4 տարի հետո՝ կրկին բանտ․ «Սասնա ծռերի» առանցքային անդամները տեղափոխվել են ՔԿՀ-ներ

4 տարի հետո՝ կրկին բանտ․ «Սասնա ծռերի» առանցքային անդամները տեղափոխվել են ՔԿՀ-ներ

2018 թվականի քաղաքական հայտնի իրադարձություններից հետո պաշտոնյաների երաշխավորությամբ ազատ արձակված «Սասնա ծռեր» զինված խմբի 9 առանցքային անդամներն այսօր վերադարձվել են քրեակատարողական հիմնարկներ։ Բանն այն է, որ օրինական ուժի մեջ է մտել առաջին ատյանի դատարանի վճիռը, որը հրապարակել էր 2021 թվականի փետրվարին դատավոր Մեսրոպ Մակյանը։

Առաջին ատյանի որոշմամբ՝ երկու ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, և դատարանն անփոփոխ էր թողել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահվան համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվել ու ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ Դատարանը, սակայն, Բիլյանին մեղավոր էր ճանաչել մյուս արարքներում՝ վերջնական պատիժ նշանակելով 4 տարի 11 ամսով ազատազրկումը: Մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը Բիլյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: «Սասնա ծռեր» զինված խմբի մյուս անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Մխիթարյանը, Գագիկ Եղիազարյանն ու Արեգ Կյուրեղյանը դատապարտվել էին 7 տարվա ազատազրկման, էդուարդ Գրիգորյանը՝ 6, իսկ Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա։ Մահվան հիմքով դադարեցվել էր Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Ահա այս դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել էր  Վերաքննիչ դատարան, որն էլ անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը։ Վերաքննիչը որոշում էր կայացրել միայն Բիլյանի մասով․ առաջին ատյանի որոշումը բեկանել և փոփոխել էր։ Նրան մեղավոր էր ճանաչել մի քանի հանցագործությունների մեջ և դատապարտել ազատազրկման 25 տարի ժամկետով: Բիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Այնուհետեւ նրանք Վերաքննիչի այդ որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարանը, որը գործը ետ էր վերադարձրել այն պատճառաբանությամբ, որ բողոքին կցված չեն անհրաժեշտ փաստաթղթեր, ուստի ներկայացված բողոքները ենթակա են վերադարձման: Նրանց տրվել էր 10-օրյա ժամկետ՝ շտկումներ կատարելու համար։ Եվ, ահա այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչի բողոքը: 

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» զինված խումբը բաղկացած է 32 անդամից։ Այս պահին դեռեւս 9-ի վերաբերյալ դատավճիռ կա։ Մնացածի մասով գործերը քննվում են երկու տարբեր դատավորների վարույթներում, եւ տարիներ շարունակ այդ գործերով քննություններն առաջ չեն գնում։

Հիշեցնենք, որ այս խմբավորման անդամները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։