«Առավոտի» համակարգիչը վարակելու միջոցով են կոտրել յութուբյան էջը

«Առավոտի» համակարգիչը վարակելու միջոցով են կոտրել յութուբյան էջը

«Նոր Հայաստանում» բոլոր այն լրատվամիջոցները, որոնք հանդգնում են քննադատել օրվա իշխանությանը, հայտնվում են կիբերհանցագործների, հաքերների թիրախում: Վերջին շրջանում տարբեր գործոնների կիրառմամբ տարբեր ընդդիմադիր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջեր են ջնջվում, կամ հայտնվում սահմանափակումների տակ:

Ցանկացած հրապարակում, որտեղ խոսվում է Արցախի մասին և որտեղ կա քննադատություն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, կարող է վտանգել լրատվամիջոցի աշխատանքը: Նախ 168.am-ի բազմահազարանոց ֆեյսբուքյան էջն էր անհասկանալի հանգամանքներում ջնջվել, երեկ երեկոյան էլ լրագրող Աննա Իսրայելյանն իր ֆեյբուքյան էջով տեղեկացրեց, որ «Առավոտի» յութուբյան էջն են կոտրել, ջնջելով բոլոր տեսանյութերը, բացառությամբ ՔՊ-ականների և Փաշինյանի մասին տեսանյութերի, իսկ ավելի ուշ` հայտնեց, որ բոլոր տեսանյութերն են ջնջվել եւ հայտարարություն տարածեցին, որ այդ էջում հայտնվող հաջորդ նյութերի հետ «Առավոտի» խմբագրությունը կապ չունի: «Հրապարակի» ֆեյսբուքյան և յութուբյան էջերը ևս սահմանափակումների տակ են, մենք եւս պարբերաբար հարձակումների ենք ենթարկվում իշխանական ֆեյքերի ու ֆեյսբուքյան գրաքննիչների կողմից: Ուշագրավ է, որ ոչ մի իշխանական լրատվամիջոց այս խնդիրներին չի բախվել այս տարիներին: Չնայած նրան, որ իշխանական կայքերն ու յութուբյան ալիքներն ամենաեղկելի հերյուրանքներն են տարածում ընդդիմադիրների հասցեին, սակայն որևէ սահմանափակման չեն հանդիպում: 

Աննա Իսրայելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ մասնագետներն աշխատում են իրենց էջը վերականգնելու ուղղությամբ, սակայն թե ով է կանգնած այս ամենի հետևում, պարզ չէ. «Դա այդքան արագ պարզվող խնդիր չէ, տեղեկատվական անվտանգության մասնագետները զբաղվում են խնդրով, առայժմ գլխավորն կասկածն այն է, որ խմբագրության համակարգիչը վարակելու միջոցով են կոտրել յութուբյան էջը, սակայն թե ով և որտեղից է դա արել, այս պահին հայտնի չէ»,- նշում է Աննա Իսրայելյանը:

Հարցին, թե ում են իրենք կասկածում, առցանց «Առավոտի» խմբագիրն ասում է. «Մեղադրելու համար հիմքեր են պետք: Ես պարզապես համադրում եմ փաստերը: Երեկ մինչև ժամը 19:15 մեր ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերում եղել է հաղորդագրություն, որ պետք է հրապարակվի «Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»» ֆիլմը, դրանից րոպեներ անց կորցրինք յութուբյան էջը: Չեմ բացառում, որ կարող է լինել պարզ համընկնում, սակայն փաստն այն է, որ վերոնշյալ ֆիլմի անոնսից հետո է էջը ջնջվել», - նշեց լրագրողը: 

Աննա Իսրայելըանը նաև նշեց, որ իրենց յութուբյան էջից այսօր արդեն ջնջվել են բոլոր տեսանյութերը, այդ թվում` ՔՊ-ականների մասին տեսանյութերը, որոնք երեկ դեռ պահպանված էին. «Ընտրողաբար էին ջնջել տեսանյութերը, որոնց սքրիններն ունեմ, սակայն շատ արագ դա էլ վերացրին` ջնջելով ալիքի բոլոր տեսանյութերը: Մասնագետները նշում են, որ էջը կարող է վերականգնվել, սակայն ժամանակատար աշխատանք է պահանջում»:

Մեր այն հարցին, թե ֆինանսական ի՞նչ վնասներ են հասցրել լրատվամիջոցին յութուբյան էջի նկատմամբ այս ոտնձգությունը, Աննա Իսրայելյանն ասաց. «Ինձ համար բարոյական վնասն ավելի մեծ է, քանի որ տասնյակ հազարավոր տեսանյութեր կային էջում»: