Վասալ դառնում է նա, ով հոգով վասալ է

Վասալ դառնում է նա, ով հոգով վասալ է

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ռազմական բախումն իր դրսեւորումներից մեկն ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ պայմանական «Ծիրան-գեյթ» անունով սկանդալի տեսքով։ Բոլորս հիացանք, թե ինչպես ռուսաստանաբնակ հայ համայնքը կանգնեց հայկական ծիրանի «պատվին»՝ մեկ մարդու նման գնեցին ադրբեջանցիների կողմից ռուսաստանյան ամենախոշոր առեւտրային կետերից դուրս մղված ծիրանը։ Ավելին՝ այն դարձավ «ծիրանային» հաղթանակ։ Բայց հաշվի առնելով ադրբեջանցիների սպառնալիքները, թե նման դեպքերը կրկնվելու են, եւ լուրերը, որ նման արգելքներ հարուցվել են նաեւ Վորոնեժում, Սանկտ Պետերբուրգում եւ ռուսական այլ քաղաքներում, հարց առաջացավ՝ արգելքների դեպքում հո Ռուսաստանի հայերն ամեն անգամ չե՞ն գնելու գյուղմթերքի արտահանված խմբաքանակները։ Կամ՝ արդյոք վերջին դեպքը, որքան էլ այն լավ ավարտ ունեցավ, հայ գործարարներին հետ չի՞ կանգնեցնի Ռուսաստան հայկական գյուղմթերք արտահանելուց։ 

Ամենախոշոր՝ «Սպայկա» ընկերությունից մեզ հայտնեցին, որ արտահանումները չեն կանգնել։ Ինչպես «Հրապարակին» հայտնեց Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Հերբերտ Համբարձումյանը՝ այսօր 1800-ից ավելի ֆիզիկական ու իրավաբանական անձինք՝ անհատ ձեռներեցներից մինչեւ խոշոր ընկերություններ, Ռուսաստան գյուղմթերք են արտահանում։ «Մենք Հայաստանում 2 հազար 500 մեծ բեռնատարներ ունենք, որոնց մեծ մասի 70-80 տոկոսը սառնարան է, իսկ եթե սառնարան է, նշանակում է, որ արտահանվում է գյուղմթերք»,- ասում է Համբարձումյանը։

Հարցին, թե ինչ երաշխիք, որ նման դեպքերն էլի չեն կրկնվի ռուսաստանյան այլ քաղաքներում, Համբարձումյանը պատասխանեց․ «Երեւի տեղյակ եք, որ այդ բոլոր խոսակցությունները, ռազբիրատներն ու բազառները եղել է մեկ՝ «Ֆուդ սիթիի» ադրբեջանցի հրեա ղեկավարության կողմից՝ հայկական մեքենաների համար։ Ու դրանից բացի՝ Ռուսաստանում իրացման հազարումի տեղ կա»։ Այդ դեպքում ինչո՞ւ են այլ քաղաքներում եւս խոչընդոտներ ծագել։ Հերբերտ Համբարձումյանն ի պատասխան ասում է․ «Հիմա Դուք կարո՞ղ եք ասել՝ Ալեքսանյան Սամվելի «սիթի»-ներից քանի քաղաքում կա։ Ինչքան «սիթի» կա, իրենն է, նույնը՝ «Ֆուդ սիթին», որն էլ բոլորին հանել է»։ Ըստ որում, հայ գործարարներից մեկը Համբարձումյանին ասել է, որ շուկայի տնօրինության կողմից հայ վարձակալներին բացատրությունն այն է եղել, որ «այս կոնֆլիկտի ժամանակ ֆուռերի հայ ու ադրբեջանցի վարորդների միջեւ բախումներ չլինեն»։
Համբարձումյանն ամփոփելով ասաց, որ ռուսական կողմից նման քայլեր չկան եւ չեն կարող լինել ԵԱՏՄ անդամ երկրի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ին մաս կազմելու հիմնական փաստարկը ԵԱՏՄ 170 միլիոնանոց շուկան էր։ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական խմբի տարածած հայտարարության համաձայն՝ Մոսկվայի եւ Մոսկվայի շրջանի որոշ պարենային շուկաներում ծագած իրավիճակով պայմանավորված խտրական քաղաքականությամբ խախտվում է ԵԱՏՄ 4 ազատություններից մեկը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղափոխումը («Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր», 29.05.2014թ․)։

