Հորձանուտում

Հորձանուտում

Ինչպես գիտենք, թուրքական բանակը 7 երկրների զինվորականների հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Կարսում՝ Հայաստանի հետ սահմանին։ Որքան հասկացա այդ լուրի հետ հրապարակված դրոշականման պաստառից՝ դրանք եվրոպական երկրներ են: Եվ, եթե չեմ սխալվում, դրանցից մեկը Խորվաթիան է: Իսկ որեւէ երկրի սահմանի մոտ զորավարժությունը ենթադրել է տալիս, որ այն անուղղակիորեն ուղղված է հենց վերջինիս դեմ, եթե նույնիսկ պաշտոնապես չի հայտարարվում: Այնպես որ, դա բավարար է, որպեսզի գրագետ ու քաղաքականությունից դույզն իսկ հասկացող որեւէ մեկը հույս չդներ եվրոպական պետությունների վրա: Բայց պապյաններին եւ մնացածներին ինչ բացատրես՝ նրանք որոշել են, որ ռուսները պետք է հեռացվեն, եւ վերջ: Նույնը չես կարող բացատրել նաեւ նիկոլական կցորդներին, ովքեր իրենց «հեղինակավոր» խոսքն են ասում ընդդեմ ռուսների: ՀՀ վարչապետի պաշտոնին գամվածի մասին ասելիք չկա՝ նա իշխանության է հասել հենց ռուսներին այստեղից քշելու համար: Սկզբում, բնականաբար, պետք է ազատվեր «ղարաբաղյան բեռից», իսկ այնուհետեւ իրագործեր հիմնական նպատակը: 

Լավ, ենթադրենք՝ Հայաստանի հարցում Արեւմուտքն իրեն կպահի հենց ուկրաինական եւ ոչ թե վրացական տարբերակով: Նիկոլականներին եւ պապյաններին հիշեցնեմ, որ մինչեւ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը արեւմտյան երկրներն աջակցում էին Վրաստանին, եւ այդ հարցում որպես հիմնական դերակատար՝ հանդես էր գալիս ԱՄՆ-ն: Ամերիկացիք նույնիսկ որոշ չափով արդիականացրին վրացական զինուժը: Բայց դրանից բան չստացվեց՝ Վրաստանը պարտվեց: Ինչ մնում է ուկրաինական տարբերակին, ապա միայն Լուսնից իջած մեկը կարող է վստահ լինել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեմ կգնա Թուրքիային, եթե նա որոշի կտրել ողջ Սյունիքը՝ հետագայում ռուսների համար խնդիրներ ստեղծելով հենց ռուսական տարածքներում:

Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում: Ինչ մնում է պապյանների՝ ռուսներին այստեղից հեռացնելու գնով Լաչինի միջանցքը բացելու ջանքերին, ապա դա ֆանտաստիկայի ժանրից է: Արեւմուտքը, իհարկե, համաձայն կլինի, որ ռուսներն այստեղից հեռանան, սակայն դրանից հետո իրենք ընդամենը կաջակցեն ադրբեջանական սցենարին: Իսկ դա հումանիտար միջանցքի բացումն է միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան: Քանի որ ո՛չ թուրքին եւ ո՛չ էլ Արեւմուտքին պետք չէ, որ Արցախը մնա ու իր մնալով վաղը եւ հետագայում խնդիրներ ստեղծի թուրքական ծավալման դեմ: Ինչը, ինչպես ասվեց, ունի խիստ դրսեւորված հակառուսական ուղղվածություն:   

Իբրեւ թե Հայաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացման եւ հանուն Արցախի պահպանման «առաջամարտիկները», փաստորեն, խաղում են ադրբեջանաթուրքական զույգի կողմից՝ առանց դա գիտակցելու: Դա բավարար չէ, ընդդիմադիր ինչ-որ շերտ էլ անընդհատ խոսում է ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ներկայության, ինչը որոշակի հույսեր է առաջացրել արցախցիների շրջանում: Ոնց չասես, որ ազգովի ընկել ենք աննորմալ մի հորձանուտի մեջ: