«Հրապարակ». Ինչպե՞ս կարող էր հետախուզության պատասխանատուն «նահանջ» հրամանը տալ

«Հրապարակ». Ինչպե՞ս կարող էր հետախուզության պատասխանատուն «նահանջ» հրամանը տալ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, գեներալ մայոր Միքայել Արզումանյանի դեմ սկսված քրեական հետապնդումը նմանվում է ղարաբաղցիների միջեւ ներքին «ռազբորկայի»: Այդ կարծիքն է ձեւավորվում, երբ կարդում ես Քննչական կոմիտեի հաղորդած նոր մանրամասները գեներալ Արզումանյանի մեղադրանքի վերաբերյալ: Այժմ գեներալին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը», որը կատարվել է պատերազմի ժամանակ (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մաս): 

Հիշեցնենք․ սա արդեն երկրորդ մեղադրանքն է: Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր, որ գեներալին մեղադրում են 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքի, ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ: Հասկանալով, որ Շուշիի անկումը մեկ անձի գլխին բարդելը, այն էլ՝ հրամանատարի, որը 44 օրերից միայն վերջին 12 օրն է ղեկավարել Արցախի ՊԲ-ն, ուղղակի ծիծաղելի է եւ շատ հարցեր է առաջացնում, իրավապահները որոշեցին ավելի առարկայական մեղադրանք առաջադրել՝ տվել է «նահանջ» հրաման: 

Նոր մեղադրանքը վերաբերում է պատերազմի երրորդ օրվա՝ սեպտեմբերի 28-29-ի դեպքերին, երբ Միքայել Արզումանյանը դեռ չէր նշանակվել Արցախի ՊԲ հրամանատար, այլ գլխավոր շտաբում վարչության պետ էր: 

Այդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ըստ հաղորդման, հայկական ուժերը ձեռնարկել էին Արեգա բարձունքը եւ հարակից դիրքերն ազատագրելու օպերացիան: Արեգան սար է, որը գտնվում է Մատաղիսից դեպի «Եղնիկներ» հատվածում: Հակառակորդը մեծ կորուստներ է կրել այստեղ, եւ մերոնք վերցրել են սարը, սակայն հետո, արդեն ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, եթե հավատանք քննչականին, հրամայել է թողնել բարձունքը եւ նահանջել՝ պատճառաբանելով, թե նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիա: 

ՔԿ-ն նշում է, որ զորամասի հրամանատարը հակադարձել է Միքայել Արզումանյանին, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք, եւ կստեղծվի շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ 
Գեներալ Արզումանյանը, սակայն, պնդել է, եւ հայկական զորքը  նահանջել է, ինչից հետո՝ արդեն 23։00-ի դրությամբ, հակառակորդը վերահսկողության տակ է վերցրել բարձունքը: Ճշմարտանման այս պատմությունն անմիջապես երկու հարց է առաջացնում, ո՞վ է հրամանատարը, որը չի ենթարկվել Արզումանյանին, եւ ինչպե՞ս կարող էր Արզումանյանը, որը վարչության պետի պաշտոն էր զբաղեցնում, նահանջի հրաման տալ, առանց ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի իմացության:   

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, ասում է, որ Արզումանյանը չէր կարող նահանջի հրաման տալ ի պաշտոնե: «Այդ ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, Արզումանյանը գլխավոր շտաբում հետախուզության վարչության պետի տեղակալն էր: Չեմ կարծում, որ նման հրաման նա կարող էր տալ: Ո՛չ այդ իրավասությունն ուներ, ո՛չ էլ որպես անձ այդպիսի հրաման տվող էր»,- ասում է Մովսես Հակոբյանը: Հեղափոխությունից անմիջապես հետո Միքայել Արզումանյանը նշանակվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, իսկ գլխավոր տեսուչը Մովսես Հակոբյանն էր: Թե ով է հրամանատարը, որը չի ենթարկվել «նահանջ» հրամանին, նա տեղյակ չէ: «Քննիչներին հարցրեք: Չե՞ն ասում: Քննիչները մի բան մոգոնում են, ժողովրդին գցում կրակի մեջ»,- ասաց Հակոբյանը: Կարո՞ղ էր արդյոք Միքայել Արզումանյանը նահանջի հրահանգ տալ, ու այդ մասին տեղյակ չլիներ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը: «Ոչ, դա հնարավոր չէր»,- պատասխանում է Մովսես Հակոբյանը: 
Մոտավորապես նույնը՝ որ Արզումանյանն ի պաշտոնե չէր կարող նահանջի հրաման տալ, իր ՖԲ էջին գրել է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: 

Վերջինս, որը զանգերին չի պատասխանում եւ միայն ֆեյսբուքյան գրառումներով է բավարարում հանրության հետաքրքրությունը, Արեգա բարձունքի մասին ՔԿ պատմածն աբսուրդ է համարում: 
«Նույնիսկ ավելորդ եմ համարում անդրադառնալ այդ աբսուրդին։ Սակայն հենց մեղադրանքի ձեւակերպումից մի հատված կնշեմ, որի համաձայն՝ Միքայել Արզումանյանը, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած Արեգա բարձունքը։ Իրականում, քանի որ Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարը եւ որեւէ իրավասություն չի ունեցել այդ անձնակազմին նման հրաման տալու, ուստի չի էլ տվել, իսկ այդ անձնակազմն էլ իրավունք չուներ ենթարկվելու իրեն պետ չհանդիսացող զինվորականի հրամանին։ Հարց է ծագում, որ եթե Միքայել Արզումանյանը որեւէ իրավասություն չունենալով նման հրաման է տվել, ապա ինչո՞ւ է անձնակազմը ենթարկվել այդ հրամանին, եւ ինչո՞ւ, ըստ կարգի, իրենց վերադաս պետերին այդ մասին չեն զեկուցել եւ ստացել նրանց հրամանը։ 

Կարծում եմ, որ այսքանով ամեն ինչ ասված է»,- գրել է փաստաբանը: Վաղն էլ հնարավոր է մեղադրեն, որ պատերազմն էլ է նրա մեղքով սկսվել։

Արդեն հայտնել ենք, որ քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց՝ կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի նրան հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները եւ «կտերի տարածումը»։

Երեկ լուրեր տարածվեցին, թե հրամանատարը, որը չի ենթարկվել Միքայել Արզումանյանին, «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանն է՝ Քյոխը, եւ նա էլ, հավանաբար, տվել է ցուցմունքներ Միքայել Արզումանյանի  վերաբերյալ: Սակայն Կարեն Ջալավյանը նույն օրը հերքեց այդ լուրերը՝ MediaHub.am-ին ասելով, թե ինքն այս գործով ցուցմունք չի տվել, չի հարցաքննվել, իսկ Միքայել Արզումանյանն էլ «նահանջ հրաման տվող մարդ չի»։ Ըստ նույն հարթակում տարածված լուրերի, ՔԿ-ն բազմաթիվ զինվորականների ուղղորդել է ցուցմունքներ գրել, ովքեր, սակայն, չեն իմացել, թե ինչ գործով են հարցաքննվում: Այդ ուղղորդված ցուցմունքներն էլ կազմել են մեղադրանքի հիմքը: Եթե այդպես է, ապա Արզումանյանի դեմ ցուցմունք գրող չի՞ եղել:

«Հրապարակի» հարցին փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ երկրորդ մեղադրանքի վերաբերյալ իրեն դեռեւս նյութեր չեն տրամադրել, ուստի չի կարող պատասխանել մեր հարցին: 
Ինչո՞ւ են Շուշիի հանձնման խորհրդավոր գործով հենց Միքայել Արզումանյանին որոշել քավության նոխազ սարքել, ի՞նչ է արել ամբողջ կյանքում վառոդի հոտ առած մարտական սպա Միքայել Արզումանյանը Փաշինյանին ու նրա ընտանիքին՝ հասկանալի չէ: 

Մնում է երկու տարբերակ՝ կա՛մ պատերազմի օրերին բունկերում բարոյական աջակցություն ցուցաբերող Աննային է բշտել, կա՛մ Քյարամյանին, կա՛մ էլ էս օրերին մի տեղ Նիկոլի մասին թթու խոսք է ասել, նա էլ իմացել է ու ասել՝ հավաքեք դրան:

ՀԳ․ Երեկ մեղադրանք առաջադրվեց նաեւ Ջալալ Հարությունյանին։