Ղարաբաղ, Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշում, Լենին-Ստալին-Աթաթուրք պակտ

Ղարաբաղ, Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշում, Լենին-Ստալին-Աթաթուրք պակտ

Ղարաբաղի խնդիրը հայկական հարցի մի փոքրիկ մասն է: Ամենադժվար լուծվողներից մեկը, համարյա անլուծելին: Ինչո՞ւ` կանդրադառնամ ստորեւ: Իսկ հայկական հարցը պետք է բարձրացնել, որովհետեւ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայկական ՍՍՀ սահմաններն այնպես են գծվել, որ դրանք հնարավոր չէ պաշտպանել, եթե նույնիսկ ունենաս աշխարհի ամենաուժեղ բանակը: 

Հայերը մաքսիմալիստ են, էմոցիոնալ, դարեր շարունակ չեն ունեցել պետականություն: Այդ պատճառով չունեն պետական մտածողություն: Տարված են եղել հեքիաթասաց պատմիչների գրվածքներով, այդ պատճառով հեռու են իրականությունից՝ «ռեալ պոլիտիկ» կոչվածից: Նրանց հեշտ է գայթակղել եւ ճանապարհել անհեռանկար, մեր ուժերից վեր գաղափարների իրականացման ուղով: Ասենք, պահանջել, որ Թուրքիան ճանաչի իր ցեղասպանական մեղքը եւ հատուցի այն: 
Այդ նույն Թուրքիան 100 տարի սպասեց, դարձավ 85 միլիոն, Ամերիկայի օգնությամբ կազմավորեց աշխարհի երրորդ, թե չորրորդ հզորությունն ունեցող բանակը եւ նոր է սկսել իր Մեծ Թուրանի ծրագրի իրականացումը՝ խոհեմաբար չբարձրաձայնելով այդ մասին: Իսկ մենք, կանգնած լինելով մեր 29,8 հազարն էլ կորցնելու վտանգի առջեւ, ցանկանում ենք միջազգային ատյաններում ներկայացնել աղոտ ապագա ունեցող հայցադիմումներ՝ 160 հազար քառակուսի կիլոմետրի վերադարձի մասին: Մինչդեռ կա այդ 29,8 հազարը պաշտպանելու եւ հետագայում ընդլայնելու իրական ուղին՝ անհրաժեշտ է հիշեցնել աշխարհին այն, ինչը նա վաղուց է ճանաչել: Հիշեցնել Լենին-Ստալին-Աթաթուրք հանցավոր պակտի հիման վրա քեմալական Թուրքիայի, բոլշեւիկյան Ռուսաստանի եւ սովետականացված Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի առաջին հանրապետության դեմ կատարված հանցավոր ագրեսիայի եւ հայկական անկախ պետականության վերացման մասին: Ինչի արդյունքում Մոսկվայի 1921 թ. պայմանագրով ՀՀ տարածքը բաժանվել է Թուրքիայի, Սովետական Ռուսաստանի եւ Սովետական Ադրբեջանի միջեւ: Պետք է հիշեցնել նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը երբ այսօր պահանջում է Զանգեզուրը, նկատի ունի հենց այդ պակտի կյանքի չկոչված մասը:

Կարծում եմ՝ շատերն են այսօր համոզվել, որ Հայկական հարցի լուծումը սկսել Ղարաբաղը Հայաստանին միացնելու կամ նրա անկախությունը ճանաչելու պահանջով՝ սխալ էր եւ անհեռանկար: Ինչո՞ւ: Որովհետեւ Ղարաբաղի խնդիրն առանձին խնդիր չէր, հետեւանք էր: Այն էլ՝ ոչ ուղղակի: Հետեւանքն էր վերը նշված հանցավոր պակտի եւ բոլոր իմաստներով Մոսկվայի անօրինական պայմանագրի: Ընդ որում, Ղարաբաղի խնդիրը հետեւանքներից ամենադժվար նկատվողն էր: Ինչո՞ւ: Որովհետեւ 1920թ. օգոստոսին Հայաստանի առաջին հանրապետության եւ բոլշեւիկյան Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրով Ղարաբաղը ճանաչվել է որպես վիճելի տարածք, եւ այնտեղ տեղակայվել են ռուսական զորքեր: Այսինքն՝ Հայաստանի առաջին հանրապետությունն ընդունել է, որ դա վիճելի տարածք է: Ստիպված է եղել, բայց համաձայնել է: Եվ, ի տարբերություն Նախիջեւանի, Արցախի փոխանցումը սովետականացված Ադրբեջանին չի ներառվել անեքսիայի հետեւանքն արձանագրող միջպետական պայմանագրում: Այն կատարվել է ավելի ուշ, ներսովետական բանավոր գործարքի արդյունքում: Բայց հետագայում, որքան էլ ցավալի լինի, ամրագրվել է ԽՍՀՄ սահմանադրություններով ու պաշտոնական քարտեզներով: Այսինքն՝ հայաթափված Նախիջեւանի վերադարձի պահանջը կարող է ավելի ըմբռնելի լինել աշխարհի համար, քան հայերով բնակեցված Ղարաբաղինը: 

Փաստորեն, որքան էլ ցավալի լինի, Ղարաբաղյան շարժումը ձեռնտու էր Սովետմիությունը հետագայում վերականգնելու ծրագիրը կազմողների եւ Ադրբեջանի համար, որն այդ շարժման հետեւանքով հնարավորություն ստացավ արտաքսել մի քանի հարյուր հազար հայերի եւ տիրանալ նրանց ունեցվածքին: Դա հեշտությամբ երեւում է, եթե դիտարկենք, թե ով շահեց եւ ով տուժեց այդ գործընթացից:  

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Կարելի է հասկանալ, թե ինչու Երեւանը չի միջամտում Լաչինի միջանցքի բացման անմիջական որեւէ գործողության եւ կարող է ցուցաբերել միայն դիվանագիտական աջակցություն: Այլապես կիրականանա ՀՀ թշնամիների երազանքը, եւ Բաքուն կստանա առիթ՝ Հայաստանում կիրառելու նույն վայրագությունները, որոնք կատարվում են Ուկրաինայում: Կարելի է հասկանալ, թե ինչու Երեւանը չի կարող լքել ՀԱՊԿ-ն, առավել եւս հրաժարվել Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերից: Դրա նվազագույն հետեւանքը կլինի այն, որ գազի գինը կթանկանա մի քանի անգամ, Հայաստանի առանց այդ էլ խախուտ տնտեսությունը կփլուզվի, եւ ժողովուրդը կապստամբի: Բայց հասկանալի չէ, թե ինչու Երեւանը չի կարող աշխարհին հիշեցնել Հայաստանի առաջին հանրապետության դեմ կատարված ագրեսիայի, հայկական անկախ պետության վերացման եւ նրա տարածքի անեքսիայի մասին: Որի արդյունքում Մոսկվայի 1921 թվականի պայմանագրով ՀՀ տարածքը բաժանվեց Թուրքիայի, բոլշեւիկյան Ռուսաստանի եւ սովետականացված Ադրբեջանի միջեւ: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Ալիեւն այսօր, երբ դիմելով աշխարհին պահանջում է Զանգեզուրը, նկատի ունի հենց Լենին-Ստալին-Աթաթուրք հանցավոր պակտի կյանքի չկոչված մասը:

Ըստ որոշ տեղեկությունների, շուտով կայանալու է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստ, նվիրված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Կարծում ենք՝ ճիշտ կլինի, որ այնտեղ ելույթ ունենա ՀՀ վարչապետը եւ աշխարհին իրազեկի ոչ միայն Ղարաբաղի շրջափակման մասին, այլ նաեւ հիշեցնի Հայաստանի դժբախտությունների սկզբնաղբյուր հանդիսացող հանցավոր պակտի, 3 պետությունների ագրեսիայի ու այդ երեքի միջեւ ՀՀ տարածքի բաժանման մասին: Ինչի արդյունքում էլ այսօր հնարավոր է եղել շրջափակել Ղարաբաղը եւ խոսել Զանգեզուրի միջանցքի մասին:

Գրիգոր Էմին-Տերյան