Ինչ անել

Ինչ անել

Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Մամուելսոնը մի առիթով գրել է. «Եթե բոլոր տնտեսագետներին միմյանց հետ կապեն մի շղթայում, ապա նրանցից յուրաքանչյուրը միևնույն հարցի վերաբերյալ կարտահայտի տարբեր տեսակետներ»: Աշխարհում չկա և չի լինի այնպիսի կառավարություն, որ ընդունելի լինի բոլորի համար: Ընդամենը մի քանի օր է, ինչ Անգլիայում ընտրվել է նոր վարչապետ՝ Բորիս Ջոնսոնը, սակայն նրա վարած քաղաքականության դեմ սկսվել են ցույցեր և պիկետներ, պահանջելով նրա հրաժարականը: Մարդը չի կարող անսխալ լինել: Ռուս գրող Տուրգենևը գրել է. «Հիմար չի այն մարդը, որը սխալվում է, այլ հիմար է այն մարդը, ով իր սխալը կրկնում է»: Սխալներ թույլ են տվել մեր նախորդ նախագահները: Առաջին նախագահի օրոք թալանի սկզբունքով տեղի ունեցավ մեր ժողովրդի ազգային հարստության մասնավորեցումը, որի հետևանքով այն դարձավ մի խումբ չինովնիկների և նրանց բարեկամների ու ընկերների սեփականությունը: Աղքատացավ բնակչության գերակշռող հատվածը: Ատոմակայանի փակման հետևանքով երկրում տիրեց մութը, խավարը, ցուրտը: Փակվեցին գիգանտ և փոքր ձեռնարկությունները, տապալվեց արդյունաբերությունը: Համախառն ներքին արդյունքը կրճատվեց ավելի քան 60%–ով: Նաիրիտը, որ ոչ միայն ԽՍՀՄ, այլև Եվրոպայի ամենահզոր ձեռնարկություններից էր, սնանկացավ և թալանվեց: Երկրորդ նախագահի օրոք ձևավորվեց կոռումպացված տնտեսություն: Ամենուր ոչնչանում էին կանաչ տարածությունները, կառուցվում էին միլիոնատերերի դղյակներ և հյուրանոցներ: Երրորդ նախագահի օրոք ձևավորվեց կոռումպացված համակարգ: Թալանվում էր ոչ միայն պետական բյուջեն, այլ պաշտպանության համակարգի ֆինանսական միջոցները: Կաշառակերությունը տարածվեց, եւ թափանցեց անգամ Ազգային ժողովի և նախագահի ընտրություններ:

Վերջապես ոտքի ելավ ամեն ինչից զզված ժողովուրդը, ժողովրդական հեղափոխությունը հաղթանակեց: Նոր ընտրված կառավարությունը ձեռնամուխ եղավ նոր Հայաստանի կառուցման գործընթացին: Չպետք է ուրանալ կամ չնկատել այն դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունենում մեր կյանքում: Ինչպես օրինակ պայքարը կոռուպցիայի դեմ, ստվերային տնտեսության աստիճանական կրճատումը, սակայն կառավարությունում և նրա ստորաբաժանումներում առկա են զգալի թերություններ, որոնք հիմնականում պայմանավորված են կադրերի ընտրության բնագավառում թույլ տրված սխալներով, ինչպես օրինակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, որը իսկական «ջարդ» է կազմակերպել տարեց և փորձառու գիտնականների նկատմամբ, խախտելով նրանց սահմանադրական իրավունքները, իբրև թե տեղ բացելով երիտասարդ կադրերի համար: Նա բառիս բուն իմաստով չի գիտակցում գիտության զարգացման դերը ընդհանրապես և տնտեսական հեղափոխությանը՝ մասնավորապես: Միաժամանակ «հրահանգում է» դատական մարմիններին չվերականգնել ուսումնական հաստատություններից ազատված պրոֆեսորներին և դոցենտներին: Սխալ է 3 կարևորագույն նախարարությունները կենտրոնացնել մի մարդու ձեռքին, որը իր վարքագծով չի համապատասխանում իր վրա դրված պարտականությունների կատարմանը: Ավելի լավ կլինի նա զբաղվի սպորտի զարգացման գործով՝ երիտասարդ կադրերի ներգրավմամբ:

Գոհացուցիչ չի նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը: Երևանի քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրը աղբահանությունն է և Երևանը մաքուր քաղաք դարձնելու հրամայականն է: Չնայած նա համարում է, որ Երևանում աղբահանության խնդիրը լուծված է, սակայն իրականում Երևանի փողոցներում, այգիներում ամենուր աղբի կուտակումներ են: Կենտրոն համայնքի Այգեստան 9-րդ, 10-րդ և 11-րդ փողոցներում, չնայած մեր ահազանգին դեռևս ոչ մի աղբարկղ տեղադրված չէ և աղբահանությունը կատարվում է բնակիչների կողմից՝ որտեղ պատահի սկզբունքով: Ես անձամբ դիմել եմ համապատասխան վարչության ղեկավար Խաչիկյանին, սակայն տեղաշարժ չկա: Իմ կարծիքով Հայկ Մարությանը ևս պետք է հրաժարական տա և լավագույն դեպքում զբաղվի միայն մշակույթի հարցերով: 

Հայաստանի տնտեսության մեջ պետական հատվածի տեսակարար կշիռը բավականին ցածր է: Նույնիսկ ԱՄՆ-ում և Անգլիայում պետական հատվածը (սեփականությունը) ավելի մեծ է, քան մեր երկրում: Հետևաբար անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ տանել պետական և մասնավոր հատվածների զարգացման ուղղությամբ (ֆիննական մոդել): Չնայած ընդերքը (հանքա-հումքային ռեսուրսներ) պետական սեփականություն են, սակայն դրանք հիմնականում օգտագործվում են օտարերկրյա կապիտալի կողմից: Պարզվում է, որ մենք չենք կարող օգտագործել մեր էլեկտրական կարողությունները ջրի սպասարկումը, երկաթուղիները և այլն:

Մինչ այսօր կառավարությունը չունի գիտականորեն հիմնավորված ծրագիր և կանխատեսումներ: Հայաստանում չեն պահպանվում նաև մարդու Սահմանադրական իրավունքները՝ անհիմն կերպով մարդկանց ազատում են աշխատանքից: Դատաիրավական մարմինները, փոխանակ զբաղվեն սահմանադրական նորմերի կատարմամբ, իրենք են խախտում մարդկանց սահմանադրական իրավունքները՝ կատարելով «վերևների» հրահանգները: Անհրաժեշտ է աստիճանաբար անցնել անկախ դատաիրավական համակարգի ստեղծմանը: Դատավորները չպետք է նշանակվեն նախագահի կամ վարչապետի կողմից, այլ պետք է ընտրվեն ժողովրդի կողմից ընտրական տեղամասերում: Նախորդ իշխանությունններից տնտեսական ժառանգություն ենք ստացել 214 հազ. գործազուրկ: Դրա հիմնական պատճառը արդյունաբերության տապալումն է: Այս տեսակետից տնտեսական հեղափոխությունը հիմնականում պետք է իրականացնել արդյունաբերության զարգացմամբ: Հայաստանում տնտեսապես արդյունավետ է հանքահումքային ռեսուրսների օգտագործման հիման վրա միջանկյալ և պատրաստի արտադրանքի թողարկումը և գիտահենք արտադրության, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիայի արտադրությունը: Գիտահենք արտադրության զարգացումը ծավալելու ուղղությամբ էական նշանակություն ունի գիտության զարգացումը, որը գրեթե անտեսվում է կառավարության, մասնավորապես ԿԳՄՍ նախարարության կողմից:

Այդ մասին առաջարկություն էի ներկայացրել կառավարություն, սակայն ինձ պատասխանեց ԿԳ նախարարի օգնականը, որը հայտնում էր, որ շուտով կազմակերպելու են քննարկումներ և ինձ անպայման կհրավիրեն: Արդեն անցել է ավելի քան 6 ամիս, այդպես էլ ես ոչ մի հրավեր չեմ ստացել: Գիտության զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ են որոշակի կառուցվածքային փոփոխություններ և հետևաբար գիտնականների օգտագործման արդյունավետության բարձրացում: Հակառակ դրան ԿԳՄՍ-ի պարոն նախարար Արայիկ Հարությունյանը ձգտում է ազատվել փորձառու գիտնականներից, չմտածելով, որ դրա բացասական հետևանքները ճակատագրական կլինեն երկրում կայուն և բարձր տեմպերով տնտեսական աճ ապահովելու գործում:

Վոլոդյա Հովսեփյան