Կլինի Նիկոլը, կլինի Պողոսը, մեկ է՝ կյանքը շարունակվում է

Կլինի Նիկոլը, կլինի Պողոսը, մեկ է՝ կյանքը շարունակվում է

Եռաբլուր ամեն գնով մուտք գործելու Նիկոլ Փաշինյանի մոլուցքը բազմաթիվ տգեղ տեսարաններ ի ցույց դրեց սուգ օրով։ Պարբերաբար ծագող լոկալ տուրուդմփոցներից մեկի ժամանակ տրորեցին մի քանի շիրմաքար, մթնոլորտը լարվեց այն աստիճանի, որ զգացվում էր անգամ «ուղիղ եթերից»։ Եղան այլ տգեղ տեսարաններ, երբ նիկոլական եւ հականիկոլական խմբերն իրար վրա ծաղիկներ նետեցին, բռունցքների հարվածներ ու հայհոյանքներ փոխանակեցին։ Մի խոսքով, ազգային ողբերգությունը վերածվեց տրագիկոմեդիայի, ինչն անելու բացառիկ տաղանդ ունի Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ է նա անպայման ուզում լինել այնտեղ, որտեղ (Եռաբլուրում, Սյունիքում) իրեն մերժում են, որտեղ մարդիկ կարող են զուտ իր ներկայության պատճառով բախվել։ Հարցը, ինչպես ասում են, հոգեբաններին է ուղղված։ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս Հրանտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նկատեց․ «Չէ, չկա հոգեբանական խնդիր, քաղաքական է։ Հոգեբանականը մարդու մեջ է, մասսայական երեւույթներում հոգեբանական խնդիրներ չկան։ Այստեղ մեր վերլուծելու բան չկա, մեր վերլուծելը մարդկանց անհատական վարքն է, բայց էս դեպքում՝ չէ։ Բոլոր դեպքերում, երկու կողմն էլ ինչ-որ դրդապատճառներ ունեին, սա վերլուծելու բան չէ․․․ երկու կողմ չէ, կողմերը շատ են»։ 

- Պարոն Ավանեսյան, իսկ այդ սիրո դրսեւորումները, երբ զոհվածի հայրը կռանում, համբուրում է Նիկոլ  Փաշինյանի ձեռքը կամ ոտքը։ Ինչո՞ւ են համբուրում, եթե անգամ ընդունում են նրան որպես մեծագույն քաղաքական գործիչ։

- Իրենք չեն ընդունում էն մյուս ուժերին, որոնք պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ։

- Ու դրա համար համբուրո՞ւմ են։

- Այո, էն մյուսին էն աստիճան չեն ուզում, որ պատրաստ են համբուրել անգամ մարդու, որը հասցրել է էս վիճակին։ Այո, դա է բնորոշ՝ այնքան չեն ուզում 4 ուժերին, 17 չեմ ասում, որ պատրաստ են համբուրել Փաշինյանի ոտքը, որը հասցրել է իրենց այս վիճակին։ Պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվում։

- Դա բացառո՞ւմ է, ինչպե՞ս է կոչվում հոգեբանության մեջ։ 

- Բացառում չէ, ավելի շատ՝ չընդունում, մերժում։

- Եվ կողմերից ամեն մեկը համոզված է, որ 100 տոկոսով ճիշտ է։

- Չէ, էնքան կեղծիք կա, որ դեմքներին գրված է, որ ճիշտ չեն։ 17-ի առաջնորդի դեմքը ցանկացած հոգեբանի տվեք, թող վերլուծի, թե որքան կեղծիք կա։ Խոսքը Մանուկյանի մասին է։ Ես կողմնապահություն չեմ անում, ինձ համար միեւնույն են կողմերը, ես առաջին օրվանից հոգեբանական ծառայություն եմ ղեկավարում, վիրավորների հետ աշխատանք։
Հոգեբաններն այս օրերին ահռելի գործ են անում, սոցիալական լարվածություն են վերցրել իրենց վրա՝ աշխատելով վիրավորների հետ, զոհվածների ընտանիքների հետ, վերադարձող զինվորների ու երկրապահի հետ։ Էնքան լուրջ խնդիրներ կան, մենք դրանով ենք զբաղված։

- Առհասարակ, բոլոր պատերազմներին բնորոշ է, որ գալիս են «Վիետնամական սինդրոմով», այս անգամ,  ենթադրում եմ՝ շատ ավելի ծանր է․․․

- «Վիետնամական սինդրոմը» վերաբերել է ուրիշ երկրի անհասկանալի պատերազմին․ ամերիկացիների համար՝ Վիետնամում, եւ Աֆղանստանում՝ Սովետի համար։ Տարբերությունն այն է, որ հայկականի դեպքում մարդիկ սեփական հողի համար են կռվել։ Եվ այնտեղ պետության նկատմամբ պահանջատիրություն առաջացել է, ասել է՝ ես գնացել, քո համար կռվել եմ, վերադարձել եմ, ինձ պետք է փոխհատուցես։ Մեզ մոտ էս դրսեւորումը եզակի է եղել։ Մեզ մոտ ալան-թալան առաջինից հետո չեն ուզեցել անել։ Եղել են մի քանի զոռբաներ, որոնք ավար են վերցրել, բայց հիմնականում՝ անկեղծորեն պատերազմ գնացածը պահանջատեր չէ, ինքն ավելի շուտ հուսահատված է։ 

- Հուսահատված է, քանի որ պատերազմը տանո՞ւլ է տրված։  Ի՞նչն է հիմնականը, ի՞նչն է իրենց տանջում՝ հիշողություննե՞րը, ընկերների մա՞հը․․․

- Ահավոր։ Այն, ինչ իրենք տեսել են՝ էդ էրեխեքը։ Ինչի՞ էրեխեքը, մեծահասակներն էլ, ինչ որ տեսել են, նենց ապրումներ են, որոնք երկարատեւ խնդիր են մեր դաշտի մասնագետների համար, որով հիմա շատ լրջագույնս զբաղվում ենք։ Ծառայությունը զինված ուժերի հետ է աշխատում, էս կորած ու գերիների հետ կապված՝ եւս, ոչ անմիջականորեն, բայց․․․ Մի խոսքով՝ շատ ծանր, լարված աշխատանք է։

- Իսկ զինվորների մոտ հուսահատությո՞ւն է, թե՞․․․ Ո՞րն  է այս պահին նրանց հիմնական շարժիչ ուժը։

- Վիրավորների մի մասն իր մեջ պահել է ու կպահի վրեժի խնդիր, մյուս մասն ունի, այսպես ասած՝ դեռ չգիտակցված, դա կոչվում է  դիմադրության, անորոշության փուլ։ Այսօրվա իրենց արձագանքներին ու մտածումներին դժվար է գնահատական տալ։ Մարդկանց վիճակը, մեծամասնության, դեռ կայունացած չէ։

- Նման դեպքերում ի՞նչ են անում, ասում հոգեբանները։

- Հոգեբանը կյանքի իմաստը վերադարձնելու խնդիր ունի։ Կյանքը, միեւնույն է, շարունակվում է։ Կլինի Նիկոլը, կլինի Պողոսը, մեկ է՝ կյանքը շարունակվում է։ Ու ոչ թե էդպիսի բաների դաշտ ենք տանում… ի դեպ, ասեմ՝ հոսպիտալներում գտնվողներն էս քաղաքականության մասին բացարձակ չեն ուզում լսել, ոչ մի կողմի լսել ու հասկանալ․ դա  իրենց բացարձակ չի հետաքրքրում։ Մեծամասնությանը։ Իրենց մոտ էդ հուշերն են, էդ պատմություններն են․․․ իսկ մեր նպատակը՝ իրենց կյանք վերադարձնելը։ Կյանքը շարունակվում է՝ դժվար է շարունակվում, բայց շարունակվում է։ Նույնն էլ բոլորիս եմ ցանկանում, որ մեր կյանքը վերաիմաստավորենք եւ ապրենք։