Տարածքը ոչ թե կխնամեն, այլ կզարգանա ինչ-որ մեկի բիզնեսը. Սիլվա Ադամյան

Տարածքը ոչ թե կխնամեն, այլ կզարգանա ինչ-որ մեկի բիզնեսը. Սիլվա Ադամյան

Մեկ ամիս առաջ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հայտարարել էր «Ջրվեժ» քաղաքային պարկի համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման հրավեր։ Ըստ նախագծի՝ պարկի տարածքում նախատեսվում է կառուցել էկոլոգիապես բնական հումքից մանկական խաղահրապարակներ, սպորտային միջոցառումների կազմակերպման չափանիշներին համապատասխան վազքուղի, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի մինի խաղադաշտեր, սքեյթի խաղահրապարակ, ժամանակակից պահանջներին համապատասխան ավտոկայանատեղի։ Նախատեսված են նաև ձմեռային հանգստի կազմակերպման ենթակառուցվածքներ՝ դահուկային երթուղիներ, սահադաշտ, սահքուղիներ։ Լինելու են ջերմոցներ, որտեղ աճեցվելու են բույսեր, այդ թվում նաև անտառային ծառատեսակներ։ Նախատեսված են նաև արվեստի գոտի, դասընթացների կազմակերպման գոտի և թեմատիկ այլ անկյուններ։

«Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ն մրցույթում հաղթող ընկերությունն է, ում կողմից կիրականացվի այս ծրագիրը: Վերջին քննարկման ժամանակ, որքան էլ ՍՊԸ-ի ներկայացուցիչները վստահեցնում էին, որ ճարտարապետական ժամանակակից լուծումները և մտահղացումները հնարավորություն կտան, չվնասելով բնությունը և միջավայրը, ինչպես նաև օգտագործելով արդեն իսկ գոյություն ունեցող կառույցները, ստեղծել ժամանցի լավագույն վայր, բնապահպաններն այլ կարծիք ունեն:

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ տարածքը համարվում է հատուկ պահպանվող տարածք, եւ չպետք է թույլ տալ, որ այդ հատվածում բիզնես զարգացնեն.

«Մենք նամակ ենք հղել, հասկանալու համար ի վերջո ինչ լինելու այդ տարածքում, նամակի պատասխան դեռ չկա: Եթե այդ տարածքը, ինչպես իրենք են ասում՝ բարելավեն, մենք տարիների փորձ ունենք, ապա այդ այգու ծառերից շատ քիչ բան կմնա, կսկսեն աճել սրճարաններ, խաղահրապարակներ, եւ այսպես այգին վեր է ածվելու ժամանցի վայրի: Ջրվեժի պարագայում ավելի վատ կլինի, սա ուղղակի այգի չի՝ անտառապուրակ, է դա մի հրաշք տեղ է: Սրանից տարիներ առաջ պետք է օտարեին ինչ- որ մի մասը, եւ մենք ուսումնասիրություն արեցինք, հաշվարկ արեցինք, թե որքան թռչուն կա անտառային տարածքում: Այգին անմիջապես կպած է քաղաքին, ես, որպես բնապահպան դեմ եմ, չեմ էլ ուզում լսել դրա մասին: Որպես անտառային պուրակ պետությունը պետք է պահպանի այդ տարածքը, ես կարծում են, որ մեր կառավարությունը այդ հնարավորությունը ունի: Մարդ մտնում է բնության մեջ եւ սկսում հանգստանալ: Մենք բոլորս հարցը բարձրացրել ենք, դեմ եմ, որպեսզի Ջրվեժի պուրակը իրենց ներկայացնելով՝ խնամվի: Այդ տարածքը ոչ թե կխնամեն, այլ աստիճանաբար կզարգանա ինչ-որ մեկի բիզնեսը»: