Օղակը սեղմվում է

Օղակը սեղմվում է

Հազվադեպ է հանդես գալիս ՀՀ առաջին նախագահը` թողնում է, որ իր խոսքին կարոտենք եւ որպես ծանր հրետանի՝ հարվածում է ուղիղ թիրախին: Երեկվա խոսքն էլ լուրջ էր, պատկառելի, ազդու: Նա առաջարկում է ԱԺ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել, քանի որ նա անցել է թույլատրելիության սահմանները: Մարդկության պատմության ընթացքում շատ գործիչների են դավաճան անվանել, նրանցից ոչ մեկը չի թքել իրեն դավաճան անվանողի դեմքին: Չես կարող չհամաձայնել: Բայց ահա կարդում եմ հանրային գործիչներից մեկի արձագանքը` մեր սահմանների վրա հարձակում եղավ, զոհեր ունեցանք, Լաչինի միջանցքը 100 օրից ավելի փակված է, Տեղ գյուղի տարածք է մտել թշնամին, է՛լ խաղաղության պայմանագիր, է՛լ հարեւաններից մեզ ուղղված սպառնալիքներ... լռում էր ՀՀ առաջին նախագահը, խոսեց միայն թքելու դեպքից հետո: Իսկ ի՞նչ է անում իշխանությունը` նախահարձակ է լինում:

Երեկ ԱԺ-ում ուղղակի «սամասուդի» ենթարկեցին ընդդիմության ՄԻՊ թեկնածուին` ոհմակով հարձակվելով նրա վրա: Նաեւ հերքեցին, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ բռնություն է գործադրվել: Ինչո՞ւ եմ այս փաստերն իրար կողքի շարում. Իշխանությունը զգում է, որ հողը գնում է իր ոտքի տակից: Մե՛կ ՔՊ-ական հանձնաժողովի նախագահի աչքն են վնասում, մե՛կ ԱԺ նախագահին են դավաճան անվանում, մե՛կ վարչապետի տղայի վրա են հարձակվում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հասարակության համբերության բաժակը լցվել է, եւ քանի որ պայքարի մեթոդները նվազել են, սկսում է գործել բռնության գործիքակազմը: Ինչպե՞ս կանխել բռնությունների ալիքը, ի՞նչ անել, որ Վլադիմիր Վարդանյանի հետ պատահածը չկրկնվի այլեւս. հակահարձակման անցնել: Ծեծել` ծեծելու մտադրություն ունեցողին, թքել դավաճան ասողի դեմքին, հերքել, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ հարձակում է եղել: