«Ընդամենը տեխնիկայի հարց է» 

«Ընդամենը տեխնիկայի հարց է» 

Որքան էլ տհաճ լինի ինձ համար, բայց պետք է խոստովանեմ, որ այս օրերին մի հարցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ճիշտ է: Խոսքն առանձին ճանապարհ փակելու մասին է՝ քառորդ կամ կես ժամով այս կամ այն վայրում: Հիշենք, վերջինս դա բնութագրեց որպես ավելի շատ լոգիստիկ, քան քաղաքական խնդիր: Եվ ավելացրեց, որ ընդդիմությունը դրանով ոչ թե մարդ է հավաքագրում, այլ վանում իրենից: Իհարկե, բացառիկ երևույթ է, որ ես այդ անձի ասածներից որևէ մեկը համարեմ ճիշտ, բայց տվյալ առումով դա այդպես է: Որևէ առանձին ճանապարհ փակելն արդեն պետք է անցյալում լիներ: Եվ դա պետք է փոխարինված լիներ եթե ոչ հանրապետության բոլոր ճանապարհների, ապա գոնե մայրաքաղաքի փողոցների համատարած փակվածությամբ: Կյանքը պետք է կաթվածահար լիներ, ինչն առկա էր 2018-ի գարնանը, և ինչն այսօր, դժբախտաբար, տեղի չի ունենում: Իսկ եթե տվյալ երևույթը «զարգացում» չի ապրում, ապա այն պետք է իր տեղը զիջի բողոքի մեկ այլ միջոցի: 

Անցնող շաբաթ «Հրապարակի» լրագրող Ն. Վանյանն առաջարկել էր անկապ ճանապարհ փակելուց անցում կատարել Փաշինյան Նիկոլի երթևեկը սահամանափակելուն: Չգիտեմ, այդ առաջարկը քննարկվել է, թե ոչ: Քանի որ կյանքի չի կոչվել, ուրեմն քննարկվելու դեպքում էլ չի ընդունվել: Բայց վերհիշենք, որ խայտառակ պարտությունից հետո ծագած անհնազանդության շարժման օրերին այդպիսի փորձեր կատարվեցին: Ինչի շնորհիվ համարյա անելանելի վիճակում հայտնվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որը հարկադրված էր Ա կետից Բ կետը շարժվել հազարավոր ոստիկաննների ուղեկցությամբ: Հետո դա, դժբախտաբար, մարեց: Ու հիմա արվում է մի բան, ինչն առավել մարդ ներգրավելու փոխարեն վանում է նրանց: Եվ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե գաղափարական է՝ հայրենասիրության բացակայությունը, այլ մեթոդի սխալ ընտրությունը: Իսկ այսօր դեռևս դրված է ավելի շատ մարդ ներգրավելու խնդիր: Այնինչ, ինչպես ասվեց, օգտագործվող մեթոդը գործում է լրիվ հակառակ տրամաբանությամբ:

Իմ նախորդ հոդվածներից մեկում առաջարկել էի ուսումնասիրել ընդդեմ գործող իշխանության կիրառելի ոչ բռնի գործողությունների մեթոդների ամերիկյան տեսաբան, «գունավոր հեղափոխության» գաղափարախոս,  քաղաքագիտության պրոֆեսոր Ջին Շարփի աշխատությունները: Դրանցից մեկը (ռուսերենով) ես կարդացել եմ մեկուկես-երկու տասնամյակ առաջ, և, անկեղծ ասած, կրկին կարդալու ցանկություն չունեմ: Սակայն շարժման ղեկավարությունը ուզած-չուզած պետք է դրանք ուսումնասիրի ու մտածի կիրառվող մեթոդների փոփոխության մասին: Դրանցից երեքն առկա են ռուսերենով Վիքիպեդիայի՝ Ջին Շարփի վերաբերյալ հոդվածում:
Մի նկատառում էլ իմ կողմից ավելացնեմ՝ տարիներ առաջ, երբ շաբաթվա մեջ իմ հինգ օրերը սկսվում էին Նիկոլի օրաթերթի ընթերցանությամբ, բավական շատ էին այն ինֆորմացիաները, որոնց ես այսօր ուղղակի կարհամարհեի՝ որպես ֆեյք լրատվություն

: Բայց նախկինների ժամանակ ես դրանց հավատում էի, քանի որ ընդդիմադիր դիրքորոշում ունեի: Կեղծ այդ ինֆորմացիաներն իրենց մեծամասնության մեջ շոշափում էին Քոչարյանի և Սարգսյանի ընտանիքի անդամների անունները: Ինչպես օրինակ, Լևոն Քոչարյանի կողմից մոսկովյան սրճարաններից մեկում  1 (թե՞ 2) հազար ռուբլիանոց (թե՞ դոլարանոց) շամպայն ըմպելը կամ Միքայել Մինասյանի նոր ծնված երեխայի՝ ոսկյա  (թե՞ ադամանդե) ծծակ ունենալը: Այսօր էլ օբյեկտիվ լրատվամիջոցները հետևում են Փաշինյան ընտանիքի անդամների ժամանցային «կայքերին»: Կարծում եմ, որ շարժման հատկապես իգական սեռի անդամները պետք է ուշադրության ներքո պահեն դրանց «վոյաժները», դրանց եկամտային և ծախսային հատվածները: Կարծում եմ, որ այդ տեղեկատվությունը նիկոլապքաշտների վրա չի ազդի, սակայն չկողմնորոշված կամ անտարբեր զանգվածների վրա կունենա որոշակի սթափեցնող ազդեցություն: Իսկ այսօր, փառք Աստծո, սոցիալական ցանցերը տալիս են թե՛ ինֆորմացիա ստանալու և թե՛ փոխանցելու հնարավորությունը:  

Այս հոդվածում, ինչպես երևում է, ես կենտրոնացա տեխնիկական և ոչ թե գաղափարախոսական խնդիրների վրա: Ինչն արել եմ գիտակցաբար, քանի երկրորդի առումով այսոր առկա են բազմաթիվ խորհուրդներ, սակայն խնդիրը դրանք իրագործման դաշտ տեղափոխելն է: Ինչը շատ ավելի բարդ է և դժվար իրագործելի, քան խորհուրդ տալը: Հատկապես եթե խորհրդի վերջում ասվում է, որ այդ խորհուրդը կյանքի կոչելն ընդամենը տեխնիկայի հարց է: Սակայն, իրականում, ամենաբարդը հենց տեխնիկայի հարցն է, տեսական մասը կյանքի կոչելը: Հույս ունեմ, որ այս հոդվածով դույզն ինչ օգնել եմ իրագործելուն մոտեցնել  «տեխնիկայի հարց է» բառակապակցությունը: