Եթե ես վաղը դիմում գրեմ` մտնեմ ՔՊ, վստահեցնում եմ` իմ նկատմամբ հարուցված գործերը կկարճեն

Եթե ես վաղը դիմում գրեմ` մտնեմ ՔՊ, վստահեցնում եմ` իմ նկատմամբ հարուցված գործերը կկարճեն

Հունվարի 24-ին դատարանն արդարացրեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել բռնության կոչ անելու համար, գործը ստացել էր «Գեբելսի գործ» անունը, որովհետև քրեական գործի առիթ էր հանդիսացել հետևյալ գրառումը․ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»։ 

Արմինե Ադիբեկյանին դատարանի որոշումից հետո հարցրինք, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ իր դեմ հարուցվեց այս գործը, ի՞նչ են իրենից ուզում իշխանությունները։ Հիշեցնենք, որ Ադիբեկյանը մեկ այլ քրեական գործով էլ է արդարացվել․

«Հավանաբար փորձում են լռեցնել՝ կարծելով, որ վախի զգացումը, որը նրանք փորձում են սերմանել ընդդիմադիր դաշտում, կբերի իրենց ուզած արդյունքին։ Ես հիմա անում եմ այն, ինչ իրենք արել են մինչև 2018 թվականը, բայց նրանք կիրառում են իլհամալիևյան ոճի մեխանիզմներ... մարդիկ միայն ուզում են իրենց մասին լավը լսել, նրանց դուր չի գալիս, որ իրենց քննադատում են, անպատվում են, չեն հարգում, չեն ընդունում իրենց` որպես ազգի լիդերներ։ Իրենք ուզում են իրենց զգալ որպես կինոյի տղա, ու քանի որ չի հաջողվում, վրդովվում են, բայց խնդիրը նրանում է, որ 2018 թվականից ի վեր որդեգրված կադրային քաղաքականությունը բերել է նրան, որ հիմա պաշտոնների են նշանակվել շատ վատ, ցածր մակարդակի, պրոֆեսիոնալիզմից զուտ մարդիկ, որոնք, չունենալով պատշաճ ակադեմիական, գիտական և պրոֆեսիոնալ բազա, փորձում են իրենց երևակայությունների տակ ինչ-որ իրավական հիմքեր դնել, որովհետև եթե լսեք եք մեղադրական եզրակացությունը, այնտեղ խոսվում է ամեն ինչի մասին` բացի բուն հանցանքից, այսինքն՝ ինձ մեղսագրվում է հրապարակային բռնության կոչ անելը, բայց հրապարակային բռնության կոչի մասին բացարձակ խոսք չկար, խոսքը գնում էր նրա մասին, որ ես իմ ֆեյսբուքյան էջում վիրավորում եմ, քննադատում եմ իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին, որ ես վիրավորել եմ մի շարք անձանց և այլն։ Ես Նիկոլին ցիտելու համար հարուցված գործով արդարացվել էի, և նրանք փորձում էին այն դատը, որը 2 տարի առաջ տեղի չունեցավ, հիմա մտցնել այս դատավարության մեջ և դրանով ինձ դատել։ Այսինքն՝ այնտեղ ոչ մի հետաքննական աշխատանք կատարված չէր, որովհետև այն անհեթեթությունները, որոնք գրված են եղել քննիչի կողմից կատարված աշխատանքում, որ ընդամենը վիքիպեդիայից սքրինշոթն էին տպել ու վերջ, դա եղել է ամբողջ ծավալը, և նաև այն, թե ես իմ ֆեյսբուքյան էջում երբ և քանի անգամ եմ քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Այդ գործը պահանջում էր մի փոքր լուրջ մոտեցում, որը չի ցուցաբերվել։ Ես դա պատճառաբանում եմ պրոֆեսիոնալիզմի պակասով, բայց շատ փոքր հույսի տեղ թողնենք, որ մարդիկ հասկացել են, որ այնտեղ գործ չկա ու միտումնավոր դատախազը գործը տապալել է։ Այսինքն՝ նա դա արել է միտումնավոր, որ գործը տապալվի, կամ նա այնքան վատ է տիրապետում իր գործառույթներին… որովհետև մարդը օրենքներ է ցիտում, որոնք բուն հարցի հետ բացարձակապես ոչ մի առնչություն չունեն կամ հակառակը՝ ինչ-որ մի օրենքից կամ տեքստից հատված է մեջբերում, օրինակ՝ Եվրոպական կոնվենցիայի՝ ռասիզմի և խտրականության դեմ պայքարի դրույթներից, ըստ որի՝ ես իրավունք չունեմ խտականություն դրսևորել, բայց ինձ չեն դատում խտրական վերաբերմունքի կամ ատելության խոսք հնչեցնելու համար, ինձ դատում են բռնության կոչ անելու համար, ինչը արտացոլված չէ այդ կոնվենցիայում։ Երկրորդը` նույն տեքստում խոսք է գնում նրա մասին, որ պետությունը իրավունք չունի այս դրույթներն օգտագործել քաղաքացու դեմ, այսինքն՝ եթե քաղաքացին վիրավորանք է հնչեցրել գործող իշխանությունների դեմ, ապա այդ կոնվենցիան չի աշխատում, այլ աշխատում է, երբ ես ինձ հավասար ինչ-որ քաղաքացու վիրավորեմ։

Այսինքն՝ եթե ես վիրավորել եմ քաղաքացի Փաշինյանին, ապա նա պարտավոր է գնալ և ինձ վրա բողոք գրել, և այս գործընթացը պետք է շարունակվի ծավալվել որպես քաղաքացի Փաշինյանն ընդդեմ քաղաքացի Ադիբեկյանի։ Նիկոլ Փաշինյանը դա չի արել, որովհետև նախորդ գործի շրջանակներում, երբ Փաշինյանը ճանաչվեց տուժող, նա չեկավ և ցուցմունք չտվեց առ այն, թե ինչ տանջանքների է մատնվել իմ վիրավորանքից։ Իսկ եթե խոսքը գնում է վարչապետ Փաշինյանի մասին, ապա այս օրենքը իր պարագայում չի գործում, որովհետև ես` որպես քաղաքացի իրավունք ունեմ հայտնել իմ կարծիքը, և ոչ մի տեղ գրված չէ, որ ես իրավունք չունեմ օգտագործել վիրավորանքներ։ Առավել ևս պետությունն իրավունք չունի օգտագործել այս դրույթները, որ ինձ լռեցնի։ Նույն Գեբելսի կենսագրությունից` մեղադրող կողմը այն հատվածներն է վերցրել, որոնք նախ ես իմ ցուցմունքների մեջ չեմ տվել, այսինքն՝ ես իմ բացատրությունը տվել եմ, որ Գեբելսն ու Հիտլերը արեցին ամեն ինչ, որ փլուզեն Գերմանիան և բերեն Գերմանիայի վախճանին, և Հիտլերի մահից հետո դառնալով ռայխսկանցլեր, նա ստիպված էր ռուսական բանակին բառիս բուն իմաստով խնդրել, որ կանգնեն ու հայտարարեն, որ բանակցային գործընթաց սկսվի։ Ռուսներն էլ ասացին՝ ոչ մի բանակցային գործընթաց, կապիտուլյացիա և Գերմանիան այլևս պետք է գոյություն չունենա։ Նրանք ինձ մեղսագրում են, որ ես իբր կոչ եմ արել, որ ինքնասպանություն գործի։ Այսինքն՝ իմ բացատրությունը անտեսում է և տեքստից կտրում է այն հատվածը, որը, ըստ նրա, սազում է մեղադրականին։ Իրականում Քրեական օրենսգրքում ինքնասպանության կոչ անելը հանցագործություն չի դիտարկվում, որովհետև բռնություն կարող է կիրառել մի անձը մյուսի նկատմամբ, մարդն ինքն իր նկատմամբ բռնություն չի կարող կիրառել։ Անգամ եթե ես նրան կոչ եմ արել ինքնասպան լինել, ապա դա քրեորեն պատժելի արարք չէ»,- պատասխանեց Ադիբեկյանը։

Բացի Ադիբեկյանից բռնության կոչ մեղադրանք է ներկայացվել նաև Հրանտ Բագրատյանին, Նարեկ Մալյանին, Արագած Ախոյանին։ Ադիբեկյանին հարցրինք՝ իր կարծքով նրանց դեպքում ինչ ակտեր կկայացվեն․ «Ես լավ չեմ տիրապետում նրանց գործերի բնույթին, թե կոնկրետ ինչ են հնչեցրել, բայց եթե իմ գործի պես անհեթեթ գործեր են, ապա ակնկալում եմ, որ նույն ավարտը պետք է ունենա, որովհետև կոչը մի քիչ սպեցիֆիկ բան է` դու պետք է դրդես մեկին, որ նա անի գործողություն, ու այդ գործողությունը ուղղված լինի 3-րդ անձի նկատմամբ։ Ամենազավեշտալին այն է, որ ՀՀ Աժ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը բացեիբաց ելույթ է ունենում և Սամվել Շահրամանյանի հասցեին ասում է, որ լավ կլիներ, եթե նա ինքնասպան լիներ։ Այսինքն՝ այստեղ դասական ինքնասպանության կոչ է հնչում, իսկ իմ պարագայում քերականորեն էլ կոչ չկար, որովհետև այնտեղ օգտագործված էր եթե- ապա կապակցությունը, որը տրամաբանական եզրակացության նշան է, այլ ոչ թե կոչի, իսկ Անդրանիկ Քոչարյանը դասական կոչ է հնչեցնում, թե` Շահրամանյան գնա քեզ խփիր։ Ոչ գործ է հարուցվել, ոչ լսումներ են նշանակվել, ոչ խոսակցություն է գնում... Ես հասկանում եմ, որ Աննա Վարդապետյանի դուքյանի համար ես ու Անդրանիկ Քոչարյանը տարբեր հարթություններում ենք, այն, ինչ իրեն կարող է թույլ տալ Անդրանիկ Քոչարյանը՝ վիրավորել, հայհոյել, դավաճանել, ինքնասպանության կոչեր անել, նրան կարելի է, իսկ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, չի կարելի, որովհետև նա երկրպագում է ՔՊ-ին և ՔՊ անդամ է, իսկ ես` ոչ։ Եթե ես վաղը գնամ դիմում գրեմ ու մտնեմ ՔՊ, ես Ձեզ վստահեցնում եմ, որ իմ նկատմամբ բոլոր գործերը կհանեն»,- պատասխանեց Ադիբեկյանը։