Համընդհանուր հայտարարագրումը կբերի արտագաղթի

Համընդհանուր հայտարարագրումը կբերի արտագաղթի

ՀՀ կառավարության առաջարկով Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ է ներդրվելու: Համընդհանուր հայտարարագրման նախագծի քննարկումներին մասնակցող «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ առաջին հայտարարագրումն արվելու է 2024 թվականի ապրիլին, սակայն վերաբերելու է 2023 թվականին:

«Նշանակություն չունի՝ գործարար է, ԱՁ է, տնտեսվարող է, բոլորին է վերաբերում համընդհանուր հայտարարագրումը, բոլորի համար էլ բեռ է հանդիսանալու, իհարկե: Ամեն ինչ հալած յուղի պես չի գնալու՝ խնդիրներ լինելու են, բայց քանի որ օրինագիծը դեռեւս վերջնական տեսքի չի բերվել՝ դեռ աշխատում են դրա վրա, չեմ կարող ասել, թե վերջնական արդյունքում ինչ կլինի: Այս պահին նախագծի հետ մենք համաձայն չենք, քանի որ խնդրահարույց կետեր շատ կան դրա մեջ»,- ասաց Գրիգորյանը:

Գործարարը նշեց, որ այս նախագծի ամենախնդրահարույց կետն այն է, որ նախագիծն ինքնանպատակ է, բեռ է՝ այն տեսքով, որով որ հիմա քննարկման է դրված: «Խնդիր է լինելու նաեւ այն, որ նման քանակությամբ մարդիկ մինչեւ ապրիլի 20-ը պետք է մտնեն եւ հայտարարագիրը ներկայացնեն»,- ասում է Գրիգորյանը եւ հավելում, որ չնայած ՊԵԿ-ը խոստանում է մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելն այդ հարցերը լուծել, սակայն կարողանալո՞ւ են արդյոք այնպես անել, որ առցանց գրանցումների ժամանակ կայքը չխափանվի ու նման ծանրաբեռնվածությամբ աշխատի՝ պարզ չէ: «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահը նկատում է, որ պետությունը չի կարողացել ID քարտեր տրամադրել մարդկանց, իսկ հայտարարագիր ներկայացնելու համար ID քարտեր են անհրաժեշտ լինելու, էլեկտրոնային ստրագրություններ են պետք լինելու, իսկ այդ ամենը խնդիրներ են, ու դրանք այսքանով չեն սահմանափակվում:

«Նպատակը, թե ինչ են ուզում, սրանով ինչի են ուզում հասնել, ինչ է լինելու՝ ավելի բացահայտ, ավելի պարզ պետք է լինի: Հարցերը շատ-շատ են, եւ այդ ամենը հիմա քննարկումների փուլում է»,-նկատեց մեր զրուցակիցը: Մեր հարցին, թե հայտարարագրվածի ճշմարտացիությունն ինչպես է ստուգվելու՝ մարդն արդյոք բոլոր եկամուտնե՞րն է հայտարարագրել, թե ոչ, ասաց, որ դրա համար կան համաշխարհային գործիքներ, որոնց կազմը ՊԵԿ-ը շատ շուտով՝ օրենքն ուժի մեջ մտնելուն պես, կսկսի կիրառել: «Ժամանակի ընթացքում կհամեմատեն բանկային տրանսֆերտները, մի հինգ տարի հետո կհամեմատեն Ձեր ծախսերի հետ, եւ երբ անհամապատասխանություններ լինեն այդ ամենում, արդեն հարկային մարմիններն առանձնահատուկ ձեւով կզբաղվեն այդ գործով»,- նշեց գործարարը: Այսինքն, եթե մարդն ԱՄՆ-ից մի քանի հարյուր դոլար փող է ստանում, բանկից ստացված տեղեկատվության շնորհիվ դրանք եւս կհարկվեն, եւ մարդը ստիպված կլինի դրա մոտ 20 տոկոսը վճարել պետությանը։

Մեր հարցին, որ տնտեսական ծանր վիճակում հայտնված, սոցիալական սուր խնդիրներ ունեցող հանրության պարագայում նմանատիպ նախագիծը տպավորություն է ստեղծում, որ քաղաքացին պարզապես տուգանքի «մատերիալ» է դառնում, Սամսոն Գրիգորյանն ասաց, որ իշխանություններն այս նախագծի անհրաժեշտությունը մեկնաբանում են կորոնավիրուսի, պատերազմի առաջացրած հետեւանքներով: «Նրանք պատճառաբանում են, որ արտաքին պարտքն աճում է այն պատճառով, որ մենք չենք կարողանում հարկերը նորմալ հավաքագրել, մենք ունենք հարկերի խնդիր, եւ այս գործիքներն են օգտագործում, բայց երբ մենք մեր տեսակետից ենք նայում Հայաստանի բնակչությունը, Հայաստանի տնտեսվարողը, աշխատողն այն վիճակում չեն, որ այսպիսի սրընթաց մակարդակներով չորս կողմից հարկեր բարձրանան»,- ասաց գործարարը՝ հիշեցնելով, որ այս ընթացքում Հայաստանում թանկացել են նաեւ գույքահարկը, ակցիզային հարկերը, հարկային բեռն անկանխիկի տեսքով է ավելացել:

«Մենք ասում ենք, որ դուք շատ կարճ ժամանակահատվածում շատ եք հարկեր եւ տուրքեր բարձրացնում եւ փորձում եք սեղմել դրամաշրջանառության կոկորդը, որը հնարավոր է նաեւ վատ հետեւանքների բերի, ու կարծում եմ՝ կբերի: Ամենավատ հետեւանքն արտագաղթը կլինի»,- եզրափակեց Սամսոն Գրիգորյանը: