Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 2

Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 2

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր երեսուներեքերորդ՝ մայիսի 2:

2018թ․ մայիսի 2 - Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի քվեարկությունն Ազգային ժողովում տապալվել է` Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ արձագանքել են Նիկոլ Փաշինյանի խաղաղ անհնազանդության կոչին՝ փակելով երկրի բոլոր հիմնական փողոցները եւ շրջափակելով կառավարական շինությունները: Հանրապետության հրապարակում` հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանի թիմակից Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու հաղթանակից հետո նախաձեռնում են մեծ հայրենադարձության գործընթաց՝ սփյուռքի մտավոր եւ ֆինանսական ներուժի ներգրավմամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության առաջընթացի: 7 օր անց Փաշինյանն ընտրվում է վարչապետ, սակայն 4 տարի է անցել` հայրենադարձության ալիք չկա, սփյուռքի ներուժի ներգրավում չկա, հանրապետության առաջընթացի փոխարեն ունենք հետընթաց բոլոր ոլորտներում:

Ավելին` Փաշինյանը փակեց սփյուռքի նախարարությունը, ու նրա նշանակած սփյուռքի գործերի հանձնակատարը տարբեր հայ համայնքներում վեճերի պատճառ դարձավ: Երգչուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանը գրեց, որ տեղի ունեցողը ոչ թե սիրո, այլ ատելության հեղափոխություն է: Նրան հայհոյեցին ամենավերջին բառերով, ինչը դարձավ ավանդույթ: Հիմա արդեն բոլորը բոլորին են հայհոյում, եւ անգամ հայհոյանքը քրեականացնելը չի օգնում 2018-ին ներմուծված ավանդույթից ազատվելուն:

2019թ․ մայիսի 2 - Ադրբեջանում մեկնարկում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ։ Դրանք անցկացվում են երկու երկրների բանակների միջեւ փորձի փոխանակման եւ զինծառայողների մոտ համակարգված փոխազդեցության ու համատեղ գործողություններ անցկացնելու հմտություններ զարգացնելու համար։ Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում եւ կտեւեն մայիսի 1-3-ը: Օգտագործվում են զրահատեխնիկա, հրետանի եւ ականանետներ, մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության եւ զենիթահրթիռային ստորաբաժանումներ։ Հատուկենտ փորձագետներ փաստի վրա ուշադրություն են գրավում, տեղի ունեցողը մեծ ռիսկ որակում, իսկ Հայաստանի թավշյա իշխանությունը չի էլ լսում: Կառավարության նիստում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում էլեկտրոնային երաժշտության փառատոն կազմակերպելու, Բալահովիտ գյուղում կոնյակի, գինու եւ մրգային օղիների գործարան հիմնելու հարցը: Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ օգտագործված թուրքական ռազմական տեխնիկան մնում է Ադրբեջանում եւ օգտագործվում 2020 թվականին մեր դեմ:

2020թ․ մայիսի 2 - Հետապնդումների պատճառով Հայաստանը լքած դեսպան Միքայել Մինասյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն կոռուպցիոն սխեմա է առաջարկել. «Ասաց, որ մենք ունենք առաջարկ՝ դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք՝ ոնց, կքննարկենք՝ ուր, անշուշտ, ինչ-որ մի հիմնադրամ կամ ինչ-որ մի պետական հիմնադրամ, կմուծես ինչ-որ մի սիմվոլիկ գումար եւ դրանից հետո դու չես գալիս Հայաստան երբեք՝ գոնե թե առաջիկա տարիների ընթացքում։ Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն ձեւով առնչվում են քեզ հետ, լսում են քո խոսքը, դու իրենց համար կարեւոր ես, իրենք դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու դառնում ես ապաքաղաքական մարդ, շարունակում ես ապրել երջանիկ քո կյանքով, Հայաստանից դուրս, բայց այն պահից, երբ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվում են, խոսքը գնում է հորս մասին, ընկերներիս մասին, եւ մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ: Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ես ինձ չէի կարող ներել եւ չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդը եւ իմ հայրենիքն այս վիճակում են, որովհետեւ ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ եւ ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ։ Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում անկեղծ համարել եմ եւ համարում եմ, եւ հիմա վստահ եմ, որ նաեւ դուք ունեք դրա պատճառները եւ հասկանում եք՝ պարզապես ստախոս, պարզապես անպատասխանատու, ժողովրդի դավաճան, եւ, ցավոք սրտի, պետք է նաեւ արդեն ավելացնեմ՝ պետության թշնամի»: 

2021թ․ մայիսի 2 - Հունիսի 20-ին նշանակված ԱԺ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմը մասնակցում է «Ապագա կա ապագա» կարգախոսով: Դեռ նախընտրական քարոզարշավը չի սկսվել, բայց Երեւանի փողոցներում այս կարգախոսի պաստառներն են: Իշխանությունը խախտում է օրենքը: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:

2022թ․ մայիսի 2 - Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին են, իսկ ՀՀ իշխանությունը զբաղված է ՏԻՄ-երի զավթումն ավարտելու ծրագրի իրականացմամբ․ ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի նպատակը շատ պարզ է` Վանաձորում համայնքի յուրային ղեկավար նշանակելը։

Ընդ որում՝ նախագիծը ներկայացվել է հրատապ կարգով ընդունման, ինչը եւ արեց երեկ հայրենի խորհրդարանը` արտահերթ նիստում եւ 24-ժամյա ռեժիմով։ Թվում էր, թե ՀՀ իշխանությունները կառավարության նիստում Փաշինյանի՝ ողբ հիշեցնող ելույթից հետո պետք է լծվեին արտահերթ ռեժիմով նախապատերազմական հարցերը լուծելուն եւ երկիրը փրկելուն, սակայն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խնդիրը ոչ թե հայրենիքն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, այլ սեփական իշխանությունն ամրապնդելը։ Ասենք, մի քանի օր առաջ, երբ ադրբեջանցիները ներխուժում էին Փառուխ, ՀՀ պաշտպանության նախարարի աթոռին հայտնված նախկին դասատու Սուրեն Պապիկյանը Վեդիում իրենց թիմի անփառունակ անդամի նախընտրական քարոզով էր զբաղված։ Իսկ այսօր իշխանության մտքի տիտանները խորհրդարանում իրենց ներկայացրած ՏԻՄ-երի մասին նախագիծն են փորձում հիմնավորել, որ այս իրավիճակում դա հրատապ խնդիր է` նախագծի ընդունումից հետո վարչապետը կկարողանա Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակել` բանտում գտնվող Մամիկոն Ասլանյանի փոխարեն։ Նախագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Հովակիմյանը: Նախագիծն ընդունվեց, Ական նշանակվեց Վանաձորի համայնքապետի ԺՊ:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