«Հրապարակ». ԲԴԽ-ում քննարկում են Վարդազարյանից ազատվելու հարցը

«Հրապարակ». ԲԴԽ-ում քննարկում են Վարդազարյանից ազատվելու հարցը

ԲԴԽ-ում այս օրերին Ռուբեն Վարդազարյանից վերջնականապես ազատվելու տարբերակներ են մշակում։ Մի քանի օր առաջ Վարդազարյանն իր էջում խորհրդավոր գրառում էր արել․ «Ջհանգիրյան, առաջարկդ մերժում եմ»։ Նա չի ցանկանում մեկնաբանել, թե ինչ առաջարկի մասին է խոսքը, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ ԲԴԽ նախագահի ԺՊ-ի կողմից Վարդազարյանին առաջարկվել է դիմում գրել եւ ազատվել ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ դրա դիմաց խոստանալով, որ իր դեմ հարուցված քրեական գործը կկարճեն, սակայն Վարդազարյանը մերժել է առաջարկը։

Եվ քանի որ Վարդազարյանը մերժել է այդ «մեծահոգի» առաջարկը, մեզ հասած տեղեկությամբ, նրանից ազատվելու նոր մեթոդ են մշակել։ Հիշեցնենք․ նրա դեմ քրգործ են հարուցել՝ արդարադատությանը միջամտելու մեղադրանքով, որը լռվել է դատարանում՝ չեն կարողանում ապացուցել եւ դատավճիռ կայացնել։ Սակայն այդ մեղադրանքը բավարար եղավ, որ այդ հիմքով առժամանակ կասեցվեն ԲԴԽ նախագահի  լիազորությունները՝ մինչեւ դատական գործընթացի ավարտը, եւ նրա փոխարեն Գագիկ Ջհանգիրյանին, դարձյալ օրենքի խախտմամբ, ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակեն։ Բայց դա էլ չբավարարեց իշխանություններին․ նրանք ուզում են ամեն գնով Ռուբեն Վարդազարյանից ազատվել, որ վաղը, անկախ դատարանի կայացրած որոշումից, նա շանս չունենա վերադառնալու ԲԴԽ։

Ու քանի որ Վարդազարյանը մերժել է Ջհանգիրյանի առաջարկը, որոշել են նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել՝  զրկել ԲԴԽ նախագահի լիազորություններից։ Առիթն էլ, մեր տեղեկություններով, մայիսի 10-ին Armdaily.am կայքին տված  հարցազրույցն է՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի հետ կապված։ Վարդազարյանը Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ կարծիք է հայտնել․ «Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»։ ԲԴԽ-ում կարծում են, որ նա, կարծիք հայտնելով Սահմանադրական դատարանի այս որոշման վերաբերյալ, խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը։ Նկատենք նաեւ, որ խոսքը Գագիկ Ջհանգիրյանին վերաբերող հարցով կայացրած որոշման մասին է, եթե ՍԴ-ի կայացրած այլ հարցով Վարդազարյանը կարծիք հայտներ, Ջհանգիրյանը գուցե այսպես շահագրգռված չլիներ կարգապահական վարույթ հարուցելու իր թիվ մեկ ախոյանի դեմ՝ այսքան անթաքույց եւ ակնհայտ միտումով, որպեսզի նրան զրկեն ԲԴԽ նախագահի լիազորություններից։

Վարդազարյանը երեկ մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը, բայցեւ չցանկացավ մանրամասնել սրա վերաբերյալ․ «Ես էլ եմ նման լուրեր լսել, բայց չեմ ուզում հավատալ, որ նման բան կանեն»։ Նշենք, որ ԲԴԽ-ում այդպիսի ընթացակարգ կա․ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով՝ ԲԴԽ երեք անդամ կարող է չորրորդի նկատմամբ վարույթ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ։ Մենք կրկին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վարդազարյանից, թե ինչ առաջարկ է արվել իրեն Գագիկ Ջհանգիրյանի կողմից, որն ինքը մերժել է, սակայն նա հրաժարվեց մեկնաբանել։

ԲԴԽ մեր աղբյուրները հայտնեցին, որ Վարդազարյանին «գահընկեց» անելու խոսակցություն ներքին աշխատանքային կարգով իսկապես եղել է՝ մոտ մեկ շաբաթ առաջ են այդ հարցը քննարկել, սակայն դեռ առարկայական որեւէ բան չկա, առայժմ քննարկում են՝ արժե՞, թե՞ ոչ, կամ հիմք կա՞ վարույթ հարուցելու, քանի որ ոչ բոլորն են միակարծիք, որ Վարդազարյանի տված հարցազրույցում դատավորի չեզոքության սկզբունքի խախտում կա։ Բացի այդ, դեռ պետք է որոշվի, թե Բարձրագույն դատական խորհրդի որ երեք անդամն են ստանձնելու այդ «կեղտոտ գործը»՝ միջնորդությամբ հանդես գալ իրենց գործընկերոջ դեմ, որին անարդարացիորեն հետապնդում են, եւ որի հանդեպ իրենք մեկ անգամ արդեն ազնիվ չեն եղել՝ հավանություն տալով նրա հետապնդմանը եւ լիազորությունների ապօրինի կասեցմանը։