Խնամքի եւ հիգիենայի միջոցներ, որոնք քաղցկեղ են առաջացնում

Խնամքի եւ հիգիենայի միջոցներ, որոնք քաղցկեղ են առաջացնում

ԱՄՆ-ի էնդոկրինոլոգների ազգային միությունը հինգ տարի առաջ հրապարակեց կենցաղային քիմիական նյութերի եւ անձնական խնամքի միջոցների մեջ մտնող 15 նյութերի ցանկ, որոնք կարող են առաջացնել քաղցկեղ, շաքարային դիաբետ, ճարպակալում։ Ավելի ուշ արդեն առանձնացվեց մոտ քառասուն հինգ նման միացություններ։ Առաջին անգամ այս մասին գիտնականները խոսեցին 2001 թվականին՝ զգուշացնելով, որ գելերի, լոսյոնների եւ այլ անձնական հիգիենայի պարագաների կազմում եղած միացությունները կարող են հայտնվել ջրում, օդում, սննդի մեջ եւ վնասել մարդկանց ու կենդանիներին։ Մոտ քսան տարի անց վտանգավոր միացությունները հայտնաբերվեցին սննամթերքի, խմելու ջրի, դելֆինների օրգանիզմում եւ ԱՄՆ-ի բնակչության մեծ մասի արյան մեջ։ Մարդկանց մոտ այն կարող է առաջացնել ներզատիչ համակարգի լուրջ խնդիրներ։ Ամբողջացնելով մի շարք հետազոտությունների արդյունքներ՝ գիտնականները պարզեցին, որ ամբողջ այդ քիմիան հանգեցնում է անպտղության, վահանաձեւ գեղձի հիվանդությունների, շաքարային դիաբետի, ճարպակալման, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման։

Ամերիկացի հետազոտողները զգուշացնում են, որ վտանգավոր են ոչ միայն ամանի լվացման հեղուկները, գելերը, լոսյոնները, կոսմետիկան, այլ նաեւ ատամի թելերն ու խոզանակները։ Նրանցում եւս պարունակվում են պոլիֆտորալկիլային միացություններ, որն էլ ատամի թել օգտագործողների մոտ բարձրացնում է վահանաձեւ գեղձի, ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ինչ վերաբերում է ատամի խոզանակներին, ապա երեք ամիս նույն խոզանակով ատամների լվացման դեպքում խոզանակի մազերի մեջ առաջանում են միկրոճաքեր, որտեղ կուտակվում է տրիկլոզանը։ Այն երբեմն ավելացնում են ատամի մածուկների մեջ, քանի որ նրա քիչ քանակությունը պաշտպանում է լնդերը բորբոքումից։ Այս դեպքում օրգանիզմ է ընկնում տասը անգամ ավել տրիկլոզան, որի մեծ քանակությունը կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ։ Այդ պատճառով խոզանակը պետք է փոխել երեք ամիսը մեկ եւ չչարաշահել ատամի թելի օգտագործումը։

Բիսֆենոլները եւ այլ քիմիկատները վնասակար ազդեցություն են ունենում նաեւ ինտելեկտի զարգացման վրա։ 26 քիմիական միացությունների քանակը չափելու համար երեք ամիս շարունակ գիտնականները հետազոտել են 718 շվեդ հղի կանանց արյունը եւ մեզը, որից հետո հետեւել են նաեւ նրանց ծնված երեխաներին: Արդյունքում, երբ երեխաները դարձան յոթ տարեկան, ամենից ցածր ինտելեկտի գործակից ունեին այն երեխաները, ում մայրերի մոտ հղիության ժամանակ ամենից բարձրն էր այդ քիմիական միացությունների ցուցանիշը։ Չնայած այդ միացությունները օրգանիզմում այնքան երկար չեն մնում, սակայն դա արդեն իսկ բավական է երեխային վնասելու համար։