Ինչ են ուզում ռուսներն «ասել» երեկվա միջադեպով

Ինչ են ուզում ռուսներն «ասել» երեկվա միջադեպով

Նախօրեին Երեւանում տեղի ունեցավ ցույց, որի պահանջն էր՝ Արցախի ճանաչումն ու Հայաստանի ներկա իշխանությունների հեռացումը։ Զարմանալիորեն, հաշված ժամեր անց Արցախ վերադարձող արցախցիների մուտքն ադրբեջանցիներն արգելեցին, չորս կին իրենց վատ են զգացել, եւ նրանց օգնություն են ցուցաբերել ադրբեջանցի բժիշկները, ադրբեջանական շտապօգնության մեքենաներն էլ նրանց հասցրել են Ստեփանակերտ։

Երեկ «Հրապարակը» գրեց, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, ըստ էության, մասնակցում կամ նույնիսկ նպաստում է Արցախի ադրբեջանացմանը, Ադրբեջանին ինտեգրմանը, եւ երեկվա «միջադեպը» նախապես պլանավորված է եղել ռուսական խաղաղապահների եւ ադրբեջանցիների կողմից։

Նախօրեի ցույցի եւ միջադեպի միջեւ արդյո՞ք կա որոշակի կապ, թե՞ ընդամենը մեր վարկածն է, դժվար է ասել։ Սակայն նաեւ խիստ տարօրինակ կլիներ, եթե տեղի ունեցածը զուտ համընկնում կամ զուգադիպություն լիներ։ Պարզ է մի բան՝ նյարդերի ամրության չափազանց ծանր ու հոգեմաշ քննություն է սկսվել, ու ով կարողացավ այդ քննության տակից պատվով դուրս գալ, նա էլ թերեւս կհաղթի։ Ընդ որում, գործադրվում է ամենատհաճ զինատեսակներից մեկը՝ հոգեբանական ճնշումը, հոգեբանական ներազդումը, երբ արցախցին, օրինակ, կարող է պատահական իր մայրաքաղաքի փողոցում տեսնել ադրբեջանական շտապօգնության մեքենաներ՝ ռուսների ուղեկցությամբ։ Այսինքն՝ արցախցին հոգեբանորեն սկսելու է իրեն տրամադրել, մտածել, որ նույնիսկ ռուսներն իրեն չեն պաշտպանում, դե՝ Հայաստանի իշխանությունն էլ չի պաշտպանում, իսկ արեւմտյան երկրներն առհասարակ թքած ունեն իր վրա, ուստի նա լիակատար անպաշտպան է ադրբեջանցի հրոսակախմբերի առաջ։

Մյուս կողմից էլ՝ հնարավոր է, որ պարզապես արցախցիների «աչքն են սովորեցնում» ադրբեջանական տարբերանշաններով մեքենաներ տեսնելուն։ Իրոք, գուցե ինտեգրացիան այսպես է արվում՝ փուլ առ փուլ, քայլ առ քայլ, չափաբաժին առ չափաբաժին։ Պաշտոնական Երեւանը, անշուշտ, լուռ է եւ թերեւս լուռ էլ կմնա։ Նույնիսկ հարկ չեն համարի հարցնել, թե ինչու, օրինակ, շտապօգնության մեքենան Ստեփանակերտից չի կանչվել, այլ՝ գրավյալ Շուշիի մոդուլային ադրբեջանական հիվանդանոցից։ «Մեսիջն» էլ կարծես թե հասկանալի է․ Մոսկվայի համար Արցախի մասով ճանաչման կամ, առավել եւս՝ Հայաստանին միացման ցանկացած պահանջից հետո կարող է նմանատիպ հոգեբանական ահաբեկման մի «օպերացիա» բեմադրվել։ Ասել կուզի՝ պետք է պատրաստ լինենք։ Դեռ ինչեր կարող ենք տեսնել, Աստված գիտի միայն։ Ինչ-ինչ, բայց ռուսները նման «մեսիջների» վարպետ են։ Իսկ ամենասարսափելին թերեւս անորոշ ապագան է, երբ անհայտ է՝ Արցախում արցախցին կշարունակի՞ մնալ, թե՞, ի վերջո, մի քանի տարի անց կբնակեցնի Ռուսաստանի որեւէ երկրամաս՝ զանգվածային գաղթի արդյունքում։ Մի բան հաստատ պարզ է․ Ռուսաստանն այն երկիրը չէ, որը նույնիսկ ուկրաինական պատերազմում խրված վիճակում չկարողանա Արցախում հարցեր լուծել, եթե ցանկանա։ Ուրեմն ավելի հավանական է, որ չի ցանկանում։