Անդրանիկ Թեւանյանը երկու խնդիր պետք է լուծեր` մեկն արդեն ձախողել է

Անդրանիկ Թեւանյանը երկու խնդիր պետք է լուծեր` մեկն արդեն ձախողել է

Ի՞նչ կտան Երեւանի ավագանու ընտրությունները դրան մասնակցող եւ չմասնակցող ուժերին։ Քաղաքագետների, քաղտեխնոլոգների մի մասը կարծում է, որ Արցախի եւ Հայաստանի համար բախտորոշ այս շրջանում պատասխանատվությունից խուսափած, ընտրությունները բոյկոտած ուժերը կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում, եւ հակառակը՝ նորահայտ, մինիմալ ռեսուրսներով խմբակները շանս կունենան ապագա զարգացումներում տեղ ունենալու։ 

Այս տեսակետի կրողների կարծիքով՝ Երեւանի ընտրություններին պետք է մասնակցեին բոլոր միավորները՝ դա օգտագործելով որպես իշխանության գնալու միջոց։ Եթե անգամ ձախողեին, բոլոր դեպքերում Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական խոշոր գործընթաց է եւ եթե դու չես մասնակցում այդ ընտրություններին, ապա ինքդ քեզ դուրս ես դնում քաղաքական գործընթացներից: Հակառակը պնդողներ էլ կան, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում չի կարելի ընտրություններով զբաղվել, եթե չկա ընդդիմադիր միասնական թեկնածու։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ այս ընտրությունները քաղաքական մեծ նշանակություն ունենալ չեն կարող․ «Դրանք կարող էին քաղաքական մեծ նշանակություն ունենալ` եթե ընդդիմությանը հաջողվեր կամ միավորվել, կամ ընդդիմադիր ուժերից մեկը կարողանար հանրային գիտակցությանը հասցնել այն ուղերձը, որ խնդիրը ոչ թե Երեւանի ընտրություններն են, այլ սա քաղաքական ավելի լուրջ գործընթաց է՝ միտված Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության հասնելու։ Ընդդիմադիր ուժերից որեւէ մեկը իմ տպավորությամբ չի կարողացել բավարար չափով արմատավորել այդ գիտակցումը, հետեւաբար քաղաքական կյանքի վրա այս ընտրությունների ազդեցության մասին չեմ կարծում՝ արժե մեծ ուշադրություն դարձնել»։

Դիտարկմանը, որ Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստան դաշինքը» այդ գիծն է առաջ տանում, քաղաքագետն արձագանքեց․ «Այո, տանում է, բայց հանրային ընկալում չկա, դրա համար եմ ասում, որ չի հաջողել։ Ավելին, եթե խոսում ենք «Մայր Հայաստանի» մասին, ապա այս ուժն ուներ երկու կարեւոր խնդիր՝ առաջինը հենց դա էր, այդ գիտակցման ամրագրումն էր հասարակական գիտակցության մեջ, որն իմ տպավորությամբ արդեն ձախողել է, եւ երկրորդ՝ իր խնդիրը պետք է լիներ ընդդիմության էլեկտորատին ընդհանրապես տեղամաս տանելը։ Խնդիրն այն չէ՝ քաղաքական այդ ուժը համակիրներ ունի, թե ոչ, վստահ եմ՝ տասնյակ հազար համակիրներ ունեն, առավել եւս, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կոչ են արել իրենց համակիրներին քվեարկել «Մայր Հայաստանի» օգտին, բայց միայն կոչը բավարար չէ, այդ ուժը խնդիր ունի պոտենցիալ կողմնակիցներին ընտրատեղամասեր տանելու, սրա համար դեռ ժամաակ կա եւ կարող են գոնե երկրորդ մասը չձախողել։ Բայց քանի որ առաջին մասն արդեն ձախողել են, ուստի այդ քաղաքական ուժը, որը դիրքավորվում է որպես առավել արմատական ընդդիմություն, կարող է պայքարել  լավագույն դեպքում երկրորդ տեղի համար, ինչը  քաղաքական մեծ ազդեցություն չի ունենալու ներքաղաքական կյանքի վրա»։

Քաղաքագետի համոզմամբ ընտրություններին չմասնակցելու փաստն էլ բացասաբար չի անդրադառնա այն բոյկոտած ուժերի վրա․ «Որքան էլ Երեւանը Հայաստանի կեսն է, ամեն դեպքում սա համայնքային ընտրություն է եւ հասարակությունը հազիվ թե քաղաքական ընդդիմադիր ուժերին մեղադրի մի կողմ քաշվելու մեջ, որովհետեւ Աստված մի արասցե եթե ֆորսմաժորային իրավիճակներ լինեն եւ հայաստանը հայտնվի արտաքին եւ ներքին ցնցումների մեջ, ես վստահ եմ, որ այդ ուժերը կտրուկ կակտիվանան եւ այս ընտրություններին չմասնակցելը որեւէ կերպ չի ազդի հանրության վերաբերմունքի վրա»։