Ինչքան ձախողված բան կա, փաստորեն սիրելի է որոշ մարդկանց

Ինչքան ձախողված բան կա, փաստորեն սիրելի է որոշ մարդկանց

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքում ամենից աղմկոտ ելույթներից մեկը ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ելույթն էր, ով առաջարկեց նոր Ղարաբաղ կոմիտե ձեւավորել` 11 հոգուց կազմված, որին կընտրի հրապարակը: Նա ասաց, որ այս օրերին արցախցիները ոսկե տառերով իրենց պատմությունն են գրում` համաշխարհային պատմության էջերում:

«Արցախը կանգնում է եւ հայտարարում է պայքար, ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղությանը, որ Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն: Ասում է՝ սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի: Իսկ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք: Դա ոչ միայն բայորական կամ ազգային ու քաղաքական տեսակետից սխալ է, այլ սխալ է ի սկզբանե, որովհետեւ Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը»,-ասաց նա: Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում` երբ հայտարարում է, որ ինչ-որ միջազգային կառույցներ կապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը. «Չկա այդպիսի բան: Ռուսական բանակն այնտեղ կանգնած է, այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիները ուզում են մեքենայով ապրանք տանել` չեն կարողանում, էդ ո՞նց է այդ խնդիրը միջազգային կարգով լուծվում, դա անլուծելի խնդիր է»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր ազգի ու պետության հարցը լուծվելու է ոչ թե որեւէ այլ երկրում, այլ հենց Երեւանում: 7-11 հոգանոց կոմիտե ստեղծելու առաջարկը ոմանք քննադատեցին` պնդելով, որ  «Ղարաբաղ» կոմիտե ձեւավորելու առաջարկն այսօր ակտուալ չէ:

Ինչ կտա մեզ նոր կոմիտեի ձևավորումը, «Հրապարակը» զրուցել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ: Նա ընդգծեց.

«Այդ օրը հնչած ելույթներից Վազգեն Մանուկյանի ելույթը մյուսներից առանձնացավ նրանով, որ նա առաջարկեց որոշակի ծրագրեր: Թե ինչի համար և ինչպես, չշեշտեց: Անկեղծ ասած, այդ ամենն ինչը հիշեցրեց «Ղարաբաղ» կոմիտեի դրվածքը, որին ես ծանոթ եմ: Մենք շատ ենք խոսում Ղարաբաղյան շարժման մասին, սակայն պետք է ընդունենք, որ այդ շարժումը սկսվել էր նախ Արցախում և հայաստանցիներիս դերն Արցախին սատարելն էր: Բայց հենց առաջին հավաքի ժամանակ խոսվեց ոչ թե Արցախին սատարելու մասին, այլ կոմիտեի անդամների բուն անելիքների մասին: Խոսվեց գործադուլ սկսելու, գործադուլ դադարեցնելու մասին, բայց եթե խոսվում է Արցախին սատարելու մասին, նախ պետք է լսել, թե ինչ է ուզում Արցախը: Այնպես որ «Ղարաբաղ» կոմիտեով հիանալու, ընդօրինակելու տեղ այնքան էլ չկա: Վազգեն Մանուկյանը խոսում է հենց կոնկրետ կոմիտե ստեղծելու մասին, բայց ինչո՞ւ հենց կոմիտե, այդ մասին էլ չխոսվեց: Ինչքան ձախողված բան կա, փաստորեն սիրելի է դարձել որոշ մարդկանց համար: Այս մարդը, որպես մաթեմատիկոս, փոխանակ խորանար, թե ինչ բան է բացարձակ ժողովրդավարությունը... խոսում է կոմիտե ստեղծելու մասին: Վազգեն Մանուկյանն իր այդ հայտարարությամբ սառը ջուր լցրեց իր գործնական լինելու վրա», նշեց Հայրիկյանը:

Նրա խոսքով` նախ պետք է հասկանալ, թե որն է բուն նպատակը. «Իշխանափոխությո՞ւնը, եթե` այո, ապա պետք է նախ նպատակդ ազդարարես, որից հետո կոնկրետ կլուծվի տվյալ հարցը: Նույնիսկ ամենաբուռն քաղաքական շրջանում ԱԻՄ-ը երբեք չասաց` մենք գանք իշխանության, որպեսզի մեր բուն նպատակն իրագործվի: Այսօր կա գերխնդիր: Շատ է խոսվում ազնվականության մասին, ոմանք էլ դա կոչում են էլիտա, սակայն չեն հասկանում, որ գլխավոր խնդիրն այսօր ողջ հանրությանն էլիտա դարձնելն է: Պետք է այնպես անել, որ մի քանի հազար ազնվականներին վերացնելով` հակառակորդն իր առջև դրած խնդիրը չլուծի: Պետք է երկրի տերը դառնա ողջ հասարակությունը: Հայաստանի իշխանություններն իրենց նախընտրական խոստումները չեն իրագործել: Այս իշխանություններին հեռացնելն անհրաժեշտ է և բնականոն, սակայն այսօր գլխավոր խնդիրը դա չէ: Մեր գլխավոր խնդիրն այսօր Հայաստանը Հայաստան դարձնելն է, իսկ Հայաստանը Հայաստան դարձնելու գլխավոր գործիքն այն է, որ քաղաքացին դառնա երկրի տերը: Ցանկացած նորմալ մարդ այսօր ցանկանում է կայացած տեսնել իր պետությունը»,- խոսքը եզրափակեց ԱԻՄ նախագահը: