստեղ բան չկա, վերջը պարզվեց, որ տարեկան 11-12 միլիարդ դրամ էնտեղից կարելի էր  տնտեսում անել:  

Նախագահին այն ժամանակ ոչ-ոք հարց չտվեց, թե ինչու կենսաթոշակայինից բացի տնտեսումն այլ տեղերում չտեսան կամ  եթե կարելի էր այստեղ  տնտեսում անել,  ինչու շռայլում էր եղել և ով պատասխան տվեց; Եվ ի՞նչ տնտեսում էր դա:Թոշակների հավելավճա րումնե՞ր:Կամ գուցե հասանելիք կենսաթոշակները չվճարվեցի՞ն կամ էլ վճարվեցին մասնակի՞: Վերջում Սերժ Սարգսյանն  աճպարարի հմտությամբ բութ մատը մի փոքր հեռացնելով ցուցամատից հարսիկի խոնարհությամբ իր  դեմ նստած վարչապետին ասել էր.

-Գլխից պիտի բռնել, գլխից:

Եվ վարչապետը հավանաբար այդ օրը միայն հասկացավ, որ «գլխից բռնել» նշանակում է նախագահի աշխատակազմին տրվող գումարների ավելացում պիտի կատարել: Նախագահական նստավայրին հատկացվեց տարեկան 135 միլիոն դրամ սանիտարա-հիգիենիկ պիտույքների և 8 միլիոն դրամ՝ զուգարանի թղթերի համար: 85 000 դոլար` վարագույրներին, 34 000 դոլար` հարսանիքի ճանապարահածախսերի համար; (Թե ո՞ւմ  հարսանիքի, դա նախագահի որոշելիքն էր, մնում էր, որ  գումարներ հատկացվեին նախագահին նաև նորակոչիկների բանակի քեֆերի և դպրոցական վերջին զանգերի միջոցառումներին մասնակցելու համար, պրծ, նախագահն այլևս  ձեռքը գրպանը չէր տանի  ծախսեր անելու համար: Այստեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտածեց, որ  եթե բացի նախագահից  ձեռքի հետ նաև վարչապետի համար էլ կիլոգրամը 10 հազար եվրո արժողությամբ  տրյուֆել կոնֆետի  գումարի հարցը լուծեր, ամեն ինչ իր տեղը կընկներ, նախագահն այլևս չէր ջղայնանա իր վրա: Հետո հիշեց, որ նախագահի ցողունային բջիջների հարցն էլ պիտի լուծեր, նորից ընկավ մտատանջությունների մեջ:

Փաստական վերոհիշյալ տեղեկությունները վերցված են մամուլից, դրանք օգտագործվել  են  նաև 2016 թվականին հրապարակված իմ  «ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ» գրքում,  ճիշտ են, քանզի մինչև օրս հերքված չեն:

Հիմա անցյալին թողնենք իր անցյալ անկատար ժամանակի մեջ և խոսենք այսօրվա  կատարյալ օրերի ճնճղուկի և բազեի մասին:Ասացինք, որ Բազե հորհորջված ֆինանսների նախարարը որոշել էր, արդարադատության մարմինների վրա իր բարձր դիրքն օգտագործելով,  բողոքի դիմում գրել վերաքննիչ դատարան, որով պահանջում էր ամբողջովին մերժել կենսաթոշակառուի հայցը, որը վերաբերվում էր նրա աշխատանքային ստաժի սխալ հաշվարկի և դրա հետևանքով թոշակի թերավճարմանը: Այստեղ ոչ մի անօրինական բան չկար: Ֆիննախարարն օգտվել էր օրենքով սահմանված իր իրավունքից։

Օրենքը նրան դա թույլ էր տալիս, սակայն օրենքը նրան ոչ մի դեպքում թույլ չէր տալիս իր առջև տրված առաջադրանքն իրականացնելու համար նենգափոխել կամ խմբագրել օրենքն իրեն ցանկալի ձևով:Նախարարը հղում կատարելով Պետական կենսաթոշակի մասին օրենքի  32-րդ հոդվածին՝  փոխում է մի բառ, ընդամենը մի բառ, որով կարող էր փոխվել իրադրությունն այնպես, որ առաջին ատյանի որոշումը կդառնար բեկանելի:Հավանաբար մտքով անցնելիս է եղել, թե վերաքննիչի դատավորներն իր անուն ազգանունը կարդալով՝ ֆինանսական սարսուռներ պիտի ունենային և առանց  օրենքի բնագիրը կարդալու  նրա մեջբերումը կընդունեին որպես անառարկելի ճշմարտություն;Ահա այդ օրենքը. Պետական Կենսաթոշակի մասին օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, Հոդված 32. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը եւ ստաժը հաշվառելու կարգը
    1. Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային uտաժը հաuտատող հիմնական փաuտաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ uոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթուղթը: Սա օրենքն է, սակայն ֆինանսների նախարարն այս օրենքի մեջ ավելացնում է մի բառ, որը չկա օրենքում:Այդ բառն իսկ շաղկապն է, որն ավելացնում է 1992 թվականից առաջ և ստացվում է, ըստ իրենց լեզվագիտական մեկնաբանության, որ 1992 թվականից աշխատանքային գրքույկն այլևս չի համարվում գլխավոր փաստաթուղթ:Անմիտ ճնճղուկը, ով ունի լեզվագիտական կրթություն կարողացավ դատարանին համոզել, որ եթե իսկապես աշխատանքային գրքույկը կորցնում էր իր գլխավոր  դերը, ապա այդ դեպքում օրենքի շարադրանքում բացառողական բայց  իսկ, սակայն շաղկապները պիտի լինեին ոչ թե 1992 թվականի բառակապացությունից առաջ, այլ կամ շաղկապից առաջ, ինչը չի եղել: Հավանաբար ֆինանսների նախարարության՝ դատարանում ներկա գտնվող աշխատակիցները սխալ տեղեկություն են տվել  հայոց լեզվի իմացությամբ չփայլող նախարարին և բոլորով միասին ընկել են իրենց իսկ փորած փոսի մեջ: Նրանք  պիտի իմանային, որ օրենքները կիրառվում են բառացի և ուղիղ իմաստով, ոչ թե իրենց ցանկալի մեկնաբանությամբ:Ենթադրում եմ, որ պետական մեր չինովնիկները դպրոցում սովորելիս հաճախ են հայոց լեզվի դասերից փախել, այս դեպքում կոնկրետ հայոց լեզվի շաղկապների մասին անցկացվող դասաժամերից:

