Վտանգն այն է, որ ՀՀ-ն անվտանգության վեկտորը կփոխի, բայց խաղաղության խաչմերուկ չի ստանա

Վտանգն այն է, որ ՀՀ-ն անվտանգության վեկտորը կփոխի, բայց խաղաղության խաչմերուկ չի ստանա

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի, այնտեղ արված հայտարարությունների եւ մասնավորապես «Խաղաղության խաչմերուկի» մասին ենք զրուցել քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- ԵԽԽՎ վեհաժողովի նախագահ Պիա Կաուման հայտարարել է, որ հավանական են համարում, որ առաջիկա շաբաթներին խաղաղության պայմանագիր կկնքվի, ինչի մասին խոսում են մեկ տարուց ավելի։ Իրատեսական համարո՞ւմ եք այդ պայմանագրի կնքումը մինչեւ տարեվերջ:

- Ոչ, իրատեսական չեմ համարում շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանին իրականում խաղաղություն պետք չէ, Ադրբեջանին խաղաղության բանակցությունները պետք են որպես պատրվակ, որպեսզի հասնի իր առջեւ դրված նպատակներին։ Նրանց պետք է, որ խաղաղության բանակցությունների ձախողման մեղքը բարդվի հայկական կողմի վրա։ Կարող է ինչ-որ նախնական փաստաթուղթ ստորագրվել, ես դա չեմ բացառում, բայց գործնականում դա կլինի ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ՝ փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա հետագայում կա՛մ ագրեսիայի միջոցով հասնել իր նպատակներին, մասնավորապես Սյունիքի նկատմամբ, կա՛մ էլ փախստականների վերադարձի հարցը ներառելով՝ քայլ առ քայլ բնակեցնել Հայաստանի տարածքը եւ Սեւանի մի մասը, հետագայում էլ Հայաստանից պոկել դրանք։ Այսինքն՝ դա չի լինի խաղաղություն, այլ կլինի խաղաղության իմիտացիա՝ հետագա սրացումների, նոր պատերազմի մեծ պոտենցիալով։

- Այդ դեպքում այս հայտարարությունները բարի ցանկությունների ոլորտի՞ց են։

- Արեւմուտքը, ավելի կոնկրետ՝ Եվրամիությունը, շահագրգռված է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, որովհետեւ եթե տեւական խաղաղություն հաստատվի, դա կնշանակի, որ Ռուսաստանը դուրս է մղվում մեր տարածաշրջանից։ Այդ նպատակով նրանք նաեւ ողջունում են «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծը, որովհետեւ Ռուսաստանն այդ նախագծում չկա։ Քանի որ Արեւմուտքի համար մեծ հաջողություն կլինի Ռուսաստանին դուրս մղելը, նա դրա դիմաց շատ հստակ, առարկայական, անվտանգային երաշխիքներ պետք է տրամադրի Հայաստանին եւ երաշխավորի, որ այդ համաձայնագիրը ստորագրվելու դեպքում թղթին չի մնա։ Այսինքն՝ Արեւմուտքը պիտի կարողանա ճնշումներ գործադրել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա, որպեսզի նրանք ստորագրելուց հետո իրականացնեն այդ համաձայնագիրը։ Կհաջողվի դա Արեւմուտքին, թե չի հաջողվի՝ այլ հարց է... Հիմա խնդիրը հետեւյալն է․ արդյոք մեզ բավարարո՞ւմ են Արեւմուտքի տված երաշխիքները, եթե այդպիսիք տրված են: Արդյոք Արեւմուտքը կարողանալո՞ւ է կանխել, որ Ռուսաստանն Ադրբեջանին չդրդի՝ Հայաստանի ուղղությամբ նոր ագրեսիա ձեռնարկել։ 

- Ինչպե՞ս է նույն Արեւմուտքը ճնշում գործադրելու Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, երբ ԵՄ պաշտոնյաները հայտարարում են՝ դատապարտում ենք Ադրբեջանին, սակայն պատժամիջոցներ չենք կիրառի, քանի որ նա մեր կարեւոր գործընկերներից է։

- Այո, դա բացարձակապես իրատեսական չէ։ Դրա համար էլ ասում եմ՝ խաղաղությունն իրատեսական չէ, եւ Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, շատ կոպիտ սխալ են անում, երբ դա համարում են իրատեսական եւ գնում են մի ճանապարհով, որտեղ հաջողության հասնելու շանսերը չնչին են, իսկ նոր ագրեսիայի առջեւ հայտնվելու շանսերը՝ շատ մեծ․ սա շատ վտանգավոր ճանապարհ է։ Այսինքն՝ Հայաստանը շարժվում է պատրանքների ետեւից, այն դեպքում, երբ սպառնալիքները շատ ավելի իրական են, եւ Արեւմուտքն էլ դրանց դիմակայելու ո՛չ ռեսուրսներ ունի, ո՛չ էլ, կարծում եմ, ցանկություն։ Որովհետեւ Արեւմուտքի շահը բոլորովին այլ է, եւ Թուրքիան ու Ադրբեջանն Արեւմուտքի համար շատ ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան Հայաստանը։

- Ինչո՞ւ Ռուսաստանը չմասնակցեց ԵԱՀԿ ԽՎ-ին։ Դա ՀՀ իշխանություններին ուղղված արհամարհանքի՞, թե՞ դժգոհության նշան էր։

- Նաեւ դա կա, կա նաեւ այլ հանգամանք, քանի որ չմասնակցեց ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սա նաեւ ազդակ էր, որ մեր տարածաշրջանում, կոնկրետ մեր դեմ Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը գործում են միասնաբար, որովհետեւ շահերի համընկնում կա, եւ երեքն էլ, Իրանը` նույնպես, կտրականապես դեմ են, որ որեւէ այլ կողմ՝ երրորդ կողմ, նկատի ունեմ Արեւմուտքը, ներթափանցի մեր տարածաշրջան։ Կարծում եմ՝ սա էր պատճառը, եւ սա հստակ ազդակ էր, որ Հայաստանը, եթե իսկապես ցանկանում է խաղաղություն, պետք է այդ խաղաղությունը փնտրի տարածաշրջանի ներսում՝ տարածաշրջանի դերակատարների մասնակցությամբ եւ ոչ թե Արեւմուտքի, որն այստեղ բացառապես իր շահերն է հետապնդում։

- Մեր տարածաշրջանում Հայաստանն ումի՞ց պետք է ստանա այդ անվտանգային երաշխիքները։

- Հայաստանի անվտանգային երաշխիքը կլինի այն, որ տարածաշրջանային երկրներում, ավելի կոնկրետ՝ Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունում, կլինի համաձայնություն խաղաղության վերաբերյալ եւ կլինի ըմբռնում, որ այս տարածաշրջանին պետք է կայունություն՝ խիստ որոշակի պայմաններով, այսինքն՝ արեւմտյան հարթակները մեզ համար գայթակղիչ են, որովհետեւ այնտեղ ստորագրված փաստաթուղթը մեզ համար կլինի շատ նպաստավոր, բայց դա կմնա թղթի վրա, իսկ եթե փաստաթուղթ ստորագրվի «3+3» ֆորմատով, դա կլինի մեզ համար շատ ավելի ծանր պայմաններով, շատ ավելի դժվար ընկալելի, բայց, վստահաբար, իրականություն կդառնա, որովհետեւ եթե Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնություն ձեռք բերվի, ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի համարձակվի խախտել այդ համաձայնագիրը։ Որքան էլ այդ համաձայնագիրը ծանր լինի, դա չի մնա թղթի վրա։ Արեւմտյան հարթակները որքան էլ գեղեցիկ հնչեն, դրանք վախենամ, թե մնան ընդամենը գունավոր փուչիկներ, որոնց ետեւից վազելով՝ մենք ուղղակի հերթական անգամ մեր ոտքը կդնենք նույն փոցխի վրա։ 

- Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկն» ի՞նչ սպառնալիքներ է պարունակում մեզ համար։

- Այն վտանգավոր է ոչ թե նրանով, որ այդ ճանապարհները կբացվեն, եւ մենք ոտնատակ կընկնենք, այլ նրանով, որ դա ընդամենը պատրանք է` չի իրականանալու, բայց մենք այդ պատրանքի հետեւից վազելով՝ շատ լուրջ վտանգների առջեւ ենք կանգնելու։ Եթե իսկապես տեւական խաղաղություն լինի տարածաշրջանում, Հայաստանը, այսպես թե այնպես, դառնալու է տարածաշրջանային խաչմերուկներից մեկը, բայց այսօր Հայաստանի՝ խաչմերուկ լինելն Ադրբեջանին պետք չէ, որովհետեւ Ադրբեջանն ինքը խաչմերուկ է արդեն ե՛ւ Հյուսիս-Հարավ, ե՛ւ Արեւմուտք-Արեւելք ճանապարհին։ Վրաստանին դա պետք չէ, որովհետեւ Վրաստանը շատ լավ օգտագործում է իր ճանապարհները, մենաշնորհ ունի այդ առումով եւ ահռելի եկամուտներ է ստանում, դրա համար էլ դա պատրանք է։ Պետք չէ վախենալ, որ դա կիրականանա, որովհետեւ դա չի իրականանա։ Վտանգն այն է, որ Հայաստանը կկարծի, թե դա իրականանալու է, հանուն դրա կգնա ինչ-որ զոհողությունների, անվտանգության վեկտորի փոփոխության, եւ արդյունքում մենք խաղաղության խաչմերուկ չենք ստանա, ապաշրջափակում չենք ստանա, փոխարենը կստանանք նոր պատերազմ եւ թշնամական հարաբերություններ՝ տարածաշրջանի բոլոր երկրների հետ։

- Այսինքն՝ ենթակառուցվածքների շրջափակման փոխարեն ՀՀ-ն կհայտնվի բլոկադայի մե՞ջ։ 

- Այո, եւ եթե միայն բլոկադայով ավարտվի, լավ կլինի, որովհետեւ կոնկրետ Ադրբեջանը չի ուզում Հայաստանին միայն բլոկադայի ենթարկել, նա ուզում է Հայաստանի մի մասը վերցնել, մյուս մասը՝ բլոկադայի ենթարկել։

- Այսինքն` Զանգեզուրի միջանցքը ստանալուց հետո ՀՀ-ի մյուս հատվածը փաստացի կհայտնվի թուրքական շրջափակման մեջ։

- Այո, եւ ադրբեջանցիների վերաբնակեցում, Սեւանի ավազանի մի մասը, Տավուշ, Արարատյան դաշտ, Սյունիք։ Հասկանալի է, թե նրանք ինչ են ուզում անել, եւ այդ առումով այս խաչմերուկը գովազդային, հերթական տրյուկ էր՝ ավելի շատ ներքաղաքական լսարանին ուղղված, որովհետեւ այդ ճանապարհները, որոնք խոստանում են բացել, մեր մեջ ասած՝ գործնականում գոյություն էլ չունեն։ Այսինքն՝ դրանց մի մասը գոյություն չունի ընդհանրապես, մի մասը պիտի վերականգնվի, որի համար ահռելի միջոցներ են պետք։ Ես կարծում եմ, որ դա այն հերթական խայծն է, որի միջոցով մեր իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել մեր հանրությանը՝ ցույց տալու համար, որ այս հազարավոր կորուստները, որ մենք ունեցանք, հենց այնպես չէին, որ մենք դրա դիմաց ինչ-որ բան էինք ստանալու։ Իսկ իրականում մենք առայսօր ոչինչ չենք ստացել եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում նույնպես չենք ստանա։

- Դեռ ավելին՝ կկորցնենք։

- Համենայնդեպս, այդ վտանգը շատ իրատեսական է, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը շատ է ցանկանում, որ Ռուսաստանն իրեն որպես մահակ օգտագործի Հայաստանի դեմ, Ադրբեջանն էլ մեծ սիրով այդ դերը կատարում է, եւ չի բացառվում, որ եւս մեկ անգամ կատարի։