Կորոնավիրուսից «զարկվածները»

Կորոնավիրուսից «զարկվածները»

Չէ, խոսքն ամենեւին էլ արտակարգ դրության պայմաններում իրականացվող սոցիալական քաղաքականության արդյունավետության, նրանում արդարության սկզբունքի խիստ պահպանման մասին չէ․ խոսքը դրա հնարավորինս համապարփակ թիրախայնության մասին է։ Ի դեպ, «թիրախայնություն» բառն այստեղ գործածում եմ հեգնանքի նշմարելի չափաբաժնով, որովհետեւ գոնե այս տեքստում այն հոմանիշ չէ «հասցեականությանը»։ Հասցեականությունը հրատապորեն օգնության հասնելու ներքին լիցք ունեցող բառ-հասկացություն է, մինչդեռ խոսքն այստեղ ուղղակի իմաստով հասարակության  խոցելի խավերի մասին չէ։ 

Նկատի ունենալով մինչկորոնավիրուսային երանելի  ժամանակներում իշխանական հաճույքների ակներեւ կամ աներեւույթ բազմազանությունը, որոնք երբեք չեն սահմանափակվել պետական ու իշխանական  «նվիրյալներին» առասպելական չափերի հասնող «փոխհատուցումներ» հատկացնելով միայն (դրանցով, պատկերացնել միայն կարելի է, կորոնավիրուսի քանի «շուն» կարելի էր ոչնչացնել), եւ այդ երանելի ժամանակները համադրելով կորոնավիրուսային նոր ժամանակների դժոխային անհարմարությունների հետ՝ կարելի է հստակ տեսնել իշխանական ոչ փոքր այն զանգվածին, որը տուժել է «շուն» կորոնավիրուսից։ Այդ զանգվածն այլեւս չի կարող հարյուրհազարավոր դոլարներ ծախսելով՝ ոչինչ արժեցող բանի համար Ամերիկա հասնել, չի կարող խմբերով ուրախ-զվարթ արտասահմանյան գործուղումների գնալ, խորհրդաժողովների մասնակցել ու ձեռաց բողոքել հայրենական լրատվամիջոցների ոչ անաչառ (ասել է թե՝ անպատկառ) գործելակերպից, չի կարող օրերով ու շաբաթներով վայելել ճամփորդությունների հաճույքն ու բերկրանքը, իսկ վերադարձին, բնականաբար, հերոսանալ արտերկրյա տիտանական աշխատանքի «պտուղներով»։ Եվ այդ խեղճ խավը, իբր սա քիչ է, ստիպված է կորցնել առայժմ գոնե պարգեւավճարներով հոգեպես եւ ազնվորեն սփոփվելու հնարավորությունը։ Այո, կորոնավիրուսը «խփել» է նրանց՝ իշխանությունների մեծից փոքրին, նախարարությունների շեֆերին ու շեֆուհիներին, ԱԺ քայլականներին, մերձքայլականներին․ մարդիկ լճանում են՝ աշխատատեղերում նստած մնալով։

Հետեւաբար, բացառված չէ (բայց մենք, այնուամենայնիվ, հուշում ենք), որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն օգնության մի փաթեթ էլ այս տուժյալ խավի համար մտածի՝ հոգեբանական (բուժումը՝ միայն արտասահմանում) ու, մանավանդ, ֆինանսական հատուցման ձեւեր մշակելով։ 

Ինչ էլ որ մտածի-մշակի՝ իհարկե, լրիվ իրագործելի է, որովհետեւ Ազգային ժողովում ու նախարարական աշխատասենյակներում հենց նրանք են նստած՝ նստակյաց աշխատանքից մահու չափ հոգնած՝ քայլելու սովորները։ 

ՀԳ․ Առաջարկությունը, կարծում եմ, վատ չէ․ համ էլ՝ միջոցառումների փաթեթների թիվը 1-ով կավելանա՝ ի պետս առաջիկա «100 փաստի»։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