Այս անմիտ ճնճղուկն իր հայցադիմում նշել էր նաև իրավական մեկ ուրիշ նորմի մասին, որը հավանաբար չգիտեր ֆիննախարարը: Եթե օրենքի շարադրանքում առկա  է  տարընթերցում, ապա այն լուծվում է հօգուտ հայցվորի:
Կարդալով նախարարի, ինչպես նաև սոցծառայության պետի տեղակալի  բողոքի դիմումները՝ այն տպավորությունն ենք ստանում, որ նախարարը, սոցծառայության պետի տեղակալը  կամ նրանց բողոքները շարադրող աշխատակիցներն իրենց խերն ու շառն էլ չեն հասկացել, գրել են բաներ, որոնք ապացուցում են, որ կենսաթոշակային ծառայությունում ամեն ինչ բարձիթողի վիճակում է, այստեղ իշխում է կամայականությունն ու քաոսը: Օրինակ՝ գրված է, որ  հայցվոր «անմիտ ճնճղուկս» 6 անգամ դիմում եմ ներկայացրել, որոնցով պահանջել եմ, որ վերականգնվի իմ աշխատանքային ստաժը, ինչը սխալ է հաշվարկված եղել:

Այդ դիմումներից հետո, նրանք հպարտորեն նշում են, որ ամեն անգամ մինչև իսկ 10-12 տարով ավելացրել են ստաժիս տևողությունը: Միայն այս գրառումն էլ բավական էր հասկանալու, որ այս ասպարեզում վիրահատական լուրջ միջամտություններ են հարկավոր: Նախարարն իր բողոքի դիմումում որպես գլխավոր փաստարկ վկայակոչում է նաև վարչական դատարանի վերաքննիչ և վճռաբեկ դատարանների անցյալ՝ «սերժական» ժամանակների նախադեպային որոշումներ, որոնցով մերժվել են կենսաթոշակային նմանատիպ հարցերն ու պահանջները՝ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված պետական ռեկետի կամ ահաբեկչության մեթոդներով՝ «Խաչիկյանի պատմությունը մեջտեղ բերելով» : Նախկին գանձապահն երևի մոռացել է, որ իրավիճակ է փոխվել և այլևս չեն անցնի հին մեթոդներն ու եղանակները, և եկել է ժամանակը, որ տարիներ շարունակ տուժված թոշակառուները ստանան իրենցից հանիրավի պահված գումարները:Գուցե իսկապես իմ այս գործը չի նպաստում պետության բյուջեի խնայողության գործին:Իսկ այն պետությունը, որը խնայում է ծախսեր կատարել կենսաթոշակառուների, հաշմանդամների և հիվանդների համար, պետություն չի կարող կոչվել, ինչպես կասեր Միքայել Նալբանդյանը, այն կարելի է կոչել միայն «Ունևորների քաղաքական կազմակերպություն»։ 

Համեստ հաշվարկներով իմ կենսաթոշակից 10-15 տարիների ընթացքում գողացվել է գրեթե մեկ միլիոն դրամ: Ո՞ւմ գրպանում է այն հայտնվել, չգիտեմ, գուցե որպես պարգևավճար՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների՞, նրանց քարտուղարուհիների՞, կամ գուցե  ծախսվե՞լ է բանակի համար, ինչն ինձ համար մեծ սփոփանք կլիներ: Այս վերջինը կարծես բացառվում է, քանի որ մեր զինվորը 80-ականների զենքով էր կռվել թշնամու դեմ; Ինձ մնում է հոդվածն ավարտել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  տողերը վերաշարադրելով: 
Ես մենակ չեմ,  մենակ չեմ, 
Ինձ պես շատերն են սպասում, 
Հույսի արեգակն է փայլում:

Մնացական Հարությունյան