Էրատոական «պաշտոնական Երևան»-ը

Էրատոական «պաշտոնական Երևան»-ը

«Պաշտոնական Երևան», «պաշտոնական Բաքու» և նմանօրինակ այլ արտահայտություններն վաղուց ընդունված են արտասասհմանյան լրագրությունում: Սակայն անսովոր երևույթ են մեզանում: Եթե հետևենք լրագրային այդ մոտեցմանը, ապա կարելի է վստահաբար պնդել, որ Արցախյան խնդրի առումով Հայաստանում գոյություն ունի երեք «պաշտոնական Երևան»: Այսինքն, երեք պաշտոնական տեսակետ: Առաջինը Փաշինյան Նիկոլի դիրքորոշումն է, երկրորդը՝ Միրզոյան Արարատինը, որը պատահաբար հայտնվել է ԱԳ նախարարի պաշտոնին, երրորդը՝ աննահակոբյանականն է կամ «էրատոականը»: Երրորդի առումով չզարմանաք՝ կա և այդպիսի «պաշտոնական Երևան»: 

Սկսենք Փաշինյան Նիկոլի «պաշտոնական Երևան»-ով: Այն իր էությամբ 100 տոկոսանոց կապիտուլյանտական դիրքորոշում է: Ընդ որում, նաև դրան համապատասխան տրամաբանությամբ: Ահա այն՝ հանուն ինքնապահպանման հրաժարում Արցախից: Անհրաժեշտության դեպքում՝ նաև տարածքների հանձնում ՀՀ-ից, սակայն անընդհատ 29800 քառ/կմ-ի վկայակոչում: Եվ այդ ամենը փաթեթավորվում է խաղաղության հաստատման կեղծ օրակարգով: Այս երևույթի դրսևորումները բազմատեսակ և բազմաթիվ են՝ իլհամական սպառնալիքներն ու ստորացումներն անարձագանք թողնելը, ադրբեջանական բոլոր պահանջները բավարարելը, հետպատերազմյան երեք տարում բանակի և սահմանային դիրքերի խնդիրները չկարգավորելը, արժանապատիվ հայաստանցու կերպարի շուրջ հասարակությանը չհամախմբելը և այլն: Նույնիսկ Արցախի դրոշ հրապարակավ ծածանողին բերման ենթարկելը ևս այդ դրսևորումներից մեկն է: 

Երկրորդ «պաշտոնական Երևան»-ը, ինչպես ասվեց, դիվանագիտականն է: Հաշվի առնելով Թուրքիայի հետ գործող իշխանության մերձեցումը՝ խիստ տրամաբանական է դիտվում այդ բնագավառում գործակալական ցանցի անդամներից մեկի՝ հայտնի «Օմեգայի» ներառումը: Բայց զարմանալիորեն, երկրորդ «պաշտոնական Երևան»-ը շատ ավելի ադեկվատ դիրքորոշումներ է ցուցաբերում, քան իր վերադասը: Համենայն դեպս, փորձում է գոնե պաշտոնական խոսքի մակարդակում պահպանել արժանապատվության ինչ-ինչ սաղմեր: Ինչն իսպառ բացակայում է առաջին պաշտոնականում: Որտեղ նույնիսկ բողոքը լալկանությունից այն կողմ չի անցնում:

Երրորդ «պաշտոնական Երևան»-ն, ինչպես ասվեց, աննահակոբյանականն է կամ «էրատոականը»: Այս վերջինն աննախադեպ է այնպես, ինչպես աննախադեպ է Փաշինյան Նիկոլի ավելի քան հնգամյա կառավարումը: Այն իմաստով, որ այն ինքնուրույն է և ինքնաբավ՝ երբեմն հատվելով առաջին և շատ հազվադեպ՝ երկրորդ պաշտոնականի հետ: Այն լիովին պատկերացում է տալիս «թքած ունենալու» (պոֆիգիզմի) երևույթի մասին: Բայց ոչ թե ամերիկյան բլոգեր Մարկ Մենսոնի կողմից փիառված տեսակի՝ «նուրբ արվեստի», այլ մեզանում տարածված «պոֆիգիզմի» գեղցիական տեսակի մասին: Տիկնոջ կողմից գրված տեքստերը, նրա հրապարակած լուսանկարներն ու տեսահոլովակները գրագետ մարդկանց ցույց են տալիս, թե ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարի կինը: Սակայն նիկոլական ընտրազանգվածին համոզում են, որ նրանք ճիշտ են վարվել՝ 2021 թվականին ձայն տալով պարտության խորհրդանիշ անձին: 

Հ. Գ. Առանձին պետությունների հաջողված ղեկավարներն ունեցել են կանայք, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի նպաստեն ամուսինների գործունեությանը: Կարծում եմ, որ ղեկավարի կնոջ՝ աննահակոբյանական տիպը դրա ճիշտ հակառակ տարբերակն է: