Եթե դա տեղի ունենա, նշանակում է, որ կառավարությունը պիտի հրաժարական տա

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրողներին խոստացել է հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ժողովրդի անվտանգությանը, շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հասնել Արցախի վերջանական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորշման իրավունքի վրա։ Բոլոր այս խոստումները ՔՊ-ն փորձում է մոռացության մատնել։ Դրանք ոչ թե օդում տված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր, կառավարության ծրագիրն ԱԺ-ն ընդունել է, որն օրենքի ուժ ունի և պարտադիր է կատարման համար։ Այդ կառավարության ծրագիրը հենց Փաշինյանի կառավարության ծրագիրն է»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում , հիշեցնենք, քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը:
Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։
«Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հրաժարվում է կողմ քվեարկել մեր ներկայացրած օրենքի նախագծին, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագիրն։ Դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է ապօրինի։ Այս կառավարությունը դառնում է ոչ լեգիտիմ։ Մեր հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունը, որն իր ընտրողներին խաբել է, ինչ-որ իմաստով իշխանազավթում է իրականացնում, ընտրությանը տալիս է խոստումներ, անում է դրան ուղիղ հակառակը։ Այդ կառավարությունը դրանով իրեն դուրս է դնում օրենքից ու մեր խնդիրը պետք է լինի այդ կառավարությունից ազատվելը։
Ուզում եմ առիթից օգտվել և ՔՊ բոլոր պատգամավորներին ասել՝ հասկացեք՝ ինչին եք դուք դեմ քվեարկում։ Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը նշանակում է պետք է կառավարությունը հրաժարական տա։ «Հայաքվեն» ավելի քան արդիական է։ Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պաշտպանել, որպեսզի մենք երբևէ կարողանանք Արցախը վերադարձնել։
Արցախը օրենքով պատկանում է հայ ժողովրդին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Եթե այս պահին հանգամանքների բերումով ապրում են Հայաստանում, ամեն ինչ պետք է անել, որպեսզի կարողանան վերադառնան ու վերատիրանալ Արցախին։ «Հայաքվեն» հենց դա է մեզ տալիս»,- պնդեց Ավետիք Չալաբյանը։
Կարծիքներ