Առուշանյանի 2 մլն դրամ գրավը պետականացվել է. խախտվել է անմեղության կանխավարկածը

Առուշանյանի 2 մլն դրամ գրավը պետականացվել է. խախտվել է անմեղության կանխավարկածը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նախորդ տարվա կեսերից գտնվում է կալանքի տակ, միջնորդություններին ու բողոքարկումներին հակառակ՝ դատավորները նրա խափանման միջոցը չեն փոխում։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ քննվում է այս գործը, նախորդ նիստերից մեկի ժամանակ դատախազը միջնորդություն է ներկայացրել`մեկ այլ գործով Առուշանյանի նկատմամբ կիրառված 2 միլիոն դրամ գումարը պետականացնելու վերաբերյալ։

Բանն այն է, որ տարիներ առաջ Առուշանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, խափանման միջոց է ընտրվել գրավը` 2 միլիոն դրամի չափով։ 

Այժմ, երբ նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալու համար, սակայն չկա դատական վերջնական ակտ` նրա մեղավորությունը հաստատող, դատավորը բավարարում է դատախազության միջնորդությունը։

Գրավը պետականացվում է, քանի որ, ըստ մեղադրանքի կողմի, Առուշանյանը խախտել է պահանջները եւ 2021 թվականի ընտրություններից առաջ նոր հանցանք է կատարել։

Գորիսի քաղաքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազի միջնորդությունը բավարարելով` խախտվել է անմեղության կանխավարկածը։

Դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, վերջինս առաջին ատյանի որոշումն անփոփոխ է թողել, այժմ աշխատում են վճռաբեկ բողոք ներկայացնելու վրա։

Իսկ թե նախորդ քրգործը ինչին է վերաբերել, փաստաբանն ասաց. «Ճիշտ է` գործերը միացվել են եւ քննվում են մեկ վարույթում, բայց ես միայն վերջին՝ ընտրության հետ առնչվող գործով տեղեկություն ունեմ»։

ՀԳ. Նշենք, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում, երբ փաստաբաններից մեկն այցելել է Առուշանյանին եւ հայտնել, որ ՏԻՄ ընտրություններում հաղթել է, նա պաշտպանից հետաքրքրվել է, թե իրենց խոսակցությունը գաղտնալսվո՞ւմ է, դրական պատասխան ստանալուց հետո Առուշանյանը հայհոյանքներ է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Ըստ լուրերի` այս հանգամանքը եւս պատճառ է դարձել, որ Գորիսի քաղաքապետին պահեն կալանքի տակ։