Նախ ավարտենք պատերազմը

Նախ ավարտենք պատերազմը

Ինչ խոսք գայթակղությունը մեծ է այսօր Ուկրաինայում ծավալվող պատերազմական իրադարձությունները համեմատելու 2020-ի 44-օրյա պատերազմի հետ եւ փաստարկելու թե ինչու ուկրաինացիների եւ հայերի քայլերը իրենց դեմ սանձազերծված այդ պատերազմներում եղան տրամագծորեն տարբեր (պետության առաջնորդներից մինչեւ շարքային քաղաքացի), ինչու աշխարհի վերաբերմունքը եւ սատարումը եղավ շատ տարբեր եւ ինչու արդյունքները, արդեն տեսանելի է, լինելու են կատարելապես տարբեր` հայերի պարտության փոխարեն ուկրաինացիներին վիճակվելու է հաղթանակ: Նույնիսկ Ուկրաինան կստանա ավելին ավելին քան պատերազմի դադարեցումը, ռուսներին ետ մղելը, Պուտինի ագրեսիայի տապալումը, Ուկրաինան երեկ ըստ էության ստացավ ԵՄ-ին հնարավորինս արագ միանալու երաշխիք: Իսկ ԵՄ-ին անդամակցությունը դա ոչ միայն Ուկրաինայի ձգտումների ու երազանքների հանգրվանն է, այլեւ առհասարակ Եվրոպայի տարածքում, որին բարեբախտաբար Հունական, Հռոմեական, Բյուզանադական կայսրությունների ժամանակներից մինչեւ այսօր պատկանում է նաեւ Հայաստանը, խաղաղություն վայելելու, բարգավաճելու, ապագա ունենալու խարիսխն ու երաշխիքն է առհասարակ:

Կարծում եմ հայերի ու ուկրաինացիների վարքի տարբերությունները, ենթադրելի հակադիր արդյունքները պարտադրված պատերազմներում ունեն պատճառների մի քանի շերտեր, որոնց ավելի ուշ արժե մեկ առ մեկ անդրադառնալ` հայերին մանուկ հասակից ներարկվող ահաբեկվածի հոգեբանությունից, իռացիոնալ ատելությունից ու աշխարհի, արժեքների, ուժերի խեղված ընկալումներից սկսած: Ուկրաինայի այս հերոսական դիմադրությունը, աշխարհով մեկ իրենց հանդեպ ստեղծած անչափելի համակրանքն, ու դեպի ԵՄ բացած ճանապարհն ու ապագան Հայաստանում բոլորին ի վերջո կստիպեն գիտացել, թե որքան սխալ են եղել իրենք տասնամյակներ շարունակ եւ հուսանք կուղղվեն: Այսինք`, Ռուսաստանի վերահաս տնտեսական ոչնչացումից, քաղաքական չեզոքացումից ու ռազմական թուլացումից հետո Հայաստանի համար այլ ընտրություն չի էլ լինելու քան դեպի Եվրոպա շարժվելը: Եվ որքան արագ դա կատարվի, այնքան լավ:

Ներկա պահին, սակայն, առաջնայինն ու նաեւ Հայաստանի ապագան որոշողը Ուկրաինայում, իսկ ավելի շատ թերեւս Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններն են, որոնք ահռելի ծավալ, աշխարհագրություն ու ընդգրկում ունեն ամեն օր` փետրվարի 24-ի ռուսական ներխուժումից ի վեր: Երեկվա իրադարձություններից առանձնակի էական էին Հաագայի Միջազգային քրեական դատարանից (ICC) հնչած հայտարարությունը Ուկրաինայում Ռուսաստանի կողմից գործվող պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հետաքննության նախաձեռնելու մասին: Ենթադրելի է հետաքննությունը սովորական շատ ավելի արագ կընթանա, որովհետեւ ICC մեղադրողի, դատախազի գրասենյակը ոչ թե կսպասի դատավորների կողմից ներկայացված նյութերը նախնական ուսումնասիրելուն, հավանություն տալուն, այլ ICC-ի անդամ երկրները իրենց տիրապետած տեղեկությունների հիմքով կպահանջեն, որ ICC-ի հետաքննությունը անմիջապես սկսվի: Այնպես որ նախագահ Պուտինն ու իր շրջապատը պատմական շանս ունեն մեկին-մեկ կրկնելու հիտլերի զինակիցների անցած ճանապարհը, հիտլերյան ռեժիմի համար քաղաքականությունն ու պատերազմ ավարտվեցին Նյուրենբերգի դատավարությամբ, Պուտինի ռեժիմի համար կավարտվեն Հաագայի դատավարությամբ:

Բայց դա հետո, ներկա պահին ամենաէականը, ինչպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է ասում` նախ Ուկրաինայում ընթացող պատերազմն ու մարդասպանությունը կանգնեցնելն է: Տիկին նախագահը դա ասաց երեկ Եվրոպական խորհրդարանում, Վլադիմիր Զելենսկիի հեռակապով խորհրդարանին հղած կարճ, բայց շատ հուզիչ, մտածված ու անմիջական խոսքից հետո: Զելենսկիի ուղերձից հետո խորհրդարանը հոտընկայս երկար ծափահարում էր: Իսկ թարգմանչի ձայնը Զելենսկու խոսքը թարգմանելիս ինչ-որ պահերի նույնիսկ դողում էր` ակնհայտորեն արտասուքը զսպելու ջանքերից:

Զելենսկին ԵՄ-ից հայցում էր Ուկրաինային հիմա շնորհվել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ եւ սկսել բանակցությունները: Իհարկե ԵՄ անդամակցության բանակցությունները երկար ու բարդ գործընթաց են, բայց ֆոն դեր Լեյենը Զելենսկու ուղերձից հետո հենց դահլիճում ասաց, որ Ուկրաինան Բրյուսելում բոլորի համար ԵՄ հավասար անդամ է եւ այն ԵՄ կազմում է լինելու: Իսկ երեկ օրվա վերջում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը ասաց, որ ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովում քննարկվելու է Զելենսկու խնդրանքը եւ ավելի վաղ ԵՄ ութ անդամ երկրների նախագահների հղած բաց նամակը Ուկրաինային ԵՄ կազմ ընդունելու առաջարկով: Ըստ փոխնախագահի ԵՄ ղեկավարները առաջիկա գագաթնաժողովում ենթադրելի է Ուկրաինայի ԵՄ անդամակցության այնպիսի ճանապարհային քարտեզ ու բանակցությունների ժամանակացույց կմշակեն, որ Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին իրականություն դառնա արագորեն: