Ռուբեն Վարդանյանի մինուսների մասին

Ռուբեն Վարդանյանի մինուսների մասին

Ով քաջատեղյակ է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության փոխհարաբերություններին, խնդրում եմ, թող աղմուկ չբարձրացնի այս հոդվածի կապակցությամբ, որովհետեւ այն, ինչի մասին խոսելու եմ, ոչ թե Ռուբեն Վարդանյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության մասին է, այլ մի ճանաչված կնոջ, որին մենք միանշանակ չենք ընդունում, բայցեւ քննադատության այս դարում հաճույքով չենք քննադատում: Խոսքը Մանե Թանդիլյանի մասին է… Այո, այո, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի մասին:

Օրերս սույն տիկինը հարցազրույց էր տվել ԳԱԼԱ հեռուստատեսության «Կարեւորի մասին» հաղորդաշարին եւ բավականին հետաքրքիր տեսակետ հայտնել այն մասին, թե որտեղից են գալիս Նիկոլի՝ իշխանությունը կորցնելու վախերը: Պարզվում է՝ Ռուբեն Վարդանյանից: Եվ ահա, ըստ Մանե Թանդիլյանի, ՀՀ իշխանությունները սկսել են տվայտվել եւ իրենց ենթակա շրջանակներով քննադատում են Արցախի պետնախարարին: Ես կասեի՝ վատ չէ, բայց, ցավոք, Մանե Թանդիլյանն այսքանով չի բավարարվել եւ անցում է կատարել նախկինների դաշտերը՝ փորձելով մեկ կրակոցով խոցել նաեւ երկրորդ նապաստակը. «Ակնհայտ է՝ իշխանությունների տվայտանքը Ռուբեն Վարդանյանի անձի շուրջ մեկ պատճառ ունի. նրանք իրենց իշխանության համար վտանգ են տեսնում Ռուբեն Վարդանյանի հասարակական-քաղաքական գործունեությունից: Քանի որ այս իշխանությունը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ պահել սեփական իշխանությունը, նրանց բոլոր լարումներն ու հուզմունքը գալիս են հենց այդ հանգամանքից, եւ այստեղ է, որ նրանք տեսնում են վտանգ: Հասկանում են, որ Հայաստանում նախկիններին վերադարձ չի լինելու, հասկանում են, որ ժողովուրդն ունի այդ տրամադրվածությունը, ինչը գովելի է: Այսօր բոլոր տեսակի այլ ուժի կենտրոնացում, որեւէ ձեւաչափով, իշխանությունների համար վտանգ է»:

Եվ ես հիմա տիկին Թանդիլյանին ուղղված հարցեր ունեմ: Որ նախկինին (ոչ թե նախկիններին) վերադարձ չի լինելու, տիկին, առաջինը հայտարարել են իրենք՝ այսպես կոչված «նախկինները»: Այնպես որ, դա օրվա ձախավեր իշխանությունների եւ մանավանդ ձեր հայտնագործությունը չէ: Իսկ թե ինչու եք Դուք կարծում, որ ժողովուրդը «գովելի» տրամադրվածություն ունի «նախկիններին» չվերադառնալու, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Ո՞վ ասաց ձեզ այդ մասին, ժողովո՞ւրդը: Ե՞րբ: 2021թ. հունիսի 20-ի՞ն: Եթե այո, ապա ինչո՞ւ է ժողովրդի 680 հազար քվեին արժանացած ՀՀ իշխանությունը վախենում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից:

Ձեր տրամաբանությունը, տիկին, տրամաբանության հետ այս հարցում աղերս չունի, կարծում եմ:
Մանե Թանդիլյանը նաեւ կարեւոր մի ընդգծում է անում. «Այսօր բոլոր տեսակի այլ ուժի կենտրոնացում, որեւէ ձեւաչափով, իշխանությունների համար վտանգ է»: Սա ՀՀ իշխանությունների դեմ համատեղ պայքարի կոչ է հիշեցնում, բայց դեռ պետք է մի քիչ չարչարվել՝ հասկանալու համար այս ոչ այնքան հայերեն նախադասությունը: Ի՞նչ է նշանակում՝ «բոլոր տեսակի այլ ուժերի կենտրոնացում որեւէ ձեւաչափով»: Ենթատեքստն ինձ հասկանալի է՝ նկատի ունի համախմբման այնպիսի ձեւաչափեր, որոնցում «նախկինները չկան»:

Այդ դեպքում, տիկին Թանդիլյան, բարի եղեք ասել՝ ո՞ւմ հետ եք պատրաստվում համախմբվել, որ Նիկոլն ավելի վախենա ու Ձեր այդ «բոլոր այլ տեսակի ուժերին» զիջի իր իշխանությունը: Հա, ու մեկ էլ չմոռանամ հարցնել՝ իսկ ժողովուրդն ի՞նչ «գովելի տրամադրվածություն» ունի Ձեր ակնարկած «բոլոր տեսակի այլ ուժերի» նկատմամբ, որոնց անուններն անգամ անհայտ են:

Եվ վերջապես՝ իմ գլխավոր հարցերը Մանե Թանդիլյանին.

1. Ռուբեն Վարդանյանը Ձեզ խնդրե՞լ է, արդյոք, փաստաբանություն անել իր համար:

2. Բացարձակապես չե՞ք հետաքրքրվել, թե ինչու «նախկինները», որոնց Դուք չեք տեսնում ապագա համախմբման մեջ, խանդի տեսարաններ չեն սարքում Ռուբեն Վարդանյանի անձի ու առաջընթացի շուրջ, չե՞ք վախենում, որ Ձեր նմանատիպ հայտարարություններով կարող եք վնասել նրան:

3. ՀՀ գործող իշխանությունների դեմ «Ապրելու երկիր» կուսակցության պայքարը ՏԻՄ ընտրությունների «առաջնագծից» այն կողմ չի անցել: Սա, ի դեպ, ժողովուրդն էլ գիտի: Եվ, ուրեմն, ինչո՞ւ եք կարծում, որ կապիտուլյանտին վռնդելու հարցում Դուք ամենաարմատական ընդդիմությունն եք:

4. 2002թ. Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո հայերեն անվանում ունեցող ոչ մի հիմնարկում չեք աշխատել, երկու տարում երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր եք ընտրվել. առաջին անգամ (2017թ.)՝ «Ելք» դաշինքի, երկրորդ անգամ (2018թ.)՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, նախարար եք եղել Նիկոլի կառավարության մեջ: Հիմա եկել, անբռնազբոսիկ կերպով ասոցացվում եք Ռուբեն Վարդանյանի հետ, խոսում եք Արցախը հայկական պահելու մասին ու այնպիսի տոնով, կարծես ոչ թե ձեր «Ելք» դաշինքի Նիկոլը, այլ «նախկիններն» են ասել, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում: Մի քիչ ծիծաղելի չէ՞:

5. Էդմոն Մարուքյանի ցուցակի երկրորդ համարն եք եղել, ճի՞շտ է: Ո՞ւմ հովանու ներքո ստեղծվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ո՞վ էր կազմում այդ կուսակցության ցուցակը, ու այդ ի՞նչ կատու անցավ Էդմոն Մարուքյանի եւ Մանե Թանդիլյանի արանքով, որ ցուցակի առաջին երկու «ամենագաղափարական» համարների ճանապարհները հանկարծ բաժանվեցին: Էդմոնը հիմա մեծ մարդ է, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, այսինքն՝ համարյա իշխանավոր, որ վախենում է իշխանություն կորցնել: Ստացվում է՝ Թանդիլյան Մանեն Էդմոնին «սպառնում ա» Ռուբեն Վարդանյանով: Մի քիչ մութ չէ՞, արդյոք, այս պատմությունը: