Նիկոլ Փաշինյանն օպերատիվ հրդեհաշիջման աշխատանք է կատարում

Նիկոլ Փաշինյանն օպերատիվ հրդեհաշիջման աշխատանք է կատարում

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:

- Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ակտիվ այցեր է կատարում արևմտյան երկրներ, վերջին մեկ ասում մեկնեց Գերմանիա (Մյունխեն), հետո Ֆրանսիա, ապա Հունաստան: Այդ հանդիպումներն ի՞նչ կարող են տալ Հայաստանին: Ենթադրվում է, որ Փաշինյանը որոշակի ակնկալիքներ ունի այդ այցերից:

- Բարդ է ասելը, թե կոնկրետ ինչ են տալիս այդ այցերը ՀՀ-ին: Նախ պետք է ծանոթ լինենք բովանդակությանը, թե ինչ առարկայական և տեսանելի հարցեր են քննարկվում: Մենք առայժմ կարող ենք արձանագրել միայն հայ-ֆրանսիական ռազմական գործակցության բավականին համեստ մեկնարկը: Արևմտյան այցերի գլխավոր նպատակը, իմ գնահատմամբ` Արևմուտքի հանդեպ այնպիսի միջավայր ձևավորելն է, որը կբարձրացնի արևմտյան դերակատարների պատասխանատվությունն Ադրբեջանին զսպելու իմաստով: Հաշվի առնելով այն, որ ռուսական զսպման մեխանիզմները մեր ռեգիոնում վաղուց արդեն թույլ են աշխատում և շատ թույլ էֆեկտիվություն ունեն, պետք է նաև հաշվի առնել, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի հետ պատերազմով: Հայաստանն իր քայլերով փորձում է հասնել նրան, որ Արևմուտքն իր պատասխանատվությունը բարձրացնի` Հայաստանի շուրջ կայուն միջավայր ստեղծելու համար: Բայց թե ինչքանով է դա ստացվում, ինչքանով է այդ մոտիվն արդարանում, բարդ է ասելը: Համոզված եմ, որ Արևմուտքը ոչ մի ցանկություն չունի առարկայական պատասխանատվություն կրելու:

- Այսինքն` խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները մղվել են հետին պլան, առաջին պլան են եկել Ադրբեջանի ագրեսիան խեղճությամբ զսպելու ճիգերը:

- Ես կառանձնացնեմ երկու բաղադրիչ. նախ հրապարակային հայտարարությունները, որոնց մասին խոսում են Հայաստանի իշխանությունները, երկրորդ` իրականության զգացումն ու պատկերացումները: Եթե Հայաստանի իշխանություններն իրապես հավատում են այն հռետորաբանությանը, որոնք կիրառում են, եթե իրապես հավատում են խաղաղության պայմանագրի օրակարգին, սա լրջագույն խնդիր է, բայց ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի իշխանություններն այնքան միամիտ են, որ հավատում են խաղաղության պայմանագրի իրատեսականությանը: Չեմ կարծում, որ այդքան միամիտ են: Իմ գնահատմամբ` անվտանգության ռիսկերը կառավարելու, կայունության ռիսկերը լուծելու նպատակով հռետորաբանությունը խաղաղության թեմայով էր: Գործնական առումով, ինձ թվում է, իշխանությունների պատկերացումներն այլ են: Այստեղ խնդիրն այն է, թե Հայաստանը գործնական իմաստով ինչպիսի քայլեր է ձեռնարկում իր ներքին պաշտպանունակության ինքնաբավությունը բարձրացնելու համար:

- Ադրբեջանը ԵԽԽՎ-ից առնվազն մեկ տարով վտարվեց: Դատելով տեղեկատվությունից, Բաքվի բռնապետն այդ հանգամանքը ծանր է տարել ու անգամ Էրդողանին է դիմել` վերականգնվելու համար: Սա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել պաշտոնական Բաքվի գործողությունների վրա:

- Մի փոքր դժվար եմ պատկերացնում, որ ԵԽԽՎ-ում քվեարկության մանդատի մեկամյա չեղարկման հարցն այնպիսի մեծ նշանակության հարց է, որին Էրդողանն է խառնվել: Մի փոքր կասկածում եմ դրան: Կասկածում եմ նաև, որ այդ հանգամանքն էապես մտահոգել է Ադրբեջանին: Կարծում եմ` իրական քաղաքական ռեժիմում Ադրբեջանի և արևմտյան դերակատարների փոխհարաբերությունները, մեղմ ասած, այնպիսին չեն, ինչպիսին կարող են ստացվել վերոնշյալ որոշումներից, նույնիսկ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերից: Մենք գիտենք, որ նրանք մի շարք բանաձևեր են ընդունել Ադրբեջանի դեմ, սակայն դրանք իրականության մակերեսի վրա մնացին միայն, իսկ խորքում` իրականությունն այլ է: Ադրբեջանի և արևմտյան գործընկերների փոխհարաբերություններն իրականում այլ տրամաբանության մեջ են, քան կարող են թվալ հրապարակային տիրույթում:

- Իսկ ի՞նչ հարաբերություններ են դրանք իրականում:

- Գործնական հարաբերություններ են: Նորություն չէ, որ ունեն էներգետիկ ծրագրեր, բայց խնդիրը միայն դա չէ: Պետք է նաև արձանագրել, որ արևմտյան մի շարք դերակատարների համար Ադրբեջանն ունի էական նշանակություն` «Կասպիցի ռեգիոնի» տեսանկյունից, Ռուսաստանի և Իրանի միջև սեպ դիտարկվելու տեսանկյունից և այլն: Սրանք են ձևավորում շահեր և մենք իրավիճակը պետք է գնահատենք այս գործոններից ելնելով: Պետք է հասկանալ, թե հրապարակային հայտարարություններն ու ելույթներն ինչ ազդեցություն են թողնում իրականում Ադրբեջանի և Արևմուտքի միջև: Չեմ ասում, թե դրանք աննշան բաներ են, սակայն այն աստիճան կարևոր էլ չեն, որ դրանց խառնվի Էրդողանը:

- Տեղեկություններ կան, որ Փաշինյանը պնդել է, որ Վլադիմիր Զելենսկուն կարող են ընդունել միայն այն դեպքում, եթե դա տարածաշրջանային այց լինի` Զելենսկին այցելի նաև Ադրբեջան: Ի վերջո` ո՞ր ուղղությամբ է գնում Փաշինյանը և ի՞նչ նպատակով:

- Ես այս իշխանության ներքին տրամադրությունները չեմ հասկանում: Իմ կարծիքով` Փաշինյանը հիմա փորձում է օպերատիվ հրդեհաշիջման նման աշխատել` անվտանգության ռիսկերը զսպելու իմաստով: Բնական է՝ դրան զուգահեռ կան նաև պրոցեսներ, որոնք առնչվում են Հայաստանին, իսկ Հայաստանը չի կարող չառնչվել դրանց: Եթե կոնկրետ Զելենսկու այցի մասին խոսենք, ապա դա Հայաստանի առաջ դրվող մի իրավիճակային հանգամանք է, որով արևմտյան դերակատարները փորձում են մեզ դնել հավատարմության երդման անհրաժեշտության առաջ: Արևմուտքում չկա պատրաստակամություն Հայաստանի հանդեպ ստանձնել անվտանգային առարկայական պատասխանատվություն: Պետք է ստեղծել իրավիճակներ, որոնք կբերեն հարաբերական իրողությունների: Զելենսկու այցն այդ իրողությունների մեկ դրվագն է: Կարծում եմ` այդ այցն արժանանում է շատ ավելի մեծ ուշադրության, քան կարող էր:

- Բայց Ֆրանսիայի հետ նոր ռազմական համագործակցությունն այս իշխանությունները ներկայացնում են որպես՝ անգամ ՌԴ-ին ալտերնատիվ տարբերակ:

- Այդտեղ հարց է առաջանում, թե որքանով են հուսալի զենքի մատակարարման ուղիները: Մենք գիտենք, որ Ֆրանսիայից դեպի Հայաստան ճանապարհն անցնելու է Վրաստանով: Այստեղ հարց է առաջանում. Վրաստանը Հայաստանին ռազմատեխնիկական մատակարարումների առումով հուսալի՞ տարբերակ է: Առանցքային հարցն այնուամենայնիվ այն է, թե արդյո՞ք զենքի մատակարարումն ապահովելու է Հայաստանին բավարար պաշտպանվածություն ունենալու համար: