Հայտնի է, թե ով է 21 միլիոն դրամ հարկից խուսափած «աստղը»

Հայտնի է, թե ով է 21 միլիոն դրամ հարկից խուսափած «աստղը»

Պետական եկամուտների կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ  հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: 

Մենք տեղեկացանք, որ խոսքը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում,նա համարվում է ամենապահանջված երգչուհիներից մեկը, եթե ոչ ամենապահանջվածը։ Վերջին մեկ տարում էլ նա շրջագայություն է սկսել աշխարհի տարբեր երկներով եւ քաղաքներով՝ յուրաքանչյուր տեղում հանդես գալով համերգային ծրագրով։

Մենք փորձեցինք կապ հաստատել երգչուհու ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի հետ, որը նաեւ նրա պրոդյուսերն է, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր։

Նշենք, որ ավելի վաղ Վահրամն ասել էր, որ  երգչուհին Հայաստանում վերջին մի քանի տարիներին գործունեություն չի ծավալել, մենահամերգ չի ունեցել, չի մասնակցել որեւէ համերգային ծրագրի, բացառությամբ 2019 թվականին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մեծ մենահամերգի, որի հարկերը վաղուց վճարված են:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը: