2024 թվականին նոր ԽՍՀՄ-ի կազմի մե՞ջ

2024 թվականին նոր ԽՍՀՄ-ի կազմի մե՞ջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծադիր նկարները` «Հավերժ միասին» (Նավեկի վմեստե) գրառումներով, հայտնվեցին նախ Գյումրիում (գաղափարն իբրեւ թե կոմունիստ Երջանիկ Ղազարյանինն է, որը պաստառների ծախսերը հոգացել է իր գրպանից), ապա նաեւ հանրապետության մյուս շրջաններում, վերջերս նաեւ՝ Գավառի ճանապարհին։

Պատահականությո՞ւն է։ Իհարկե՝ ոչ։ Դրանից առաջ` մայիսի 2-ին, Կրեմլի տեսակետներն արտահայտող «Ռեգնում» գործակալությունը տպագրել էր Արտաշես Գեղամյանի «Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական կազմ» վերտառությամբ ծավալուն հոդվածը։ Ամռանն արդեն լուրեր տարածվեցին, որ հուլիսի 10-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է Հայաստանի՝ ՌԴ-Բելառուս միութենական պայմանագրին միանալու հարցը։ Rbc.ru-ն հաղորդեց, որ ԵԱՏՄ-ում արդեն իսկ կա պայմանավորվածություն՝ 2025 թվականին տալ 5 երկրների միասնական նավթագազային եւ էներգետիկ շուկայի մեկնարկը, իսկ պայմանագիրը ստորագրել 2022-ին։ 

ՌԴ նախագահ Պուտինին տարբեր ժամանակներում վերագրվել է երազանք՝ վերականգնելու ԽՍՀՄ-ը, առայժմ՝ փուլային տարբերակով: Այնպես, որ մինչեւ 2024 թվականը միութենական պայմանագրի ներքո հավաքվեն ԵԱՏՄ կազմի մեջ մտնող 5 երկրները՝ ՌԴ, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան։ Պուտինը, որը մի քանի օր առաջ համակարգում էր ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը, թուլություն ունի խորհրդանշական տարեթվերի նկատմամբ, իսկ 2022-ին լրանում է ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակը: 1920-22 թթ․ Խորհրդային Ռուսաստանի եւ նախկին հանրապետությունների միջեւ կնքվեցին արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ տնտեսական գործունեության բնագավառում համագործակցական պայմանագրեր, որոնք տրամաբանական դարձրին ՍՍՀՄ ստեղծումը։ 

2021թ․ սեպտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Բելառուս-ՌԴ միութենական պայմանագրի 28 փաստաթղթերից բաղկացած ծավալուն իրավապայմանագրային փաթեթը, որով կարգավորվելու են Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքականության բոլոր ոլորտները․ հարկային, մաքսային, դրամավարկային, գազային, նավթի եւ հոսանքի միասնական շուկայի օրենսդրություն։ Փաթեթը, ամենայն հավանականությամբ, կառաջարկվի նաեւ Հայաստանին։

Մինչեւ 2022-ի դեկտեմբեր, այսինքն՝ 1 տարում, ՌԴ եւ բելառուսական կենտրոնական բանկերը, ընդհանուր դրամավարկային քաղաքականության համար, կկնքեն համաձայնագիր, որը կստեղծի «համանման ֆինանսական պայմաններ» երկու երկրների տնտեսությունների համար, ինչպես նաեւ «գնաճի համադրելի եւ կայուն ցածր մակարդակ»։ Մոսկվան եւ Մինսկը պետք է միմյանց հետ համաձայնեցնեն ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությունները, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում հաշիվների բացման եւ արտարժութային գործառնությունների ոլորտների օրենսդրությունը։ Ժամկետները պայմանագրում դեռ նշված չեն։

ՌԴ-ն եւ Բելառուսը միասնական քաղաքականություն են վարելու արագ վճարային գործարքների, ֆինանսական հաղորդումների փոխանցման եւ շուկայի վերահսկողության հարցում եւս։ Եվ վերջապես՝ կողմերը պետք է պայմաններ ապահովեն իրենց երկրներում գործող ընկերությունների «համադրելի համակարգված ֆինանսական հաշվետվողականության» հարցում։ Երկրները պետք է ստեղծեն նոր օրգան՝ Հարկային հարցերով միասնական պետության կոմիտե, որն ունենալու է խորհրդատվական բնույթ։ Անուղղակի հարկերի հավաքագրման սկզբունքների շուրջ կնքվելու են պայմանագրեր։ Սա վերաբերելու է նաեւ Ավելացված արժեքի հարկին։ Գազ, նավթ եւ էներգետիկա․ 2022-ի հուլիսին ՌԴ-ն ու Բելառուսը պետք է համաձայնեցրած լինեն հարցը, թե ինչպես է աշխատելու 2 երկրների գազային միացյալ խողովակաշարը։ Ժամկետների եւ դրանց ներդրման սկզբունքների մասին որոշումը պետք է ընդունվի մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 1-ը։ Մինչ այդ Մոսկվան ու Մինսկը պետք է իրենց գործողությունները համակարգեն Բելառուսում գազի սակագնի գնագոյացման ուղղությամբ, ստորագրեն պայմանագրեր էլեկտրաէներգիայի, նավթի ու նավթամթերքի միասնական շուկաների վերաբերյալ։ Համաձայն ԵԱՏՄ-ում արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունների՝ միասնական նավթագազային եւ էներգետիկ շուկաների մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 2022-ին, իսկ 2025-ին տալ 5 երկրների՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, միասնական շուկայի մեկնարկը։

Ամրագրվում է նաեւ երկու երկրների ընկերությունների հավասար հասանելիությունը պետպատվերին եւ պետգնումներին։ Տրանսպորտի ոլորտում․ ռուսաստանյան եւ բելառուսական ինքնաթիռների համար պետք է ներդրվեն օդանավակայանների եւ աէրոնավիգացիոն միասնական ծառայություններ։ Միասնականացվելու է նաեւ երկաթուղու սակագնային կարգավորումը։ Բելառուսի եւ ՌԴ նավերը միութենական պետության ներքին տարածքում լողալու են միասնական սկզբունքներով։ Ռոումինգը երկու երկրների միջեւ կվերացվի։ Նաեւ ենթադրվում է ներդաշնակեցում պետական ծառայությունների, էլեկտրոնային ստորագրությունների միասնական օգտագործման ոլորտում։

Մինչեւ դեկտեմբերի 31-ը կստորագրեն պայմանագիր` սպառողական միասնական շուկայի իրավունքների պաշտպանության մասին, առեւտրի եւ հասարակական սննդի ոլորտների վերաբերյալ եւս միասնական պահանջներ կսահմանվեն։ Նախատեսվում է փոխադարձաբար ճանաչել պարտադիր մակնշման ենթակա ապրանքները, իսկ այս պահին պարտադիր մակնշման ենթակա են դեղորայքը, ծխախոտը, պարֆումերիան, կաշվե իրերը եւ այլն։ Գործելու են նաեւ միասնական օրենքներ զբոսաշրջային գործունեության ոլորտում։