Երեւի թե Մարգարիտայից սպասում էին ավելի վառ հայրենասիրական ելույթ

Երեւի թե Մարգարիտայից սպասում էին ավելի վառ հայրենասիրական ելույթ

Մի քանի օր է՝ հայ հասարակությունն ու ֆեյսբուքահայությունը հայհոյում են ռուսական Russia Today գործակալության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանին։ Իսկ հայհոյում են, որովհետեւ Սիմոնյանը համարձակվել է քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Իհարկե, նա, մեղմ ասած, մի քիչ կոպիտ է արտահայտվել, բայց բարձրաձայնել է ռուսական պաշտոնական տեսակետը, որը, բնականաբար, ծանր է լսելը։ Նա նաեւ ՀՀ իշխանություններին քննադատել էր Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու համար, եւ գուցե նաեւ սա է պատճառը, որ նրա խոսքը նման կրքեր է բորբոքել։ Սակայն կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ Մարգարիտա Սիմոնյանը, որը ղեկավարում է ռուսական ամենահզոր պրոիշխանական մեդիագործակալություններից մեկը, կարող է իր ռեսուրսներն օգտագործել ի շահ Հայաստանի, հատկապես՝ հայ-ադրբեջանական վերջին օրերի այս լարվածության ֆոնին։ Ի դեպ, ապրիլյան պատերազմի օրերին նրա ռեսուրսները հայաստանյան գործընկերների շնորհիվ կարողացել են հօգուտ Հայաստանի ծառայեցնել, որի մասին չի խոսվում՝ տակտիկական նկատառումներից ելնելով։ Հիմա այս հնարավորությունն էլ են չեզոքացնում։

Օրինակ՝ Կոտայքի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի թիմակից Ռոմանոս Պետրոսյանը Մարգարիտա Սիմոնյանի հասցեին գրառում է կատարել՝ նրան անվանելով «անհայրենիք ռուսուլման»։ Հանրային խորհրդի նախագահ Սյոպա Սաֆարյանի հիստերիկ ու վիրավորական գրառումների մասին էլ չենք խոսում։ Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ RT-ի մաս կազմող «Սպուտնիկ-Արմենիա» գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոյից՝ որպես «պաշտոնական տեսակետ», սակայն Պիսարենկոն առաջարկեց մեկնաբանության համար դիմել Մարգարիտա Սիմոնյանին, քանի որ տեքստի հեղինակը նա է։ Զրուցեցինք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ «Սխալը Մարգարիտայի ընտրած բառապաշարը եւ ոճն էր, որովհետեւ, եթե, ենթադրենք, Ռուսաստանում այդ ոճն ընդունելի է, ապա Հայաստանում այդ ոճը դեռեւս ընկալելի չէ։ Եվ օգտագործած հուզական բառապաշարը խանգարեց ընկալել այն միտքը, որ ուզում էր Մարգարիտան ներկայացնել Հայաստանի հանրությանը։ Դա էր հիմնական պրոբլեմը, ինչը շատ լավ օգտագործվեց այն մարդկանց կողմից, որոնք տանում են հակառուսական գիծը։ Երեւի թե Մարգարիտայից սպասում էին ավելի վառ հայրենասիրական, ավելի հայկական ելույթ, բայց իր խոսքերից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանն ու Ադրբեջանը մի նժարի վրա է դրել ու երկուսին էլ խաղաղության կոչ է անում։ Իսկ, իրականում, մեսիջները շատ կարեւոր էին եւ բավականին մեծ դաշտ էին ստեղծել մտածելու, վերլուծելու»,- ասաց Տիգրան Քոչարյանը։

- Հայաստանի իշխանություններից որեւէ արձագանք պե՞տք է լիներ այդ գրառմանը։

- Այո, պետք է լիներ, որովհետեւ Մարգարիտա Սիմոնյանը սովորական լրագրող չէ, նա նույնիսկ սովորական խմբագիր չէ, նա այն մարդն է, ով ի պաշտոնե պատասխանատու է Ռուսաստանի քարոզչության համար Ռուսաստանից դուրս։ Եվ այդ մարդը, կարելի է ասել, Ռուսաստանի իշխանությունների աջ ձեռքն է քարոզչական ճակատում եւ այն մարդն է, որը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատկերացումներ են տիրում ՌԴ իշխանությունների վերին օղակներում, եւ որոշ չափով նա դա արտահայտում է։ Այսինքն, անտեսել Մարգարիտա Սիմոնյանին՝ դա շատ սխալ երեւույթ էր։ Ցավոք սրտի, իշխանության, այսպես ասենք, «ճ» էշելոնի կողմից մենք տեսանք որոշակի աննորմալ արձագանքներ, որոնք ավելի զավեշտալի էին եւ ավելի վատն էին, քան կարելի էր պատկերացնել։

- Russia Today-ն ունի իր արբանյակները տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում՝ ի դեմս «Սպուտնիկ» գործակալության։ Հակահայկական կամ հակառակը՝ պրոհայկական պրոպագանդա այդ մեդիատիրույթում իրականացվո՞ւմ է։

- Տեսեք, մենք երբեմն բավականին շատ պահանջներ ենք դնում մեր հայրենակիցների առջեւ, որոնք աշխատում են այլ երկրներում, անել այնպես, որ իրենք ամեն ինչ թողնեն եւ սկսեն պաշտպանել իրենց հայրենիքը կամ անիծել թշնամուն։ Ոչ։ Ամեն մեկի հետ պետք է գտնել աշխատանքի իր ձեւը։ Օրինակ, նույն Russia Today-ը՝ այստեղ արդեն երկար տարիներ նկատելի չէ պրոթուրքական կամ պրոադրբեջանական քարոզչություն, որոշ դեպքերում նաեւ ինֆորմացիոն հոսքեր են խափանվել, եւ խոսքը ոչ միայն Մարգարիտա Սիմոնյանի մասին է, նաեւ Արամ Գաբրելյանովին կարող եմ նշել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Lifenews.ru-ն, որն ամենակարդացվող ռեսուրսներից էր, ինքը հայկական կողմից եկող տեղեկատվություն էր հիմնականում տալիս։ Այսինքն՝ բոլորը կարողացել են առնվազն, եթե ոչ լիովին, տրամադրել հայկական տեսակետը, ապա գոնե խափանել են ադրբեջանական տեսակետի տարածումը։ Եվ, էլի եմ ասում, ամեն մեկը փորձում է իր չափով դա անել։ Բայց պարտադրել որեւէ մեկին, որ իրենք ամեն ինչ թողնեն եւ զբաղվեն Հայաստանի շահերով, նրանք չեն կարող, որովհետեւ իրենք ունեն այլ երկրի քաղաքացիություն, եւ եթե մարդն աշխատում է այլ երկրի պետական լրատվամիջոցում, ինքն առաջին հերթին պետք է պաշտպանի տվյալ երկրի շահերը։