Մեր կողմից ավելացնենք, որ նախկինում նման հակականոնադրական քայլերի համար ռուսական կողմը կձգեր ադրբեջանցիների ականջները։ Հիմա չեն անում։
Հայաստանի դեմկուսի նախագահ Արամ Գ․ Սարգսյանը մեկնաբանում է՝ հայկական ապրանքների իրացմանը ԵԱՏՄ տարածք ՌԴ-ում խոչընդոտել են ադրբեջանցիները, այ, եթե Ռուսաստանում նրանց չպատժեն, կասի, որ միտումնավոր են անում։ «Ես, ի դեպ, հենց նոր ստացա տեղեկություն, որ հայ-ռուսական բարեկամական խմբի ղեկավար Կրիվոպուսկովը նամակով դիմում է ե՛ւ ՌԴ նախագահին, ե՛ւ Միշուստինին՝ առաջարկելով համապատասխան միջոցներ ձեռնարկել, որ նրանք էլ իմանան, որ Ռուսաստանում օրենք կա, եւ այդ օրենքին պետք է ենթարկվեն։ Եվ, իհարկե, եթե սա մնա անպատիժ, միանշանակ պետք է դատապարտել։ Եվ ես կարծում եմ, որ հիմա մեր իշխանություններն այդպիսի հարց պետք է բարձրացնեն։ Մենք ունենք էնտեղ դեսպանություն, ներկայացուցիչներ, թող անեն։ Ո՞վ է իրենց խանգարում»,- ասում է Արամ Սարգսյանն ու հարցնում․ «Իրենց հարաբերություններն էնքան են վատացել, որ չեն կարողանում այդպիսի հարցեր լուծե՞լ»։
Մարգարիտա Սիմոնյանն իր աղմկահարույց նամակում հանգամանալից անդրադարձել էր Ռուսաստանի՝ մեր հանդեպ փոխված վերաբերմունքի պատճառներին, խոսել էր ՌԴ բարոյական իրավունքի մասին․ ի՞նչ է մտածում այս մասին Արամ Սարգսյանը։ «Բարոյականության մասին խոսելիս պետք է հիշել, թե վերջին 2 տարում անընդհատ ՌԴ-ին փնովել են, խոսել այդ մասին, որ մենք դառնում ենք վասալ… է, մի՛ դառեք, ո՞վ է ձեզ ստիպում վասալ լինել։ Եվ ասեմ՝ վասալ դառնում է նա, ով հոգով վասալ է։ Եթե ինքն էդպիսին չէ, նման բան երբեւէ չի թույլ տա, բայց չի նշանակում, որ իրեն պետք է մենակ նեղ օրերին հիշես ու ասես՝ բա ինչո՞ւ չես գալիս ինձ օգնելու։ Ամեն օր դու պետք է այդ՝ ամենաբարձր մակարդակով բարիդրացիական հարաբերություններն ունենաս»։
Որպես ասվածի ամփոփում՝ Արամ Սարգսյանը բանաձեւեց․ «Դու չես գնում պառադի՝ Ռուսաստան, բայց գնում ես Մինսկ։ Ի՞նչ ես դրանով ուզում ցույց տալ։ Չէիր գնում՝ չգնայիր»։

Ինչ վերաբերում է Երեւանի արձագանքին, ապա ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, որ դեսպանատունն արդեն մեկնաբանել է։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե ՌԴ իշխանությունների հետ մշտական կապի մեջ են եւ սպասում են ՌԴ իրավասու մարմինների արձագանքին՝ Մոսկվայի տարածքում հայկական գյուղմթերքների իրացմանը խոչընդոտելու դեպքերում։