Ինչ է հուշում Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը 

Ինչ է հուշում Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը 

Շաբաթներ առաջ Ռուսաստանը հրապարակեց իր արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։ Զարմանալիորեն այն Հայաստանում բավարար ուշադրության չարժանացավ ու չքննարկվեց, թեեւ հարկ էր, որ արժանանար ու քննարկվեր։ Թերեւս դա պայմանավորված էր մեր եւ ռուսների օրակարգերի տարբերություններով։ Սակայն փորձենք հասկանալ, թե ինչ ասելիք կար այդ հայեցակարգում։ 

Այդ փաստաթղթերը, կարելի է համարել յուրատեսակ «սելֆի», որով պետությունը, անկախ այն հանգամանքից՝ Ռուսաստանն է, ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, թե մեկ այլ երկիր, ցույց է տալիս, թե ինչպես է ուզում երեւալ միջազգային թատերաբեմին։ Որպես կանոն, նման փաստաթղթերը երկակի բովանդակություն ունեն, քանի որ ցանկալին, ռեալ իրականությունը, նպատակներն ու կոնկրետ առաջադրված խնդիրները, առավել եւս՝ դրանց հասնելու «ճանապարհային քարտեզները» սովորաբար բավական տարբեր են լինում։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր, թարմացված հայեցակարգը կարեւոր է նաեւ նրանով, որ այն ընդունվել է մի ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի մասնակցությամբ, չասելու համար՝ նրա նախաձեռնությամբ, աշխարհում նորագույն պատմության մեջ ամենասուր հակամարտություններից մեկն է տեղի ունենում։ Աշխարհում տիրող իրավիճակը շատ ավելի բարդ է, քան եղել է անցած դարի Սառը պատերազմի ամենասուր փուլում եւ ավելի հակասական է, քան կարելի է երեւակայել, պատմական նախադեպերը հաշվի առնելիս։

Մի կողմից, իհարկե, Խորհրդային Միությունը շատ ավելի շահեկան դիրքերում էր գտնվում Սառը պատերազմի ամենասուր փուլերում, սակայն մյուս կողմից, ժամանակակից Ռուսաստանի՝ սպառազինությունների ոլորտում, հատկապես գերժամանակակից սպառազինությունների եւ միջուկային զինանոցի ասպարեզում շատ ավելի հեռուն է գնացել։ Բացի այդ, Արեւմուտքն էլ նկատելիորեն փոխվել է, աշխարհում էլ արդեն հայտ են ներկայացնում երրորդ ու չորրորդ գլոբալ ուժային կենտրոններ դառնալու համար։ Եւ այս ամենը նկատի ունենալով, արձանագրենք, որ Ռուսաստանը հստակ արձանագրել է իր առաջնահերթ կարեւորության դաշնակիցներին, հետաքրքրությունների ոլորտ հանդիսացող ռեգիոններն ու առաջիկա անելիքները։

Այս համատեքստում, Մոսկվան մտադիր է ռազմավարական գործընկերային հարաբերությունների ողջ պոտենցիալն ուղղել դեպի Չինաստան, Հնդկաստան, իսլամական աշխարհը ներկայացնող երկրներ, ԱՍԵԱՆ-ի երկրներ, Աֆրիկա, Լատինական Ամերիկա եւ Կարիբյան ավազանը ներկայացնող երկրներ։ Այսինքն՝ Արեւմուտքին այընտրանք հանդիսացող «ոչ արեւմտյան մոդելի գլոբալիզացիա» է Մոսկվան փորձում իրականացնել։ Մեր հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանը գնահատում է «փոխշահավետ», իսկ Իրանի հետ հարաբերությունները՝ «փոխվստահելի եւ փոխգործակցելի»։ 

Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամենայն հավանականությամբ, որոշակի վերաֆորմատավորում կամ թարմացում կունենան։ Դա պայմանավորված կլինի թե Ռուսաստանի առաջնահերթություններով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ընդունած դիրքավորմամբ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, թե Ադրբեջան-Իրան հարաբերություններով։ Ամեն դեպքում, գոնե Մոսկվայից տարբեր մակարդակներից եկող ազդակներն ու ինֆոհոսքերը հաշվի առնելով, պետք է նկատել, որ Երեւանից ու Բաքվի Մոսկվան ակնկալում է «պատասխանատու մոտեցում», ինչը կարեւոր է նաեւ ռեգիոնալ կայունության եւ խաղաղության ապահովման առումով։ Սա իր հերթին, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, երաշխիք կլինի որոշակիորեն, որ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանն իրենց տեղն ունենան «Մեծ Եվրասիական» ձեւավորվող «ընտանիքում»։